Եգիպտոսում շարունակվում են բախումները. ավելի քան 200 վիրավոր կա/վիդեո/
Ավելի քան 200 մարդ է տուժել Եգիպտոսում` նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով, հաղորդում է “AFP”-ը: Նախագահական նստավայրի մոտ նրանք միմյանց վրա քարեր եւ վառելանյութով շշեր են նետել: Նաեւ բազմաթիվ ավտոմեքենաներ են հրկիզվել:
Դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակման ջոկատները, սակայն նրանց չի հաջողվել դադարեցնել բախումները: 2 կողմից բախումներին մասնակցում են մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ:
Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ Մուրսիի կողմնակիցները գրոհել են նախագահական նստավայրի մոտ ապստամբների կառուցած վրանային ճամբարի վրա:
“Մուսուլման եղբայրներ” շարժման ղեկավարությունը, Եգիպտոսի կառավարության ղեկավարը, ինչպես նաեւ ազդեցիկ կրոնական առաջնորդները կոչ են արել ցուցարարներին դադարեցնել իրենց ակցիաները, սակայն ոչ ապստամբները, ոչ էլ Մուրսիի կողմնակիցները չեն լսել նրանց հորդորները:
Զանգվածային բողոքի ակցիաներն սկսեցին 2 շաբաթ առաջ, երբ Մուրսին փոփոխություններ ներմուծեց Սահմանադրական հռչակագրի մեջ, որոնք ընդարձակում են իր լիազորությունների շրջանակը: