Նապոլեոնի մոտ կովկասյան արմատներ են հայտնաբերվել
Ֆրանսիացի գենետիկ Ժերար Լյուկոտը Նապոլեոն Բոնապարտի մոտ կովկասյան արմատներ է հայտնաբերել` հետազոտելով կայսեր եւ Բոնապարտների ցեղի այժմյան ներկայացուցչի ԴՆԹ-ն: Այս մասին հայտնում է “Figaro” պարբերականը: Գենետիկը, որն իրեն մոլեկուլային անթրոպոլոգիայի հիմնադիրն է համարում, արդեն 3 տարի աշխատում է կայսեր ԴՆԹ-ի վրա: Ինչպես նշել է հրատարակչությունը, ԴՆԹ-ի ավելի մանրամասն ուսումնասիրության դեպքում գիտնականները կարող են նաեւ պարզել Նապոլեոնի մահվան պատճառը, եթե հայտնաբերվեն գենետիկ հիվանդությունների նշաններ:
Բացի այդ, նոր հայտնագործությունները եւ ավելի մանրամասն հետազոտության անհրաժեշտությունն արդարացնում են գիտնականների պահանջը` բացելու Նապոլեոնի դագաղը: Մինչ այժմ ֆրանսիական կառավարությունը հրաժարվել է անել այդ, որպեսզի վերջ դնի այն տարաձայնություններին, որոնց համաձայն նրա գերեզմանը կամ դատարկ է, կամ մեկ ուրիշն է այնտեղ: Այլ գենետիկներ խոստովանել են կատարված աշխատանքի լրջությունը, սակայն նշում են, որ արդյունքները պետք է ստուգել նաեւ մեկ ուրիշ լաբորատորիայում: Շատերին հուզում է այն փաստը, որ Լյուկոտը մենակ է աշխատել: