24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տյառնընդառաջ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։

«Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:

Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար:

Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում:

Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար:

Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին:

Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին:

Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։

Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը:

Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից:

Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար:

Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել:

Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ.

հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի):

Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն:

Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար:

Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը:

Տյառնընդառաջը տոնել փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին։

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ:

Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը:

Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը:

Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:

Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները.

«Խարույկի հուրը բորբոքելով` Աստծո սիրո հուրն ենք խնդրում:

Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն:

Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում:

Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսզի լուսավորի սրբերին և բարեպաշտներին, իսկ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի»:

Վառվող մոմերը տուն տանելը և Եկեղեցու բակում վառվող խարույկն ըստ էության որևէ կապ չունեն մեր հեռավոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:

Ժողովրդի մոտ ձևավորված այն հակասությունը, թե ե՞րբ է հարկավոր նշել Տյառնընդառաջը, բացատրվում է հետևյալ կերպ.

փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։

Այսինքն, Տյառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։

Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ։

Տյառնընդառաջը՝ նշանվածների թե՞ նորապսակների տոն։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տյառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները:

Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։

Տյառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ:

Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տյառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ:

Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել:

Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն:

Այս է պատճառը, որ Տյառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ