Սարուխանում ուսուցչուհին ծեծել է բուժքրոջը
48-ամյա Օլյա Ս-ն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հարևանուհուն ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն` 2007 թվականից սկսած Ալլա Գ-ն իր ընտանիքով բնակություն է հաստատել Գեղարքունիքի Սարուխան համայնքում:
Նրանց հարևանությամբ է բնակվել Օլյա Ս-ն` իր ընտանիքով: Հարևաններով անհաշտ են եղել ու նույնիսկ 2011 թվականից սկսած ոստիկանության Գավառի բաժնում հաշվառված են եղել որպես անհաշտ հարևաններ:
2015 թվականի փետրվարի 25-ին ժամը 9-ի սահմաններում Ալլայի ամուսինը տեսել է, որ Օլյայի ամուսինը ավտոմեքենան կանգնեցրել է իր բնակարանի պատուհանի տակ և դժվարանցանելի դարձրել տան մուտքը: Հարևանուհիների ամուսիները վիճել են, Օլյան միջամտել է վեճին: Նույն օրը Օլյան գնացել է Ալլայի աշխատավայր` Սարուխան համայնքի բուժամբուլատորիա` հարաբերություններ պարզելու համար:
Բուժամբուլատորիայի տնօրենը ցանկացել է հաշտեցնել նրանց: Ալլան ասել է, թե «Օլյան արդեն տղամարդկանց հետ է վիճաբանում, ամուսնու աչքերը հանում է, թռնում է նրա վրա»: Այդ ամենը լսելով Օլյան նստած տեղից կանգնել է, բռնել Ալլայի մազերից, կռացրել, երկու և ավելի անգամ ձեռքի ափային մասով և բռունցքով հարվածել է նրա գլխին, դեմքին: Օլյան աշխատել է գյուղի դպրոցում` որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Նա դատարանում իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանը մեղավոր է ճանաչել նրան և որպես պատիժ նշանակել 30 հազար դրամ տուգանք: