Հանրապետականների մրցապայքարը շարունակվում է. Միթ Ռոմնին առաջատարն է Պուերտո-Ռիկոյում

Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջատարն է Պուերտո-Ռիկոյում տեղի ունեցած ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական կուսակցության թեկնածուների մրցապայքարում, տեղեկացնում է “Fox News”-ը:
Նախնական տվյալներով` Ռոմնին հավաքել է ընտրողների ձայների 87 տոկոսը, իսկ նրա ամենաուժեղ մրցակիցը` Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը` 7 տոկոսը:
Հանրապետականների միասնական թեկնածուն, ով կդառնա Բարաք Օբամայի մրցակիցը նախագահական ընտրություններում, կորոշվի 2012-ի սեպտեմբերին: Միասնական թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է ստանալ 1144 պատվիրակների ձայները:
Մինչ Պուերտո Ռիկոյի քվեարկությունը Ռոմնին ուներ 501 ձայն, այսինքն` ավելին, քան մյուս բոլոր թեկնածուների ձայները միասին: Ռիկ Սանտորումն ունի 253 ձայն, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչը` 136 ձայն, կոնգրեսկան Ռոն Փոլը` 50 ձայն:
Մարտի 21-ին կսկսվեն բոլոր թեկնածուների համար կարեւոր նախնական ընտրություններն Իլինոյս նահանգում, որն առաջարկում է 69 պատվիրակների ձայները: