Շախկախի վանքը
Շախկախի վանքը գտնվում է Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի հարավային մասում։
Ըստ Գտչավանքի վանահայր Առաքել Կոստանդյանցի՝ Սրբավայրի անվանումը կապված է Պարսկաստանի Շաղախ նահանգից Ամարաս եկած և քրիստոնեությունը ընդունած մի պատանու անվան հետ, ով ժամանակի ընթացքում տարբեր հոգևոր գործառույթներ էր իրականացնում Ամարասի տաճարում։
Տղայի հայրը բռնությամբ փորձել է որդուն ետ տանել և ճանապարհին, երբ որդին փորձել է փախչել, զայրացած նրան սրախողխող է արել Դիզափայտ լեռան արևելեյան կողմում գտնվող մի լեռան ստորոտում։
Այդ պահին լույս է իջել սրբի մարմնի վրա և հայրը ուշքի գալով և զղջալով իր արածի համար, գնում է ոչ հեռու գտնվող Սպիտակ խաչ վանքը և վանականներին պատմում դեպքի մասին, ովքեր արդեն ծանոթ էին Սրբին։
Վանականները վանահոր գլխավորությամբ գալիս են այդ վայրը և «մարմինը ամփոփեցին նահատակության տեղում, ակներև մեծ լույս ճառագայթեց [շողշողաց] երկնքից սուրբ տապանի վրա, որից բժշկության բազում հրաշքներ եղան: Եվ սուրբ տապանի վրա մի եկեղեցի շինեցին»:
Ըստ ներկայիս եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության, այն կառուցվել է 1865 թվականին․
«1865 ամի կառուցաւ Սուրբ վանքս Շաղաղու՝ արդեամբ և ծախիւք Վըրդնաշատ գիւղի բնակիչ Աւագայ Գասպարեան՝ ի յիշատակ հանգուցեալ հոգւոյ իւրոց եւ համայն ննճեցելոց» :
Այս մասին ևս խոսում է Գտչավանքի վանահայրը․
«Մեր այս ժամանակում մի մարդ՝ անունը Ավագ, երկու աչքով կույր, յոթ տարի ուխտավոր մնաց սուրբ վկային, նորոգեց եկեղեցին:
Դրա համար համառորեն ծոմ էր պահում, ոտնաբոկ այցելում էր սուրբ տապանին՝ առաջնորդ ունենալով քրոջը:
Նույն գիշերը լիապես ողջացավ անբուժելի կուրությունից, որի համար երկուսն էլ ուխտեցին չամուսնանալ մինչև մահ, ծառայել միայն սուրբ գերեզմանին:
Հին մատուռը ևս քանդեցին, նոր հիմք նետեցին և շինեցին, որի քարերը մարդիկ բերեցին սրբազան եպիսկոպոս Սարգսի հրամանով:
Օծեցի ես անարժանս»:
Հարկ է նշել, որ սրբավայրի մասին հիշատակություններ կան ավելի վաղ եղած աղբյուրներում։
Այսպես Աբրահամ անունով մի աբեղա ՌԼԳ (1584) տարում մի ավետարան է գրում․
«Երկիրս Դիզակայ եւ ի գեաղս Հատրութի յանապատս որ կոչի Շախկախ և ընդ հովանեաւ Սուրբ Աստվածածնիս ի հայրապետութիւն Տավիթ կաթողիկոսի եւ ի սուրբ անապատիս առաջնորդութիւնն Յոհաննես եպիսկոպոսէս եւ յիշխանութիւնս Խոտայպանդին դառն եւ դժուարին ժամանակիս»։
Այն հիշատակվում է նաև 1673 թ․ Տյաք գյուղում գրված մի Ավետարանում․
«յերկիրս Դիզակու ի գիւղս Դաք ընդ հովանեաւ սուրբ եւ նշանաւոր տեղւոջ, որ կոչի Շախկախ եւ այլ միաբանիցս Յակոբ եպիսկոպոսին եւ տէր Մկրտչին, տէր Բարսղին գրոց աշակերտ Սաղաթին»:
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, մատուռից և ուխտավորների սենյակից։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։
Մուտքն բացվում է հարավային կողմում։
Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ քարով և կրաշաղախով, կամարները, մուտքի եզրաքարերը սրբատաշ են։
Եկեղեցու ներսում կա մի տապանաքար հետևյալ արձանագրությամբ․.
«Այս է տապան Ս[ուր]բ Շաղախի Քրիստոնէից ուխտատեղի․
Ընծայեցի մեր ծնողաց յիշատակի․ Օվ որ կարթա Ա[ստուա]ծ ողորմի»:
Եկեղեցու արևմտյան մասում կա եկեղեցուն կից ավելի հին շինության ավերակ, որից պահպանվել է արևմտյան պատը։
Վանքի արևմտյան մասում գտնվում է ուխտավորների սենյակը։
Դռան բարավորի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը․
«Շինեալ յիշատակ միակ այս սենեակս Շուշի քաղաքացի Աւետիս Սարգսեան Սարտարեանցս բնակարան ուխտաւորաց ի սուրբ տեղեացս 1875 ամի փրկչակական թուականացս»:
Վանական համալիրից եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է 2014 թվականին։