Գերմանիան շահագռգռված է կասպիական գազի եւ նավթի պաշարներով. Ժիրայր Քոչարյան
Գերմանական մամուլը շատ ակտիվ գտնվեց Ֆրանսիայի` Ցեղասպանությունը հերքող քրեականացման օրինագծի առնչությամբ: Տարբեր բնագավառների ներկայացուցիչներ կաշվից դուրս գալով “փաստում” էին, թէ այդ օրինագիծը մտքի եւ խոսքի ազատության դեմ է: Համակիրների քանակը, նվազ լինելով, ուշադրության չարժանացավ:
Հազիվ էինք փրկվել “մարդու ազատության ռահվիրանների” մամլո տեղատարափից, երբ վրա հասավ Քրիստոնեա-դեմոկրատական միության Բունդեսթագի խմբակցության գրավոր դիրքորոշումը:
Մենք էլ սկզբում Պարոն Իգոր Մուրադյանի նման ենթադրեցինք, թե ադրբջանա-թրքական հերթական կեղծիք է:
Խնդիրը նրանում էր, որ ադրբեջանական քարոզչական մեքենան, “որոշումից” տեղյակ լինելով (իհարկէ խեղաթյուրելով խմբակցության “որոշումը”` այն ներկայացրել էր որպես Բունդեսթագի որոշում եւ նույն այդ պատճառով էլ չէինք գտնում Բունդեսթագի կայք-էջում), արդեն հրատարակել էր որոշման առաջին տարբերակը, իսկ երկրորդ եւ վերջնական “որոշումը” “թափանցիկ” Գերմանիայում հրատարակվեց ավելի ուշ` երկու շաբաթ հետո:
Այսուամենայնիվ չպետք է այս գրավոր դիրքորոշումը անտեսել, քանի որ Քրիստոնեա-դեմոկրատական միության կուսակցությունները կազմում են ներկայիս իշխանությունը, եւ դա համարյա գերմանական կառավարության դիրքորոշումն է:
Հարկավ, մենք բողոքի նամակներ ենք ուղարկել այդ “խոսքի ազատության առաջամարտիկների” հասցեներին, սակայն ժամանակի սղության պատճառով միշտ չէ, որ մեզ հաջողվում է թարգմանել եւ հասցնել այն հայ ընթերցողին, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական միության “գրավոր որոշումը”-ը գտնում ենք կարևոր, որովհետև պարզվում է, եթէ Սարկոզին չընտրվի, Գերմանիան ակտիվանալու է Կովկասում, և այդ անդրադարձ է ունենալու Արցախյան հիմնահարցի վրա: Թուրքերն ու ադրբեջանցիները ունեն իրենց հեռու գնացող վաղեմի երազ-ծրագիրը` պանթուրքիզմը, նրանք ունեն դրամական միջոց եւ վաղնջական բարեկամական կապեր Գերմանիայի հետ, Գերմանիան էլ իր հերթին շահագռգռված է կասպիական գազի եւ նավթի պաշարներով:
Բեռլինի Համալսարանի դասախոս` Ժիրայր Քոչարյան