Ձեզնից ի՞նչ հակահերոս, երբ դուք անգամ մի րոպե հերոս չեք եղել, պարոն Պետրոսյան
Մեդիահաբը գրում է․
.․․ «Հանդիպել եմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Մնալու ենք Ոսկեպարում, այստեղ վճռվում է ամբողջ պետականության հարցը. կուլմինացիան լինելու է Երևանում»,- 2024 թվականի մարտի 27-ին հայտարարեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ մինչև վերջ մնալու է գյուղացու կողքին։
Իրավամբ, ինչպես և ասել էր Պետրոսյանը, մայրաքաղաքի սրտում կուլմինացիա եղավ, սակայն, չգիտես ինչու, բոլոր վճռորոշ պահերին, Պետրոսյանը տեղում չէր։ Անհասկանալի պայմաններում, ծեծուջարդերի ժամանակ նրան կա՛մ առևանգում էին, կա՛մ հրավիրում արտերկիր հանդիպումների, կա՛մ «նուրբ ձևով» բերման ենթարկում։ Ինչո՞ւ․ այս հարցի պատասխանը ոչ ոք չունի, անգամ Սրբազան շարժման առաջնորդները, որոնք երկու ամսվա մեջ առաջին անգամ երեկ բարձրաձայնեցին, որ Պետրոսյանի վարքը փոքր-ինչ կասկածելի է։ Եվ անգամ այդ դեպքում, Բագրատ Սրբազանը փորձեց զերծ մնալ նրա վրա ցեխ նետելուց, թեև դրա համար բոլոր հիմքերը կան։ Նա պարզապես նշեց, որ պետք է հանդիպի Պետրոսյանին ու հետաքրքրվի, թե որտեղ է նա եղել, օրինակ, հունիսի 12-ի բախումների ժամանակ։
Նշենք, որ Պետրոսյանը ներկայացրել էր, որ այդ օրը իրեն ԱԱԾ-ի աշխատակիցներն առևանգել էին, սև մեքենայով տարել Հրազդանի կողմ։ Իրավապահ բոլոր կառույցները հերքել էին այդ հայտարարությունը, թե Սուրեն Պետրոսյանն իրենց կողմից բերման է ենթարկվել։ Ինչևէ, անգամ այս դեպքում Բագրատ Սրբազանը Պետրոսյանի հետ սովորական զրույց ու պարզաբանում է սպասում։
«Պարոն Պետրոսյանը մի քանի օրով երկրից գնացել է, կգա, կզրուցենք ու ես իմ հարցերը կտամ»,- երեկվա ասուլիսում ասել էր Սրբազանը։
Իսկ ի՞նչ արեց Պետրոսյանը․․․։ Հայաստան վերադառնալուց հետո առաջին բանը, որ նաև արեց ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարելն էր, որ շարժումը մարում է, ուստի առաջնորդները փորձում են հակահերոսներ փնտրել։
Ըստ Պետրոսյանի՝ շարժումը մարում է, թեև առաջնորդներն այլ բան են հայտարարում։ Այսինքն, փաստացի, Պետրոսյանն այլևս առնվազն կապ չունի շարժման հետ։ Իսկ ինչո՞ւ է մարում այդ շարժումը, չէ՞ որ ինքն էլ որպես դերակատար, խոստում ուներ տված, որ մինչև վերջ գնալու է, որ հասնելու է հաղթական ելքին։
Թեև, պետք չէ զարմանալ, քանի որ Պետրոսյանը սովոր է նման հայտարարություններ անելուն։ 2022 թվականի օգոստոսի 13-ին էլ նա ասում էր․ «Եկեք Աղավնո, ու մենք կբեկենք ողջ ընթացքը։ Աղավնոն չի հայաթափվում»։ Այս հայտարարությունից չորս օր անց հայկական Աղավնոյում ոչ մի հայ չմնաց։
Ինչևէ, Պետրոսյանն այսօր փաստացի ցույց տվեց, որ որևէ կապ չունի շարժման հետ։ Թե ինչու կամ որն է պատճառը, ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ ուղղակի պետք է դեպքերը և իրավիճակները համադրել՝ հասկանալու, թե ինչ կարող է պատահած լինել։
Դեպքերից մեկը, օրինակ, հենց Տավուշում տեղի ունեցավ․ Բագրատաշենում, երբ քաղաքացիները փորձում էին անցակետ տանող ճանապարհը փակել, ոստիկանները սկսեցին զանգվածաբար բռնի ուժ գործադրել քաղաքացիների վրա, իսկ ահա Պետրոսյանին, որ ոչինչ չէր անում, փախցրին դեպքի վայրից, անունն էլ դրվեց բերման ենթարկել։
Դրանից հետո մայրքաղաքում տարբեր ակցիաներ եղան, որոնց ընթացքում, սակայն, Պետրոսյանը չկար։ Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ բախումներ կային, նա չկար։
Այսպես, մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ բախումներ եղան, քաղաքացիներ բերման ենթարկվեցին, ոմանք մարմնական վնասվածք ստացան։ Եվ ով զարմանք՝ Պետրոսյան Սուրենը տեղում չէր։ Նույնը` հունիսի 12-ի դեպքերի ժամանակ։ Երբ քաղաքացիների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ էին նետվում, Պետրոսյանն «առևանգվում էր», իր խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից։
Այս ամենն արդյո՞ք ենթադրելու տեղիք չի տալիս, որ նա շարժման կողքին է եղել խաղաղ օրերին, երբ բեմ բարձրանալու, իրեն որպես քաղաքական ֆիգուր ցույց տալու հնարավորություն կար։ Իսկ այն դեպքերում, երբ թեթև քերծվածք ստանալու վտանգ կար անգամ, նա տեղում չէր, անելիք չուներ։ Այդ դեպքում կարևորը թաքնվելը և անվնաս մնալն էր․․․ չէ՞ որ ուժ էր պետք, որ հետո բեմից, ոգեղեն ելույթով «երկիրը փրկեր»։
Եվ այս պարագայում առնվազն զարմանալի է, որ Պետրոսյանն իրեն հակահերոսի դիրքում է տեղակայել, երբ անգամ մի րոպեով հերոսի դերում չի եղել։