Երեխան հրաշքով է փրկվել. նա մնացել էր մոր դիակի կողքին
Ավստրալացի 2 տարեկան աղջնակը հրաշքով է փրկվել` մի քանի օր առանց սննդի մնալով մոր դիակի կողքին: Կնոջ անսպասելի մահից հետո երեխային հաջողվել է փրկել հարեւանների զգոնության շնորհիվ, ինչպես նաեւ այն փաստի, որ վերջերս սուրբ Զատիկ էր, ինչի պատճառով տանը մի քանի շոկոլադե հավկիթներ են մնացած եղել: Ոստիկանության կարծիքով` հենց շոկոլադե հավկիթների շնորհիվ է աղջկան հաջողվել ողջ մնալ, մինչ նրան գտել են:
Նկատելով, որ կինը երկար ժամանակ տնից դուրս չի գալիս, հարեւանները ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանելով` իրավապահները հայտնաբերել են 33-ամյա կնոջ դիակը, իսկ նրա կողքին երեխային:
Աղջնակը շատ գունատ եւ տկար վիճակում է եղել, սակայն կարողացել է, թեկուզ ոչ շատ, բայց խոսել: Բժիշկները հայտնել են, որ երեխան կարող էր առանց սնվելու դիմանալ մինչեւ 5 օր:
Հարեւանները պնդում են, որ կնոջը տեսել են դեպքից 3 օր առաջ` լվացք չորացնելիս, նրանք նաեւ երեխայի լաց են լսել, սակայն ուշադրություն չեն դարձրել:
Կնոջ մահվան պատճառն առայժմ չի ճշտվել, սակայն ոստիկանությունը չի կարծում, որ այդ գործում քրեական հետք կա: