23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության հինգերորդ օրվա խորհուրդը

Այսօր նշվում է սուրբ Սիմեոն ծերունու, Աննա մարգարեուհու և Հովհաննես Մկրտչի մոր՝ Եղիսաբեթի հիշատակությունը:

Իսկ ի՞նչ խորհուրդ ունի այս օրը․

այս օրը միևնույն խորհուրդն ունի, ինչ Տեառնընդառաջը և Սուրբ Աստվածածնի վերափոխումը ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի:

Արարչագործության հինգերորդ օրն Աստված հրամայեց ջրերին ծնել երկու տեսակ կենդանիներ, ոմանց՝ ջրերում լողալու, և ոմանց՝ օդում սավառնելու համար:

Եվ հինգերորդ դարում Աստված հրամայեց Մովսեսին ավազան և քահանաների համար՝ լվացարան պատրաստել՝ մարմնի սրբության համար, ու նախ ժողովրդին ծովի միջով անցկացրեց, ինչը որ նախօրինակն էր մկրտության։

Իսկ երբ մեզ հասան Նոր Ուխտի շնորհները, Քրիստոսի Մկրտությամբ և Սուրբ Հոգու շնորհներով նոր օրենքների մաքրությու՛նը պայծառացավ մեր մեջ, որպեսզի Քրիստոսի Հարությունից հետո, աստվածաստեղծ թևեր առած, բարձրանանք երկինք՝ Տիրոջն ընդառաջ:

Նաև հայտնի է, որ աղավնիների ու տատրակների հետ սողուններ և զեռուններ էլ առաջացան, ինչպես և աղավնիների՝ սուրբ Առաքյալների երամում` Հուդան, Նիկողայոսը և Ալեքսանդրոսը:

Ըստ այսմ, այս տոնախմբության հինգերորդ օրը սահմանված է «լեռների և բարձունքների» օրհներգության համար, քանի որ առաջին կույսի պատճառով ցածրացավ մարդկային բնությունն ու թշնամու ոտքի կոխան դարձավ, և մենք, մեղանչելով՝ մեռանք հինգ զգայարաններով ու մեր և մեր որդիների վրա առանք սատանայի չարությունը։

Եվ, ըստ այն խոսքի, թե «Ո՞վ ես, մեծ լեռ, որ կանգնել ես ընդդեմ Զորաբաբելի», մեր Տերը մերժեց հակառակը՝ հակադիրով, և սուրբ Կույսի միջոցով առաջնորդեց մեր բնությունը՝ ոտնակոխ անելու մեր բնությունը ոտնահարողին, ինչպես և Տերն ասաց.

«Ահա տվեցի ձեզ իշխանություն ոտնակոխ անել օձերին և կարիճներին և թշնամու ամեն զորությունը»:

Իսկ այսօրվա սաղմոսն է ասում է.

«Մեծարե՛նք մեր Տեր Աստծուն և երկրպագե՛նք նրան Սուրբ լեռան վրա»:

Եվ Պողոսն էլ ասում է, որ մոտեցել ենք ո՛չ թե շոշափելի լեռանը, այլ հոգևոր «Սիոն լեռին»:

Նաև Ավետարանն է ասում.

«Մարիամը վեր կացավ ու շտապով գնաց դեպի լեռնակողմը»:

Իսկ Սողոմոնն ասում է.

«Իմ եղբորորդին լեռների վրա խունկ մատուցեց»:

Ուստիև մենք ոչ թե Մովսեսի հետ շոշափելի լեռը բարձրացանք, այլ իմանալի լեռը՝ Քրիստոսի հետ:

Եվ այս հինգերորդ օրը Քրիստոս նորոգեց մեր հինգ մեռյալ զգայարաններն Իր Մկրտության շնորհներով, քանի որ Աստծո՝ Հորդանանի ջրերի մեջ իջմամբ ջրերը զորացան և այլևս ծնում են ո´չ թե օդում թռչող թռչունների, այլ, վերստին ծննդյամբ, մարդկանց մտավոր և բանական բնությունները, որոնք, Սուրբ Հոգուց տրված թևերով բարձրանում և խառնվում են հրեշտակների գնդերին:

Այդ պատճառով էլ այսօր սահմանված է լեռների և բարձունքների օրհներգությունը, քանի որ, առավել քան երբևէ, վսեմացանք հինգ զգայարաններով:

Եվ ինչպես ջուրը չի կարող վնասել իր մեջ ապրողներին, այլ, ընդհակառակը, օգնում է նրանց, այդպես էլ փորձությունները չեն կարող վնասել հավատացյալներին:

Ու ինչպես որ օդը չի արգելում թռչուններին սլանալ իրենում, այլ առավել օժանդակում է նրանց, այսպես և օդային չար դևերը չեն կարող արգելել Քրիստոսին հավատացողներին բարձրանալ ու մտնել Երկինք՝ Քրիստոսի մոտ:

Հայտնի է նաև, որ այս տոնախմբության հինգերորդ օրը հիշեցնում է մեզ սուրբ Աստվածածնի Ավետման, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության, Տեառնընդառաջի և սուրբ Աստվածածնի վերափոխման տոները, ինչի մասին վկայությունները, կարծում եմ՝ դյուրությամբ, կարելի է գտնել շարականներում։

Որդի՛ Աստծո, Քո ամենապայծառ Հայտնության շնորհիվ լուսավորի´ր այս գիրը կարդացողի հոգին:

Ամեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ