Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը 15 մլն դոլար է հավաքել դերասան Ջորջ Քլունիի մոտ կազմակերպված ընթրիքի ժամանակ:
Միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում գտնվող Քլունիի տան բասկետբոլային հրապարկում: Այցելուների թվում են եղել դերասաններ Բարբարա Սթրեյզանդը, Տոբի Մագուայերը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսը, ինչպես նաեւ այլ հայտնի անձինք: Ընթրիքին մասնակցելու համար գրեթե 150 մարդ վճարել է 40 հազար դոլար:
Ընթրիքի նախօրեին Օբամայի շտաբը համազգային վիճակախաղ է անցկացրել: Վճարելով 3 դոլար մինիմալ ներդրում` ամերիկացիները կարող էին մասնակցել աստղային ընթրիքին ներկա լինելու տոմսերի խաղարկությանը: Արդյունքում` մի քանի տասնյակ մարդ, վճարելով միջինը 23 դոլար, ապահովել են ընթրիքի եկամուտի 2/3-ը: Վերջնական գումարը ռեկորդ է սահմանել մեկ միջոցառման ընթացքում հավաքված գումարների չափով:
Ընթրիքի ժամանակ Օբաման 19 րոպեանոց ելույթով է ներկայացել, որի ընթացքում եւս մեկ անգամ հաստատել է միասեռ ամուսնությունների հանդեպ իր դրական վերաբերմունքի մասին, ինչպես նաեւ նշել է իր կառավարման 4 տարվա ընթացքում գրանցած հաջողությունները, մասնավորապես` Իրաքի պատերազմի ավարտը, “Ալ-Քաիդա”-ի դեմ պայքարը, բարեփոխումներն առողջապահության ոլորտում:
Օբաման նշել է նաեւ, որ տանտեր Ջորջ Քլունին իր հին ընկերն է: Պարզվում է, որ հայտնի “Hope” պաստառն իրենից ներկայացնում է կտրված նկարը, որում նախագահը դերասանի հետ է:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան 2012-ի նոյեմբերի 6-ին: