Խառնված մասնագիտություններ սահմանագլխին. Առավոտ
“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր խմբագրականում անդրադառնում է ՏԱվուշի սահմանային գյուղերում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին.
“Հայ եւ ադրբեջանցի մտավորականների, տվյալ դեպքում` լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումն անցավ Տավուշում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողության ֆոնի վրա: Ռազմական մեծ փորձագետ պետք չէ լինել` հասկանալու համար, որ սա այն դեպքը չէ, երբ հակամարտող կողմերի շփման գծում գտնվող զինվորի կամ հրամանատարի նյարդերը տեղի են տալիս, չնայած հայտնի է, որ այդպես էլ է լինում:
Սա մտածված ու մշակված ռազմական գործողություն էր: Երկուշաբթի առավոտյան, երբ մենք իմացանք ցավալի լուրը, հայ լրագրողներից մեկը ադրբեջանցիների հետ առաջին իսկ հանդիպմանն անդրադարձավ մեր դիրքերի վրա հարձակմանը եւ այն, կարծում եմ, շատ ճիշտ բնութագրեց` որպես “քաղաքական դեմարշ”:
Իհարկե, այդ դեմարշը ուղղված չէր մեզ նման համեստ մարդկանց երկխոսության դեմ, “մեսիջի” հասցեատերն էր ԱՄՆ պետքարտուղարը` տեսեք, տիկին Քլինթոն, թե ինչ պայթյունավտանգ իրավճակ է տարածաշրջանում: Բայց եթե մենք` հայ եւ ադրբեջանցի լրագրողներս, սկսեինք մանրամասն քննարկել այդ միջադեպը, ապա մեր հանդիպումը կվերածվեր քաղաքական կամ պետական գործիչների բանակցությունների, ընդ որում` “գործիչների”, որոնք օժտված չեն իրենց պետությունները ներկայացնելու իրավասություններով:
Ինձ, համենայնդեպս, նման լիազորություններով ոչ ոք չի օժտել: Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին “Գոլոս Արմենի” թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը, Panorama.am-ի խմբագիր Արմեն Մինասյանը, ArmRadio-ի գլխավոր խմբագիր Արման Աաղաթելյանը, OpenArmenia ինտերնետ-ֆորումի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը եւ ես: Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում են lnews.az-ի գլխավոր խմբագիր Ռահման Հաջիեւը, News.az-ի գլխավոր խմբագիր Էլնուր Բաիմովը, Baku Post թերթի գլխավոր խմբագիր Թոգիգ Աբասովը, “Թրենդ” գործակալության փոխտնօրեն Իլգար Հուսեյնովը եւ լրագրող Ազեր Հեսրեթը:
Այս շփումների “կնքահայրը” ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն է, իսկ անմիջական կազմակեպիչները` նախկին եւ ներկա դեսպաններ Արմեն Սմբատյանը, Փոլադ Բյուլ-Բյուլ-օղլին եւ Օլեգ Եսայանը:
Ես միշտ սիրով եմ մասնակցել այդ “Ֆորմատին” ոչ թե այն պատճառով, որ ինձ թվում է, թե այս շփումներով մենք խաղաղություն կհաստատենք` այդքան միամիտ չեմ: Պարզապես վստահ եմ` երբ անհատը կամ ազգը ժամանակ եւ էներգիա է ծախսում ատելության վրա, դա նրան տկարացնում է:
Մենք չենք կարող սիրել, չենք կարող առայժմ բարեկամություն անել ադրբեջանցիների եւ թուրքերի հետ, բայց մենք պարտավոր ենք նրանց հարգել եւ փորձել հասկանալ: Իսկ լրագրողները եւ, ավելի լայն իմաստով` մտավորականները կարող են լինել “կանալը”, որով այդ փոխըմբռնման ազդանշանները փոխանցվում են:
Բայց դրանք պետք է լինեն հենց լրագրողներ, մարդիկ, որոնք իրենց հասարակություններին լուր, տեղեկատվություն են հաղորդում: Ոչ թե քարոզիչներ, որոնց գործառույթը մարդկանց ուղեղները լվանալն է: Ցավոք, Հայաստանում եւ Ադրբեջանում այդ երկու մասնագիտությունները թե ներքին եւ թե արտաքին “ճակատներում” խառնված են: Լրագրողները կարող են պայմանավորվել խաղի որոշակի կանոնների մասին: Քարոզիչները` դժվար թե”: