Հանրապետականները սպառնում են Օբամային
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրանք է սպառնում, եթե նա որոշի պատերազմ սկսել` առանց Կոնգրեսի համաձայնության: Համապատասխան բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել հանրապետական Ուոլթեր Ջոնսը:
Այս տեղեկությունը հաջորդել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված լուրերին, ըստ որոնց Օբամայի վարչակազմը լրջորեն քննարկում է համախոհների հետ Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու հարցը:
Ինչպես հաղորդում է “WorldNetDaily”-ը, մեկ այլ հանրապետական գործիչ, նախկին կոնգրեսական Թոմ Տանկրեդոն, եւս այն կարծիքին է, որ Օբամայի նման քայլերը վիրավորում են ԱՄՆ-ի Սահմանադրությունը: Նրա խոսքով` բանաձեւի ստեղծման համար առիթ է հանդիսացել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հայտարարությունը, ըստ որի` Օբաման պարտավոր չէ Կոնգրեսից թույլտվություն խնդրել Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու համար:
Տանկրեդոն նշել է, որ հանրապետականներն առաջարկում են նախագահին պատերազմ հայտարարելու իրավունք տալ միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի վրա հարձակման վտանգ լինի:
Հանրապետականներն արդեն մի անգամ սպառնացել են նախագահին, երբ նա Կոնգրեսի հավանությունը չխնդրեց Լիբիայում ռազմական գործողություն սկսելու համար: Այդ ժամանակ կոնգրեսական Դենիս Կուսինիչի համապատասխան նախաձեռնությունը չողջունվեց Կոնգրեսի կողմից: