23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հին Քոչբեկի Սուրբ Հարություն եկեղեցին

Կառուցվել է 1741 թվականին։

Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես գյուղատնտեսական պահեստ։

Անկախության շրջանում եկեղեցին չի գործել, սակայն այգեստանցիների համար ծառայել է որպես սրբատեղի մինչև 2020 թվականի հոկտեմբերը։

Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք՝ Հին Քոչբեկ գյուղատեղիի արևմտյան եզրին։

Քոչբեկի բնակչությունը 20-րդ դարի 60-ական թվականներին տեղափոխվել է 2,3 կմ հարավ-արևմուտք և բարենպաստ հարթավայրային հովտում հիմնել նոր բնակավայր՝

անվանելով դարձյալ Քոչբեկ։

Նորաստեղծ գյուղը անկախության տարիներին վերանվանվել է Այգեստան։

Ըստ եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1741 թվականին՝ ի հիշատակ Դիզակի Մելիք Եգանի կնոջ և որդիների․

«Յիշատակ է Սուրբ Յարութեան եկեղեցիս Մէլիք  Եկանին կողագից Կոզալին , որդի Արամբէկին, Իսայիբեկին:

Թվին ՌՃՂ (1741) շինվեցաւ:

Oվ  կարթա՝ Աստուած ողորմի ասի, Հայր»։

Եկեղեցու մուտքի շրջանակի վրա պահպանվել են մի շարք խաչաքանդակ հորինվածքներ և հիշատակագրական արձանագրություններ, որոնք գրված են անվարժ և վնասված են,

ինչի արդյունքում դժվարընթեռնելի են դարձել։

Տարբեր ժամանակների այդ արձանագրությունները կարևոր վկայություններ են եկեղեցու ուխտատեղի լինելու մասին։

Մուտքի շրջանակի աջ կողին ընթեռնելի է ոմն Առուշանի փորագրած հիշատակագրությունը․

«Ես Առուշան  էս կիրեցի» որին հաջորդում են հետևյալ խիստ վնասված տասը տողերը․

«Այս է դա․․․ ան սե․․․Քրիստոսի՞ ելեաւ ․․․ ․․․ի մեռելօց եվ ․․․ ծնեալ  զխաչս …շէցեք  եկղեցիս  էս օխտ․․․ի․․․ ժամանակին»։

Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով։

Կիսաշրջան խորանի երկու կողմերում կամարակապ փոքրիկ պատրհաններ են։

Բեմը չի պահպանվել։

Եկեղեցուն հուսիսային կողմից հարում է ուղղանկյուն հատակագծով, ոչ մեծ չափերի մատուռ-ավանդատունը, որը հարավային կողմից բացվող մուտքով կապված է եկեղեցու սրահին։

Ավանդատան դռանը հարևանությամբ, ձախից Մկրտության ավազանի կամարակապ խորշն է, որի ավազանը ավերված է։

Թաղածածկը հյուսիսից և հարավից հենված է երկու զույգ որմնախարիսխների և դրանցից բարձրացող կամարների վրա։

Միակ մուտքը հարավից է՝ բացված կենտրոնից դեպի արևմուտք։

Լուսավորվում է հարավային, արևելյան և արևմտյան ճակատներից բացվող մեկական արտաքուստ նեղ, ներքուստ լայնացող լուսամուտներով։

Պահպանվել է միայն արևմտյան լուսամուտը երիզող արտաքին սրբատաշ քարե շրջանակը։

Հիմնական շարվածքն իրականացված է տեղական ամշակ քարով։

Բոլոր բացվածքների շրջանակները, շքամուտքը, որմնասյուները և կամարները սրբատաշ կրաքարից են։

Տանիքը երկթեք է, ի սկզբանե եղել է ծածկված կղմինդրով, այժմ պահպանվել է միայն հողածածկ շերտը, որն իր հերթին պատված է բուսականությամբ։

Մասնակի փլված է ավանդատան թաղը։

Եկեղեցու ներքին պատերին տեղ տեղ պահպանվել են հին սվաղի հետքերը։

Եկեղեցին կառուցված է թեքադիր լանջին, ինչի հետևանքով կառույցի հյուսիսային պատն ամբողջությամբ և արևմտյան պատը մասնակի ձուլված են հողին։

Խորհրդային տարիներին շինությունը վեր է ածվել պահեստի, որի պատճառով էլ ամբողջությամբ քանդվել է բեմը։

Եկեղեցուց հարավ տարածվում է գերեզմանատունը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ