21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Անձրևի ու վշտի օրը Հայաստանը հիշատակում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը. The New York Times

Հազարավոր հայեր ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ` ի հիշատակ 1.5 միլիոն զոհերի, որոնք 100 տարի առաջ սպանվել են Օսմանյան Թուրքիայում: Միջոցառումն աշխարհում ընթացող համանման բազում հիշատակումներից մեկն էր` նվիրված այն դեպքերի 100-րդ տարելիցին, որոնք պատմաբաններն անվանում են Ցեղասպանություն, գրում է interpress.am-ը` The New York Times-ին հղումով:

Զանգվածային սպանությունների ու բռնի տեղահանության իրավական ձևակերպումը շարունակում է դառը թշնամանքի աղբյուր լինել և ազդել Փոքր Ասիայում ու դրանից դուրս քաղաքականության վրա: Թուրքիան առ այսօր պնդում է, որ տեղի ունեցածը Ցեղասպանության չէր:

Մռայլ ու մոխրագույն օրը Հայաստանի մայրաքաղաքում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային պատվիրակությունների` այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` Հայոց Ցեղասպանության գլխավոր հուշարձան, որի բարձունքից երևում է ամբողջ քաղաքը:

Սերժ Սարգսյանը բացման խոսքում հայերի սպանությունները որակել է «ծավալներով և հետևանքներով աննախադեպ» պատմության այդ պահին:

«Հայ ժողովրդի արևմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել էր իր տանը, իր բնօրրանում, իր հայրենիքում, տեղահանվեց և բնաջնջվեց համաձայն պետականորեն մշակված ծրագրի՝ բանակի, ոստիկանության, այլ պետական կառույցների և հատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակված հանցագործներից կազմված հրոսակախմբերի անմիջական մասնակցությամբ», – ասել է նախագահը և շարունակել. «Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ 1.5 միլիոն մարդ սպանվեց»:

Բռնի տեղահանությունների հետևանքով, որոնք ուղեկցվում էին սպանություններով, հայերը դարձան աշխարհի ամենասփյուռքայնացված ժողովուրդներից մեկը: Այսօր աշխարհում ապրում է 10 միլիոն հայ, ինչը 3 անգամ գերազանցում է Հայաստանի բնակչության թիվը:

Ուրբաթ Երևանում ողբացողներից շատերը այստեղ են ժամանել Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից, որտեղ կան մեծաթիվ հայկական համայնքներ:

Վիսկոնսինի Դելաֆիլդ քաղաքում բնակվող 61-ամյա ատամնաբույժ Շառլ Ա.Հաջինյանը ձեռքին պահում է իր տատիկի սև-սպիտակ, հնամաշ լուսանկարը. «Եկել եմ հիշելու իմ մեծ տատիկին, քեռիներին, պապիկներիս հայրերին ու նրանց քույրերին, որոնք սպանվել են», – արցունքները զսպելով պատմում է Հաջինյանը. «Եկել եմ շնորհակալություն հայտնելու հայերին փրկվելու, պայքարելու և այս հուշահամալիրը կառուցելու համար»:

Վերելակի տեխնիկական պատասխանատու, 60-ամյա Գևորգ Տոնոյանը հուշարձան է եկել 2.5 տարեկան թոռնուհու հետ. «Ինչ էլ լինի` չենք մոռանալու: Մենք գալու ենք, հարգելու ենք մեր զոհերի, նահատակների հիշատակը»: Որոշ դեպքերում ողբացողներն արտահայտում էին զայրույթը թուրքերի հանդեպ: 63-ամյա կրոնագետ Սոնա Ղազարյանն ասում է. «Երբ մեր հարևանները ներողություն կխնդրեն, կմաքրեն իրենց արյունոտ ձեռքերն ու մեզ կվերադարձնեն մեր հարստությունները, այդ ժամանակ կլինի նաև հաշտեցում»:

«Ինչպես կարող ես լինել հարևան մեկի հետ, եթե նա սվին ունի և ցանկանում է թիկունքից հարվածել», – ասում է նա:

Աշխարհի ավելի շատ առաջնորդներ են կիսում Հայաստանի դիրքորոշումը, որ 1915 թվականի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են եղել: Թուրքիան ասում է, որ դրանք ողբերգական դեպքեր են և արյունոտ պատերազմի արդյունք են, բայց կազմակերպված Ցեղասպանություն չի եղել:

«Մենք անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի ցավը, որը տառապել է մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգությունից», – ասել է Պուտինը` այցելելով  Երևանում անցկացվող միջոցառմանը: Նա հեռու է մնացել Թուրքիայում նույն օրը տեղի ունեցած միջոցառումից, որտեղ տոնում էին Գալիպոլիի ճակատամարում թուրքերի տարած հաղթանակը:

Երևանում ամերիկյան պատվիրակությունը ներկայացրել է ֆինանսների նախարար Ջեյքոբ Ջ.Լյուն: Սպիտակ տունը միջոցառումներն անվանել է«1915-ի իրադարձությունների հիշատակման 100-րդ տարելից», ինչը, հնարավոր է, բավարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանին, բայց հիասթափեցրել է հայերին, որոնք հույս ունեին, որ Օբաման կպահի իր խոստումը, որը տվել է նախագահի թեկնածու եղած ժամանակ, և կճանաչի սպանությունները որպես Ցեղասպանություն:

Ուրբաթ հղած նոր ուղերձում Օբաման հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին կոտորածները»:

Նա անուղղակի նշել է, որ Ցեղասպանություն բառի բացակայությամբ արտահայտել է պաշտոնական տեսակետը և ոչ թե իր անձնական կարծիքը. «Ես հետևողականորեն ասել եմ, որ իմ անձնական դիրքորոշումը ու հայացքները 1915 թվականի նկատմամբ չեն փոխվել», – ասել է Օբաման:

Այսօր հստակ հաստատված փաստերի հիման վրա լեզվաբանական քննարկումները Թուրքիայում կարծես ձախողվել են, չնայած որոշ թուրքեր ճանաչումն ու հատուցումը ընդունում են: Այն ավելի ու ավելի շատ է ընդունում նաև աշխարհի բնակչությունը:

Ցեղասպանություն եզրի շուրջ պայքարը շարունակում է պահպանել թշնամանքը Թուրքիայի և Հայաստանի միջև և մնալ տարածաշրջանային քաղաքական ծանրակշիռ գործոն: Երկու երկրների միջև սահմանը փակ է, ինչը տնտեսական խոչընդոտ է ամբողջ տարածաշրջանի համար, Հայաստանն էլ պաշտոնապես պատերազմի մեջ է թուրքախոս մուսուլմանական մեկ այլ հարևանի` Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով:

Երևանի հուշահամալիրում շատ հայեր նշում են, որ ցանկանում են ճանաչում Թուրքիայի կողմից, դա ընկալում են որպես պատմական արդարության մաս: Բայց ոչ ոք շունչը պահած դրան չի սպասում:

«Եթե դուք վերք, ցավ ունեք և պահում եք այն ձեր մեջ, այն երբեք չի ապաքինվի, ու հենց սա է Թուրքիայի ողբերգությունը: Նրանք ինքնավնասմամբ են զբաղված` չճանաչելով տեղի ունեցածը», – ասում է Վիսկոնսինից ժամանած ատամնաբույժ Հաջինյանը. «Բայց աշխարհի մնացած հատվածի, նաև մեզ համար ակնհայտ է, թե ինչ է տեղի ունեցել: Մեզ պետք չէ Թուրքիայի ճանաչումը մեր վերքերն ապաքինելու համար»:

Աղբյուր`interpress.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ