Այդպես է ծնվում անմահությունը
«Բացի բացառիկ հայ լինելը, հայրս բացառիկ հայր է, թիկունք, որի մասին միայն երազել կարելի էր։
Անչափ մեծ սիրով ու կարոտով, արցունքներս խեղդելով ուզում եմ խոստանալ, որ ամեն բան կանենք, որ իր արածը կիսատ չմնա շարունակվի ու անմահանա։
Չնայած, որ երկար չապրեց, բայց ապրեց խիտ ու բոլորի համար չափազանց կարևոր կյանք»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին 58 տարեկանում մահացել է Գագիկ Գինոսյանը։ «Հայրիկն այսօր ցերեկը վատ է զգացել, տարել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ վիճակը փոքր ինչ բարելավել է, հետո բայց էլի վատացել է, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը», – այս մասին Yerkir.am-ին ասել էր Ծովինար Գինոսյանը։
Ծովինարը նաև հոր խոսքերից է մեջբերում արել. «Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել և միայն… Երբ մահը կնայի աչքերիս մեջ:
Հեգնել մահը… այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։
Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը։
Գագիկ Գինոսյան»։
Հիշեցնենք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից, փետրվարի 6-ին: