25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սումգայիթ. սովորական ցեղասպանություն

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը մեկնաբանություն է տարածել սումգայիթյան դեպքերի առնչությամբ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ

1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:

         Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած  հայատյաց քաղաքականության մարմնացումը: Ինտերնացիոնալ Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր`  խափանել հիմնախնդրի հնարավոր լուծումները, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արյունահեղություններով և ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից: Տասնյակ մարդիկ են սպանվել սադիստական դաժանությամբ, որոնց մի զգալի մասը ողջակիզվել են ծեծի, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվելուց հետո: Հարյուրավոր մարդիկ դարձել են հաշմանդամներ և այդպիսին կմնան ողջ կյանքում, հազարավորները դարձան փախստականներ…

“Ստալինյան գազանություններից հետո,- այն օրերին գրել են մոսկվացի մի խումբ գիտնականներ` հայաստանցի բարեկամներին ուղղված իրենց “Բաց նամակում”,- մեր երկրում  չի եղել մի այնպիսի բան, որն  այսչափ  հետ  շպրտեր մեզ` քաղաքակրթությունից դեպի վայրենություն”:

Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված է եղել ամենայն մանրամասնությամբ, այդ թվում` գաղափարախոսական և հոգեբանական տեսակետներից: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված` խառնամբոխի հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բացեիբաց կոչում  էին  բռնությունների`ընդդեմ բանակի:

Փետրվարի 27-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարքների: Եթե կուսակցության Սումգայիթի քաղկոմի շենքի դիմաց անցկացված առաջին “հանրահավաքին” ներկա էին մինչև 50 հոգի, ապա հաջորդ օրը մասնակիցների թիվը հասավ մի քանի հազարի: Իր ելույթում կուսակցության քաղկոմի երկրորդ քարտուղար Մելեք Բայրամովան պահանջեց, որպեսզի հայերը հեռանան Ադրբեջանից, իսկ ադրբեջանցի բանաստեղծ Խըդըր Ալովլուն իր ճառն ավարտեց հետևյալ կոչով.”Մահ հայերին”:

Տրիբունայում քաղաքի ղեկավարության կողքին կանգնած էին նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և պատահական չէ, որ ջարդերի օրերին արձանագրվեցին ներքին գործերի աշխատակիցների անգործության և անհոգի պահվածքի աննախադեպ փաստեր:

Մեջբերենք մի հատված 18/60233 քրեական գործից ըստ Ահմեդ Իմանի օղլի Ահմեդովի, Իլհամ Ազադ օղլի Իսմայլովի, Յավար Գիյաս օղլի Ջաֆարովի դեմ հարուցված մեղադրանքի. “Փաստաբան Շապոշնիկովայի  հարցին,  “Ինչու չեք զանգահարել Ձեր հորը, որն այդ ժամանակ ծառայության մեջ էր, և չեք պատմել թե ինչ է կատարվում ձեր թաղամասում”, վկա Դ.Զարբալիևը /վկայի հայրը աշխատում էր Սումգայիթի միլիցիայում/ պատասխանել է.”Իսկ ես ինչու պիտի զանգեի: Միլիցիան այդ մասին գիտեր, բոլորը գիտեին այդ մասին: Չէ որ դա ջարդերի առաջին օրը չէր”:

Հանրահավաքներին բացահայտ կերպով ձևավորվում էր զանգվածային հոգեկան գրգռվածության և հիստերիայի մթնոլորտ: Տրիբունաներից մահմեդականներին կոչում էին պարտքի` համախմբվել “անհավատների դեմ պատերազմում: Ֆաշիստական կոչերից բորբոքված, բեռնատարներից անվճար բաժանվող սպիրտային խմիչքներից տաքացած, թմրանյութերից մոլեգնած ջարդարարները, համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ, մի նոր թափով սկսեցին հայերի բնակարանների զանգվածային ջարդերը, նրանց զանգվածային ծեծը, սպանությունները, որոնք շարունակվեցին մինչ ուշ գիշեր: Ամբոխին առաջնորդում էր ոչ այլ ոք, քան կոմկուսի Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար  Ջահանգիր Մուսլիմզադեն` Ադրբեջանի պետական դրոշը ձեռքին: Ավազակախմբերին ղեկավարում էին նաև Սումգայիթում հայտնի մարդիկ` թիվ 25 միջնակարգ դպրոցի տնօրենը, Արաբլինսկու անվան թատրոնի մի դերասանուհի և ուրիշներ:

“Խորհրդային Միությունը խաղաղ ժամանակներում երբևէ չի վերապրել այն, ինչ տեղի ունեցավ այնուհետև: Տասից մինչև հիսուն և ավելի հոգանոց ավազակախմբերը սփռվեցին քաղաքով մեկ. ջարդում էին ապակիները, հրկիզում ավտոմեքենաները, բայց ամենից գլխավորը` փնտրում էին հայերի”,-գրել է “Ռոդինա” հանդեսը /թիվ 4, 1994թ., էջ 82-90/:

Փետրվարի 28-ին մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր ինչ պիտի անել: Խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ամենից հաճախ դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը`հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից  հետո  զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

Հասան Մամեդովի ցուցմունքներից /դատական նիստի արձանագրություն, քաղ. Մոսկվա, ԽՍՀՄ գերագույն դատարան, 18 հոկտեմբերի-18 նոյեմբերի 1988թ./.

“Ես տեսա, որ շքամուտքից դուրս բերեցին միջին տարիքի մի  տղամարդու և սկսեցին ծեծել, խփում էին հիմնականում թիկունքից… Նա ընկած էր ինձանից երեք մետր հեռավորության վրա: Կողքին խարույկ էր վառվում: Մահեռամով Նիզամի և Ֆաթալիև Ֆիզուլի. – Նիզամին բռնեց ոտքերից, Ֆաթալին` ձեռքերից, տղամարդուն բարձրացրին գետնից ու նետեցին խարույկի մեջ: Այնպես, որ մարմինը հայտնվեց կրակի մեջ, իսկ ոտքերը` բոցերից դուրս:

Ես դա հստակ  նկատեցի, քանի որ շուրջը լուսավոր էր: Խարույկի մեջ նետված տղամարդը դեռևս կյանքի նշաններ էր ցույց տալիս: Այդ բանը գլխի ընկա նրանից, որ նա փորձում էր  դեպի ետ սահել խարույկից: Բայց սև գույնի պիջակով և ջինսե անդրավարտիքով մի տղա խարույկի մեջ նետվածին մետաղյա ձողով հրելով` պահում, չէր թողնում նրան դուրս գալ կրակից…”:

Միայն փետրվարի 29-ին էր, որ Սումգայիթ մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Միայն երեկոյան դեմ բանակային ստորաբաժանումները ձեռնամուխ եղան վճռական գործողությունների:

Կենտրոնական իշխանությունները շահագրգռված չէին պարզել սումգայիթյան արյունահեղության զոհերի ճշգրիտ թիվը: Պաշտոնապես հայտարարվեց, որ զոհվել են 36 հայ և 6 ադրբեջանցի: Մինչդեռ բրիտանացի հետազոտող Թոմ դե Վաալը իր “Սև այգի: Խաղաղության և պատերազմի արանքում> գրքում գրել է. “…Եթե ուշադրություն դարձնեք մահվան մասին տրված բժշկական վկայականների գրանցման համարներին, ապա կտեսնեք, որ այդ օրերին դիահերձարաններում գրանցված է եղել առնվազն 115 դիակ…Իսկ բնական մահերի նման քանակությունը բացառվում է թեկուզ այն պատճառով, որ նախորդ երկու ամիսներին գրանցվել է ոչ ավելի,  քան 72 մահ”: /”Փետրվար, 1988 թ., Ադրբեջան”, գլուխ 2/:

Սումգայիթի հայ բնակչության ցեղասպանությունը կանխավ ծրագրված էր, այլ ոչ թե մի խումբ խուլիգանների տարերային արարք, ինչպես փորձում էին այն ներկայացնել խորհրդային իշխանություններն ու դատական մարմինները: Ասվածի վկայությունն են հետևյալ  անհերքելի փաստերը. ջարդերի համար նախատեսված սառը զենքերը պատրաստվել են քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, քաղաքում ապրող հայերի ֆիզիկական բնաջնջման նպատակով կազմվել են նրանց ցուցակները, իշխանության մարմինները ցուցաբերել են անգործունություն, հանրահավաքներում ելույթ են ունեցել ամբոխին զոմբիացնող հատուկ պատրաստված սադրիչներ, տեղական միլիցիան աջակցել է ջարդարարներին, անջատվել են հայերին պատկանող բնակարանների հեռախոսները, և այն թաղամասերի էլեկտրաէներգիան, որտեղ ընթանում էին ջարդերը, հստակ համակարգվել են ավազակախմբերի գործողությունները, ջարդարարներին բաժանվել են արմատուրա, կտրված խողովակներ, գետաքարեր, բենզինով լցված շշեր և ալկոհոլային խմիչքներ, զինյալ խմբերի կողմից փակվել են  քաղաքի մատույցները, տուժածներին օգնություն չի ցուցաբերվել քաղաքի բուժաշխատողների կողմից, վերացվել են հանցագործությունների հետքերը /ջարդված խանութների, բնակարանների և այլ օբյեկտների հապճեպ նորոգում/ և արդարադատությունից թաքցվել են ցեղասպանության կազմակերպիչներն ու մեծ թվով կատարողներ:       

Քաղվածք 18/60233 քրեական գործից` ըստ մեղադրանքի Ահմեդ Իմանի օղլի Ահմեդովի, Իլհամ Ազադ օղլի Իսմայլովի, Յավար Գիյաս օղլի Ջաֆարովի. “Վկա  Մ. Իլյասով, ռուս. “Իմ բնակարանից տեսել եմ, թե ինչպես մեր թաղամասին մոտեցավ ԳԱԶ-34 մակնիշի մի սև գույնի մեքենա: Ամբոխի միջից մեքենային մոտեցան երկու հոգի… Առանց մեքենայից դուրս գալու, այնտեղ նստած մարդիկ ինչ-որ բան ասացին մոտեցածներին, և նրանք իսկույն վերադարձան ամբոխի մոտ: Դրանից հետո ջարդերը վերսկսվեցին մի նոր կատաղությամբ…

Ինձ թվում է, նրանք նախապես գիտեին հայերի հասցեները: Այդպես եմ կարծում այն պատճառով, որ ջարդարարները անսխալ մտնում էին այն շքամուտքերը, որտեղ հայեր էին բնակվում… Այդ ամենը կատարվել է ոչ թե խուլիգանական դրդապատճառներով, այլ դա եղել է կոնկրետ ժողովրդի` հայերի դեմ ուղղված գործողություն: Ոչ թե ռուսների կամ այլ ժողովուրդների դեմ, այլ հայերի դեմ, փնտրում էին հենց հայերին”:

Վկա Ս. Գուլիևը դատական նիստի ժամանակ պարզաբանել է.”Այդ մարդկանց մի օրում չէ, որ հավաքել են, քանի որ անհնար է մեկ օրում հավաքել հազարավոր մարդկանց”:

“Վկա Մ.Մամեդով.”Բարձրախոսով մարդը /Ահմեդ Ահմեդով/ ասում էր, որ ջարդել պետք չէ, քանի որ այդ բնակարանները մնալու են իրենց, այլ պետք է ուղղակի սպանել հայերին”:

“Վկա Թ.Թահմազով, տնային կառավարիչ. “Կար Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի ներկայացուցիչ Գանիֆաևի կարգադրությունը` այրել և հողածածկ անել բոլոր ջարդված իրերը: Այդպես էլ արել ենք, ըստ որում շատ արագ կերպով; Հաջորդ առավոտյան քաղգործկոմից 412 “ա” թաղամաս են ուղարկվում նորոգման-շինարարական  զորամասեր, որոնք էլ հավաքել են դիակները և ամբողջ ավերվածը “:

<Կոմունիստ Սումգաիտա> թերթը /թիվ 57 13.05.88թ./ գրել է. “Բարդ իրավիճակի օրերին գործարանի /խողովակագլանման/ արտադրամասում եղել են կացինների, դանակների և այլ առարկաների պատրաստման դեպքեր, որոնք կարող էին օգտագործվել խուլիգանամետ տարրերի կողմից”:

Միանգամայն ակնհայտ է, որ հետաքննության կողմից չպարզված անձանց կողմից ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի  իրականացվեն  հայկական զանգվածային ջարդերը:

1988 թվականի փետրվարի 29-ին Կրեմլում կայացավ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի նիստը, որտեղ առաջին անգամ պաշտոնապես , սակայն <հույժ գաղտնի>  նշվեց, որ Սումգայիթում զանգվածային ջարդերն ու կոտորածը իրականացվել են ըստ ազգային հատկանիշի, այսինքն բացառապես հայազգի անձանց դեմ: Սակայն ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին արգելք դնել <սումգայիթ> թեմայի վրա, հայերի զանգվածային ջարդերն  արհեստականորեն մասնատելով առանձին հանցագործությունների: Հանցագործությունները, որոնք ըստ ցեղասպանության մասին միջազգային համաձայնագրի, պետք է որակվեին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որակվեցին իբրև <խուլիգանական դրդապատճառներով> կատարված հանցագործություններ: Այլ կերպ ասած, քողարկվեց տեղի ունեցած ցեղասպանությունը, իսկ նրա կազմակերպիչները պարտակվեցին պաշտոնական մակարդակով:

Մասնավորապես, անպատիժ մնացին քաղաքային և իրավապահ մարմինների գործիչները, չնայած մեծ թվով ականատեսներ մատնացույց էին անում քաղաքում հայտնի անձանց` որպես “հանրահավաքների” անմիջական մասնակիցների: Ավելին, Սումգայիթի դատախազ Իսմեթ Գաիբովը, որը  “իրականացնում էր” քաղաքի կարգուկանոնի վերահսկողությունը, հայերի ջարդերից մեկ տարի էլ չանցած`նշանակվեց…

Ադրբեջանի գլխավոր դատախազ: Իր պաշտոնից ազատվեց միայն Սումգայիթի կոմունիստ ղեկավար Մուսլիմզադենչնայած նա նույնպես չենթարկվեց քրեական պատասխանատվության: Ըստ երևույթին պատճառն այն էր,  որ քաջատեղյակ Մուսլիմզադեն Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի մոտակա պլենումում ուղղակիորեն մեղադրեց հանրապետության ղեկավարությանը ջարդերի կազմակերպման մեջ. “Ադր ԽՍՀ կոմկուսի ԿԿ 1988թ. մայիսի 21-ի պլենումում Սումգայիթի կոմկուսի քաղկոմի նախկին առաջին քարտուղարը Սումգայիթում կատարված ողբերգական դեպքերի համար մեղադրեց նաև հանրապետության ղեկավարությանը: Այդ մասին նա նախօրյակին հանգամանորեն պատմել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ բյուրոյում, որտեղ քննարկվում էր նրա անձնական պատասխանատվության հարցը և որին կարելի է ծանոթանալ սղագրական հաշվետվություններոււմ: /”Էպոխա” թիվ 4, սեպտեմբերի 13 , 1990թ./:

Ցավոք, առ այսօր փետրվարի 27-29-ին Սումգայիթում ամենաբարձր մակարդակով կազմակերպված ջարդերը չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի, իսկ Մոսկվայում կայացած դատավարությունը չդարձավ Նյուրնբերգյան, քանի որ չեն բացահայտվել հանցագործությունների արմատները:

         Սումգայիթի ցեղասպանությունը լռության մատնելու քաղաքականությունը, նրան ծնունդ տված  պատճառների քողարկումը և նրա իսկական կազմակերպիչներին անպատիժ թողնելը հնարավոր են դարձրել, որպեսզի  Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները հանրապետության ողջ տարածքով մեկ իրականացնեն էթնիկ զտումներ, որոնք էլ իրենց գագաթնակետին են հասել 1990 թվականի հունվարին հանրապետության մայրաքաղաք Բաքվում կազմակերպված արյունալի խրախճանքի օրերին, որից հետո էլ` վերածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված լայնածավալ ռազմական ագրեսիայի: 

         Մինչդեռ Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր “դարչնագույն ժանտախտից”:

        

         

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ