24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեղինակություն, փողոց եւ ընտրազանգված չունեցող իշխանության հույսը մնում են ուժայինները եւ վարչական ռեսուրսը. Փաստ

Հարաբերությունների բարելավմանն ուղղված բանակցային ցանկացած գործընթացի, հատկապես նման սուր թեմաների վերաբերյալ, ինչպես պատերազմից հետո խաղաղության պայմանագիր ստորագրելն է, նախորդում են որոշակի ակցիաներ, որոնք ուղղված են լինում ինչպես բանակցող կողմերի, այնպես էլ հակամարտող հասարակությունների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը»: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն պետական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը և ռազմագերիների փոխանակման որոշումը:

«Կառավարությունները կարիք ունեն իրենց հասարակություններին նախապատրաստել ապագա գործընթացներին ու ստորագրվող փաստաթղթերին, հատկապես, երբ դրանց ստորագրումը, պայմանավորվածությունները շատ դեպքերում զգայուն թեմաների շուրջ են և ունենում են նաև ցավոտ արձագանքներ, լինում են ցավոտ զիջումներ, որոնք հասարակությունները կարող են ոչ միանշանակ ընդունել:

Ոչ մեկ անգամ ասվել է, որ հայաստանյան այսօրվա հասարակությունն ապատիայի մեջ է, որին, կարծես, ոչինչ չի հետաքրքրում: Չնայած այս կարծիքներին, հասարակություններին պետք է նախապատրաստել: Փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար սովորաբար դիմում են համեմատաբար հեշտ արդյունք տվող քայլերի, սովորաբար սկզբից խոսում են հումանիտար համագործակցությունների մասին, օրինակ՝ մեր պարագայում խոսվում էր սահմանամերձ գոտիներում համատեղ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման հնարավորության մասին և այլն: Ռազմագերիների փոխանակման ակցիան դիտարկում եմ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու փորձերի շրջանակում, որը կարող է հասարակությունների մեջ համեմատաբար փափուկ մթնոլորտի ֆոն ձևավորել»,-նշում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ բանակցային այս գործընթացում ամեն ինչ գլխիվայր է եղել: «Սովորաբար սկզբում գերիների փոխանակում, տնտեսական և հումանիտար բնույթի ակցիաներ են իրականացնում, քիչ թե շատ փոխվստահության, բայց ավելի շատ համագործակցության մթնոլորտ է ձևավորվում, դրանից հետո սկսում են դելիմիտացիա ու դեմարկացիա անել և տարածքային հարցեր լուծել: Մեր պարագայում 44-օրյա պատերազմից հետո առանց սահմանագծման ու սահմանազատման Հայաստանը հանձնեց, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը՝ հայտարարելով, որ դա ադրբեջանցիներինն էր:

Բոլոր պայմանավորվածությունները խախտելով՝ Հայաստանի վերահսկողությունից վերցվեց Լաչինի միջանցքը, իսկ մինչ դա հանձնվել էր Աղավնոն և այլն: Ագրեսիայի արդյունքում հակաահաբեկչական լոկալ գործողությունների անվան տակ էթնիկ զտման ենթարկվեց Արցախի բնակչությունը, և Արցախը դատարկվեց հայերից: Ստացվում է, որ Ադրբեջանը դե ֆակտո իր գրեթե բոլոր նպատակներին հասավ»,-ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ պայմանավորվածության ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես նախերգանք խաղաղության պայմանագրի կնքման մթնոլորտ ձևավորելու համար: «Ցույց տալ, որ կարողանում են առանց միջնորդների խոսել, ուստի կարող է խոսք լինել նաև խաղաղության պայմանագրի բուն ակտի մոտենալու մասին: Կարծում եմ՝ այստեղ կա նաև միջնորդների ճնշման խնդիրը, ԱՄՆ-ն վերջին 1-2 ամսվա ընթացքում Ադրբեջանի նկատմամբ ճնշման բավականին բարձր նշաձող էր վերցրել՝ սպառնալով, որ այս կամ այն քայլը կանեն, կոնտակտները կսահմանափակեն, բայց հետո շատերի համար անսպասելիորեն հետ քաշվեցին իրենց իսկ սահմանած նշաձողերից ու տոնայնությունից: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը անձամբ մեկնեց Ադրբեջան և իր այցից հետո նման համատեղ հայտարարություն եղավ: Կարծում եմ, որ Ադրբեջանն այստեղ բավականին լուրջ առևտրի է գնացել, հասկանում է, որ ամերիկացիներին իր ձեռքում պահելու համար բանակցություններում ինչոր հաջողություն պետք է ունենալ: Կարծում եմ՝ պայմանավորվեցին, որ Ադրբեջանն ինչոր քայլ անի, որը թույլ կտար ԱՄՆ-ին, պահպանելով դեմքը, հետ քաշվել վերջին ամիսների իր սուր հռետորաբանությունից` կապված Ադրբեջանի հետ:

Հայտարարության մեջ նշվում է, թե որպես բարի կամքի դրսևորում ռազմագերիների փոխանակում տեղի կունենա և այլն, չնայած կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններին ոչ մեկ ոչինչ չի հարցրել, հիմնական բանակցային գործընթացն ընթացել է Բաքվում Օ’Բրայենի և Ադրբեջանի ղեկավարության միջև»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Նաև կարծում է, որ միայն արտաքին տպավորությամբ է համաձայնությունը ձեռք բերվել բացառապես երկու երկրների միջև: «Միայն ԱՄՆ պաշտոնյաների այցերի դինամիկան ուսումնասիրելով՝ կարելի է եզրակացնել, որ համաձայնությունն առանց միջնորդների չի եղել: Գուցե որոշակի նյուանս էր պարունակում նաև Սկոպյեում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հանդիպումը, որը, կարծես, նույնպես բավականին սուր բնույթ է ունեցել: Լավրովը տեսախցիկների առջև որոշակի «պրետենզիաներ» ներկայացրեց Միրզոյանին, ուզում էին ցույց տալ, թե հետագայում խոսակցությունն ինչ տոնով է ընթանալու:

Ադրբեջանը ցանկանում է, որ գործընթացն առանց միջնորդների լինի, հետագայում կա նաև երաշխավորների հարցը: Առանց երաշխավորների հատկապես երկու տարբեր քաշային կատեգորիաներում հայտնված երկրների և ղեկավարների ստորագրած փաստաթուղթը սովորական թղթից ավելի արժեք չունի: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը կատարելու է այն, ինչ ստորագրելու է: «Դեմ առ դեմ» խոսելու ամենավառ օրինակը տեսել ենք. Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները միահամուռ, նույն՝ Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու մղումներից ելնելով, ստիպում էին, որ ՍտեփանակերտԲաքու ուղիղ բանակցությունները կայանան առանց միջնորդների: Արդյունքը տեսանք»,-ընդգծում է Հակոբյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանում հաջորդ տարի տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ: Ալիևը ցանկանում է արցախյան իր «հաղթանակն» ամրագրել նաև այս տարբերակո՞վ՝ օգտվելով սեփական ժողովրդի գուցե էյֆորիկ տրամադրություններից:

«Ալիևը փորձում է իր ակնհայտ հաջողությունների գագաթնակետում նոր ընտրությունների գնալ, արտահերթ ռեժիմով էլ ավելի երկարաձգել իր իշխանությունը, մաքսիմալ ձայներ հավաքելով՝ իր լեգիտիմությունն էլ ավելի ամրապնդել: Ընդ որում, նախ և առաջ արտաքին աշխարհի համար: Ոգևորված լինելով պատերազմի արդյունքներով, իր և իր երկրի՝ զգալիորեն աճած քաղաքական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային քաշով՝ կփորձի էլ ավելի ուժեղացնել իր լեգիտիմությունը, որպեսզի փորձի նոր աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել, դառնալ էլ ավելի մեծ գործոն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խաղերում, առավել ևս, որ հիմա այդ նախադրյալներն ունի՝ օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությունից: Իր երկրի դերակատարումն էներգետիկ, մասամբ նաև Ռուսաստանի համար լոգիստիկ խնդիրները լուծելու պարագայում օբյեկտիվորեն աճել է: Ադրբեջանում անընդհատ միջկլանային՝ Ալիևների ու Փաշաևների միջև պայքար է ընթանում: Այնտեղ պայքարն այնքան քաղաքական չէ, որքան միջկլանային:

Ալիևը փորձում է ոչ միայն իր արտաքին քաղաքական դիրքերն ամրապնդել, այլև հերթական թռիչքի համար իր լեգիտիմության աստիճանը բարձրացնել ավելի մեծ խնդիրներ լուծելու համար: Համարում է, որ Հայաստանի ու Արցախի հետ հարցերը լուծել է, ուստի իր գործոնը պետք է ամրապնդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մակարդակներում՝ օգտագործելով հաղթանակի գործոնը և դրա առաջնորդ լինելը, ինչպես նաև հաշվի առնելով նոր իրողությունները և էներգետիկ գործոնի ավելի մեծ աճը: Զուգահեռ փորձում է նաև իր իշխանական դիրքերն ավելի ամրապնդել՝ մրցակից կլաններին ետնաբեմ ուղարկելու համար:

Մինչև ընտրությունների օրը քարոզչական լուրջ աղմուկ է լինելու արցախյան հաղթանակի և Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծելու թեմատիկայով: Քարոզարշավով փորձելու է արձանագրել իր հաղթանակն ու հաջողությունը և վերջնակապես իբր փակել Արցախի հարցը: Հետաքրքիր է, որ վերջին շրջանում արտահերթ ընտրությունների թեման զուգահեռաբար ծագեց նաև Հայաստանում: Սա նշանակում է, որ ինչ-որ մոդերատորներ գոյություն ունեն, որոնք փորձում են երկու երկրի ներքաղաքական գործընթացները վերահսկողության տակ պահել»,-նշում է մեր զրուցակիցը:

Անցում ենք կատարում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և իշխանությունների՝ ամենուրեք լինելու մղմանը: Ցանկանում են «իրենց մարդն» ունենալ բոլոր մարզերում, համայնքներում ու քաղաքներում: «Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդիում, իշխանության զավթում էր ուժային մեթոդներով ոստիկանության ուժերի շնորհիվ:Սա նոր բան չէ, այս իշխանություններն առնվազն 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո հասկացել են, որ փողոցում հենարան չունեն, իսկ Երևանի ավագանու ընտրություններից հետո հասկացան, որ ընտրազանգված էլ առանձնապես չունեն: Փողոց չունեն, դրանում համոզվեցին քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ վարչապետի գլխավորությամբ իբր երթ էին անում փողոցներով և վարչական ռեսուրսով ու այլ միջոցներով մի քանի հազար մարդ հավաքեցին, ընտրազանգված ևս չունեն: Այս պարագայում իրենց միակ հենարանը մնում են վարչական և ուժային ռեսուրսները:

Ուժային ռեսուրսի վրա հսկայական ծավալի գումար են ծախսում՝ տարբեր տիպի ենթակառուցվածքներ ստեղծելով, ինչպիսին չարաբաստիկ պարեկներն են, մեծ գումարներ են ծախսում ոստիկանական ուժերի աշխատավարձերի, պարգևավճարների վրա, նրանց զինելու համար և այլն: Կամ կարմիր բերետավորները, որոնք առանց կարմիր գծերի ու սահմանափակումների, ծեծ ու ջարդով մարդկանց հաշմանդամ են դարձնում և բոլոր օրենքներից դուրս են:Մյուսն էլ վարչական ռեսուրսն է, որը համայնքային իշխանություններն են: Միշտ էլ ցույց են տվել, որ կապ չունի, թե ընտրություններն ինչպես են անցել: Անգամ կարող են պարտվել, բայց հետո հաղթող թեկնածուին կամ ձերբակալում են, ինչպես Մամիկոն Ասլանյանին, կամ զբաղվում են, այսպես կոչված, «անասնագողության» գործընթացով՝ ավագանիներ գողանալով մրցակիցներից, և փոխում են համայնքի ավագանու դասավորությունը: Այս ռեժիմի օրոք կապ չունի, թե ով է հաղթել:

Հետո գործի կդրվեն ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, որոնք հնարովի մեղադրանքներով համալրում են քաղբանտարկյալների շարքը:
Թե՛ Ալավերդիում, թե՛ մյուս համայնքներում, որտեղ դեռ տեղի կունենան նմանատիպ գործընթացներ, ամենն իմ նշածի տրամաբանության մեջ է: Նմանատիպ իշխանությունների հիմնական հենարանը, որոնք չունեն հեղինակություն, փողոց և ընտրազանգված, մնում են ուժայինները և վարչական ռեսուրսը, որը սովորաբար կենտրոնանում է համայնքապետարաններում: Իրենց համար ծայրահեղ վտանգավոր է չունենալ իշխանություն ինչ-որ տեղում: Հնարավոր է, որ պարտադրված լինեն արդեն հաջորդ տարի գնալ արտահերթ ընտրությունների թե՛ ներքաղաքական իրավիճակով, իրենց ռեյտինգի անխուսափելի անկմամբ, և՛ արտաքին գործոններով ու պատվիրատուներով, որոնք պահանջում են, որ իշխանությունները վերահաստատեն իրենց լեգիտիմությունը, որպեսզի կարողանան արտաքին քաղաքական վեկտորի ուղղությամբ գործուն քայլեր անել, ունենալով համապատասխան լեգիտիմություն ընտրողներից:

Դրա համար հիմա ամեն ինչ անում են, որ կարողանան գոնե իշխանության «վերտիկալը» ապահովել: Այս ամենն անում են «ժողովրդավարության փարոս, կղզ յակ, բաստիոն» լինելու անվան տակ, ինչը վերահաստատում են նաև միջազգային կառույցները: Վերջիններիս համար միշտ էլ ժողովրդավարություն տերմինը «պուտանկայի» մակարդակի ինչ-որ մի բան է, որը, եթե պետք է, այս պահին օգտագործում ես, հետո դուրս ես շպրտում: Յուրաքանչյուրն իր ստանդարտով է ժողովրդավարությունը ձևակերպում և փորձում է նման ստանդարտներ փաթաթել հայ ժողովրդի վզին»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ