Աշխարհի ամենահայտնի հայը տոնում է իր 88-ամյակը /վիդեո/
Այսօր` մայիսի 22-ին, իր ծննդյան 88-ամյակն է նշում հայազգի աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը:
Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է 1924-ի մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականների ընտանիքում: Կարիերայի սկզբում Ազնավուրը հանդես էր գալիս կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ: Այն բանից հետո, երբ նրանց նկատում է Էդիտ Պիաֆը, Ազնավուրը եւ Ռոշը մասնակցում են նրա համերգային շրջագայությանը Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում 1946-ին: Այդ պահից սկսած Ազնավուրն սկսում է իր պրոֆեսիոնալ կարիերան որպես շանսոնի կատարող: Երկար ժամանակ նա անպատասխան սեր էր տածում Պիաֆի հանդեպ, ով ոչ միայն նրա սերն էր, այլ նաեւ ընկերը եւ մուսան:
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ազնավուրը հազարավոր երգեր է գրել, որոնք կատարել է ոչ միայն ինքը, այլ նաեւ Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Բոբ Դիլանը: Նա դուետներով հադես է եկել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի, Լայզա Մինելիի եւ շատ ուրիշների հետ:
“Time” ամսագրի եւ “CNN”-ի հարցումների համաձայն` Ազնավուրը 20-րդ դարի լավագույն կատարողն է հռչակվել:
Աշխարհի թերեւս ամենահայտնի հայը մեծ ավանդ ունի 1988-ի երկրաշարժից տուժած հայկական քաղաքների վերականգնման գործում: 2009-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում եւ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի կենտրոնակայանում: 2008-ից նա նաեւ Հայաստանի քաղաքացի է: Ներկայումս Ազնավուրը ապրում եւ աշխատում է Շվեյցարիայում, սակայն շարունակում է իրեն համարել միաժամանակ հայ եւ ֆրանսիացի:
“… Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին. դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա, իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային, այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով, խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:
Հայրս երգում էր օպերետներում, ես նրա ձայնին նախանձում եմ դեռ, մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում, բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ: Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն, ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն…”,-մանկությունն այսպես է նկարագրում Ազնավուրը, ով Հայաստանը համարում է իր սրտի հայրենիքը: Շնորհավորում ենք մեծագույն հային, մաղթելով նրան առողջություն եւ բազում բեմելներ: