Ռիկ Սանտորումը հաղթել է ԱՄՆ-ի հարավային նահանգների փրայմերիզներում
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում կայացած Հանրապետական կուսակցության մրցապայքարում առաջատարը Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումն է` իր ետեւում թողնելով Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչին, տեղեկացնում է “Associated Press”-ը: Նա հաղթանակ է գրանցել նաեւ Միսիսիպի նահանգում:
Հարավային նահանգներում լավ ելույթներից հետո Սանտորումն ամրապնդել է իր դիրքերը` լինելով ավելի պահպանողական տարբերակ լիբերալ Ռոմնիի համեմատությամբ: Վերջինիս չի հաջողվել ստանալ ԱՄՆ-ի հարավի պահպանողական բնակիչների աջակցությւոնը:
Գենգրիչին, որը բավականին ետ է մնում իր մրցակիցներից, անհրաժեշտ է գոնե մեկ հաղթանակ, որպեսզի արդարեցնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրվելու համար:
Կոնգրեսական Ռոն Փոլը ընդհանրապես չի մասնակցել Ալաբամայում եւ Միսիսիպիում կայացած փրայմերիզին, քանի որ նրան աջակցում են աննշան թվով հանրապետականներ:
Չնայած Սանտորումի հաղթանակներին, Ռոմնին առայժմ առաջատարն է փրայմերիզներին հավաքած ձայներով: Բացի այդ, նրան աջակցում են կուսակցության ղեկավարները, նրա նախընտրական քարոզարշավն ավելի լավ է կազմակերպված եւ ֆինանսավորված, քան նրա մրցակիցներինը: Սակայն Ռոմնիին չի հաջողվում ստանալ պահպանողական ընտրազանգվածի աջակցությունը, որը նրան չափազանց լիբերալ է համարում: