Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի
Այն աղջիկները, որոնք վաղ են սկսել իրենց սեռական կյանքը, հասակակիցների համեմատությամբ ավելի շատ են հակված ապահարզան ներկայացնելուն իրենց 2-րդ կեսին: Կանանց գրեթե 31 տոկոսը, ովքեր առաջին անգամ սեքսով են զբաղվել մինչեւ 20 տարեկանը, համատեղ կյանքի առաջին 5 տարվա ընթացքում արդեն ապահարզան են ներկայացրել, իսկ 47 տոկոսը` համատեղ կյանքի առաջին 10 տարվա ընթացքում:
Այն կանանց թվում, ովքեր սեքսով առաջին անգամ զբաղվել են 20 տարեկանից հետո, ապահարզանների դեպքերը զգալիորեն քիչ են եղել: Ամուսնական առաջին 5 տարվա ընթացքում ապահարզանի է դիմել 15 տոկոսը, իսկ առաջին 10 տարվա ընթացքում` 27 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 3793 կին:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ վաղ տարիքում սկսած սեռական կյանքը նաեւ բացասական հետեւանքներ է ունենում: Մասնագետները մի շարք նման հետեւանքներ են նշում:
Այսպես, բնավորության որոշ գծեր, որոնք թույլ են տալիս երիտասարդ աղջիկներին հեշտորեն տրվել սիրային խաղերին, նման թեթեւամիտ վերաբերմունք էլ կարող են տալ ապահարզանի վերաբերյալ նրանց պատկերացումներին: Բացի այդ, դեռահասության շրջանում շատ աղջիկներ կուսությունից զրկվում են ոչ սեփական նախաձեռնությամբ, ինչն ազդում է զուգընկերոջ հետ նրանց հետագա հարաբերությունների, ինչպես նաեւ կայուն եւ ամուր ընտանիք կազմելու ունակության վրա: