Ութ տարեկան երեխային գցել են տանկի տակ ու վրայով անցել. հայերն Ուկրաինայում
Չնայած ուկրաինական իշխանությունների եւ անջատականների միջեւ ձեռք բերված ժամանակավոր զինադադարի պայմանավորվածությանը, կրակոցները` ոչ առաջվա հաճախականությամբ, բայց այսօր էլ շարունակվում են, վերջիններս չեն հրաժարվում անկախության իրենց ձգտումներից:
Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում` խոսելով այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, տեղի ուկրաինահայերի խնդիրների մասին, ասաց Դոնբասի հոգեւոր առաջնորդ Տեր Հուսիկը:
-Տեր Հուսիկ կներկայացնեք ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը ուկրաինական այն տարածքներում, որոնք վերջին շրջանում վեր են ածվել պատերազմական թատերաբեմի:
-Ճիշտ է` այն ժամանակվա պես հաճախակի չեն, բայց կրակոցներն այսօր էլ շարունակվում են Դոնեցկի եւ Լուգանսկի այն վայրերում, մասնավորապես, օդանավակայանի շրջանում, որտեղ մշտական պատերազմական շունչն անկպակաս է: Ժողովուրդը լարված, խուճապահար վիճակի մեջ են, անընդհատ սպասում են, թե հեսա նորից ավերածություն կսկսվի, որովհետեւ եթե համաձայնության են եկել, որ չպետք է կրակեն, բայց կրակում են, ուրեմն չի բացառվում, որ նորից թարմացնեն իրենց նախկին գործողությունները` ռմբակոծությունները, կրակոցները, տանկերով խաղաղ ժողովրդի վրա դուրս գալը…:
Թե ինչն է նման իրավիճակ հրահրողների նպատակը, դժվար է ասել, կարծում եմ այդ խժդժություններ իրականացնողներն էլ չգիտեն, թե ի վերջո ինչ են ուզում իրականում: Այսօրվա Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններին կարելի է մի անուն տալ` անիմաստ, եղբայրասպան պատերազմ:
Երբ հասարակ, խաղաղ ժողովուրդ է զոհվում` դա ինչ էլ անվանես երեւի ճիշտ կլինի: Ութ տարեկան երեխային գցել են տանկի տակ ու վրայով անցել: Ճիշտ է` իրենք կոնկրետ ժողովրդի վրա չեն կրակում` կրակում են աջ ու ձախ, ու էդ ընթացքում ով էլ ընկավ այդ կրակոցների տակ` պարզ է, որ կամ վիրավորելու է կամ մահանալու է: Նրանց համար գոյություն չունի` մեծ, փոքր, երեխա, թե հղի կին:
– Իսկ, այդ պայմաններում ինչպիսի՞ն է տեղի հայության վիճակը:
-Այդ լարված վիճակի հետ մեկտեղ, այսօր Ուկրաինայում ժողովրդի սոցիալական վիճակն էլ է սարսափելի, դժվար ու բարդ: Ոչ մի տեղից ֆինանսական աջակցություն չունեն, թոշակներ կարելի է ասել չեն ստանում, աշխատանք չկա, որ աշխատավարձ ստանան: Ով էլ ժամանակին մասնավոր բիզնես ուներ` դրանց մեծ մասը չեն աշխատում, այլ խոսքով երկիրը բլոկադայի մեջ է: Ապրանք էլ չի ներկրվում, եղած ապրանքն էլ բավականին թանկ, եւ այդ վիճակի մեջ ապրում են ինչպես տեղի հայերը, այնպես էլ ուկրաինացիները` կոնկրետ առանձնացնել հայերին չի լինի, որովհետեւ հայերն էլ այնտեղի մի մասնիկն են կազմում:
– Վերջին իրադարձությունների հետեւանքով` ունե՞ք տվյալ, թե որքան հայեր են զոհվել:
-Իմ ունեցած տվյալներով, իսկ դրանք հավաստի են, քանի որ այժմ այդ ուղղությամբ աշխատում եմ, տասնյոթ զոհ ունենք երկու կողմից` եւ ուկրաինական եւ հայկակական: Այ վիրավորների, ունեցվածքի վնաս կրողների թիվը կդժվարանամ ասել, քանի որ դրանք այսպես ասած անթիվ-անհամար են:
Ամեն դեպքում ես, որպես մարդ, որպես հոգեւորական ակնկալում եմ, որ այս ամենը ի վերջո կհանդարտվի, մարդիկ կանցնեն իրենց բնականոն ապպրելակերպին: Բայց, թե երբ` ոչ ոք, ցավոք, չի կարող ասել, աղոթում ենք, որ հնարավորինս շուտ ավարտվի, որովհետեւ հավատացեք, մարդիկ այլեւս չեն դիմանում: Հիմա ասելը, գրելը հեշտ է, բայց ոչ ոք չի պատկերացնում, թե այսօր ինչ խուճապի մեջ է ապրում Դոնեցկի կամ Լուգանսկի բնակիչը` խուճապը սրտում, վախեցած:
– Հայերը, բացի Հայաստանից, ուրիշ որ երկրներ են ավելի շատ արտագաղթում:
-Այսպես ասեմ` հիմնականում Ռուսաստանի դաշնություն, Եվրոպա եւ Հայաստան, այսինքն, ով որտեղից որ հնարավորություն եւ միջոց էր ակնկալում կյանքը նորմալ շարունակելու, գնացել են:
– Ինչպե՞ս եք տեսնում այս ամենի հանգուցալուծումը:
Մանրամասները` այստեղ