«Կախիչ» օպերացիայի մանրամասները. Հրապարակ
«Կախիչ» օպերացիային «զոհ» դարձած Արմեն Ղուլարյանի պաշտոնի համար բուռն պայքար է ընթանում ներիշխանական ֆիգուրների միջեւ։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնը մեկ շաբաթ է` թափուր է, իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ուզում իր «մարդուն» նշանակել, քանի որ կոմիտեի գործունեությունը հաճախ խաչվում է քաղաքապետարանի մի շարք պատկան վարչությունների գործունեության հետ, ընդ որում՝ եկամտաբեր վարչությունների։ Իսկ թե ով է նրա թեկնածուն, մեր աղբյուրները չեն հայտնում։ Մյուս կողմից՝ այս պաշտոնի համալրման հարցն իր ձեռքից չի ուզում բաց թողնել վարչապետի աշխատակազմը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի։ Իսկ Ղուլարյանն այն մարդն էր, որը բավարարում էր բոլոր կողմերի ակնկալիքները եւ ենթարկվում էր բոլորին։
Կառավարությունում խոսում են, որ թերեւս սա է պատճառը, որ Փաշինյանը հրաժեշտ տվեց իր համերկրացուն, որն իրականում ավելի փոքր պատասխանատվություն էր կրում դպրոցաշինական աշխատանքներում հայտնաբերված թերացումների համար, քան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մարզպետները եւ ԿԳՄՍ նախարարը։
Բանն այն է, որ շինարարական աշխատանքների 2021-2026 թթ․ ծրագրի պատասխանատու եւ համակարգող է նշանակված Տիգրան Խաչատրյանը։ Այդ ծրագրով կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ առայժմ միայն նկատողություն է եղել, ասում են՝ Փաշինյանը նաեւ կոշտ զրույց է ունեցել փոխվարչապետի հետ»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: