27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը ակտիվ փակ քննարկումների մեջ է. Հրապարակ

Թեպետ անվտանգային մարտահրավերները սրի պես կախված են Հայաստանի գլխին, սակայն պետության ղեկավարը սկսել է ինտենսիվ զբաղվել ներկուսակցական խնդիրներով․ նա շաբաթական մի քանի անգամ մի քանի ժամանոց կուսակցական փակ քննարկումներ է անցկացնում, որոնց թեման է՝ ինչպես անառիկ դարձնել իշխանությունը, չեզոքացնել ընդդիմադիրներին, զավթել այն համայնքներում իշխանությունը, որտեղ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն պարտվել է։ Նոյեմբերի 23-ին կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հանդիպումն է եղել։ «Նիստին մասնակցել են Գորիս, Քաջարան, Նաիրի, Չարենցավան, Նոր Հաճն, Կապան, Մեղրի, Ալագյազ, Գյումրի, Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաթեւ, Վարդենիս, Մասիս, Գավառ, Եղեգնաձոր, Ապարան, Բերդ, Փարաքար, Տաշիր, Բյուրեղավան, Աբովյան համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունների ղեկավարները եւ անդամները, մարզպետներ, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ։ Խմբակցության ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում խմբակցությունների աշխատանքի մասին զեկույցներ, խոսել են առկա խնդիրներից ու դրանց լուծման հնարավորություններից։ Քննարկվել են խմբակցությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հետ կապված հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշված բոլոր համայնքներում ՔՊ-ն չունի կամ մասնակի իշխանություն ունի: Դիցուք, Փարաքարում 2021 թ. դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում որեւէ ուժ չի հավաքել մեծամասնություն, սակայն իշխանական ճնշումների ներքո նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի դաշինքը կոալիցիա կնքեց ՔՊ-ի հետ․ որոշեցին՝ 2 տարի Դավիթ Մինասյանը կղեկավարի համայնքը, 2 տարի՝ ՔՊ ներկայացուցիչը։ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ լսել է 2 տասնյակ համայնքների ավագանու եւ ՔՊ վարչության անդամներին, մարզպետներին հորդորել ակտիվ աշխատել խնդրահարույց տեղերում, հնարավորության դեպքում ամեն ինչ անել՝ իշխանությունը սահուն կերպով խլելու համար, ինչպես պատրաստվում են անել Ալավերդիում։

Նախաձեռնող նիստի ընթացքում Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը զեկուցել է համայնքում ստեղծված իրավիճակը: Հպարտացել, որ ճնշումների, մարդագողության շնորհիվ 1 մանդատի առավելություն ունեն արդեն «Ապրելու երկիր»-ՀԱԿ դաշինքի նկատմամբ եւ սպասում են վարչության որոշմանը, որ իմպիչմենթ հայտնեն համայնքապետ Արկադի Թամազյանին։ Թեպետ կարող էին Ալավերդիում նաեւ արտահերթ ընտրությունների գնալ, քանի որ մոտ 3 ամիս է՝ ավագանին նիստ չի գումարում, ինչն ավագանին լուծարելու օրինական հիմք է, սակայն ՔՊ-ում ռիսկային են համարել նոր ընտրությունները, քանի որ իրենց դիրքերը թույլ են։ Հիշեցնենք, որ Դավիթ Ղումաշյանը նախկին ՀՀԿ-ական է, 2017-ին Շնողի համայնքապետն էր: Մի քրեական գործով նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնումների համար։

Քննարկման մասնակիցների բարձր տրամադրությունն ապահովել է Գորիսի ՔՊ ներկայացուցիչը: Նա հայտարարել է, որ մինչ օրս իրենց ավագանին համայնքապետարանում աշխատասենյակ չունի, ինչն օրենքով սահմանված կարգով պետք է տրամադրվեր։ Ներկաները զարմացել են, ապա «բոցեր» են արել կուսակցի ասածի առիթով՝ բա որտե՞ղ եք աշխատում, որ սենյակ չունեք, փաստորեն, չեք աշխատում եւ այլն: Արսեն Թորոսյանն էլ առիթը բաց չի թողել՝ Գորիսում ստեղծված իրավիճակի «մեղքը» մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի վրա դնելու համար։ Թորոսյանը խոսել է բոլոր մարզպետների մասին՝ նշելով, որ նրանք պետք է «զբաղվեն» ՔՊ ավագանու անդամներին նեղող համայնքապետերով։ Նիկոլ Փաշինյանը փորձել է մեղմել իրավիճակը՝ ասելով, թե պետք չէ մարզպետների դեմ արշավ սկսել, եւ վարչությանը հանձնարարել է սերտ աշխատանքներ տանել մարզպետների հետ՝ խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Այս համատեքստում գովեստի խոսքեր են ասվել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հասցեին, քանի որ Նոր Հաճն, Աբովյան, Չարենցավան եւ այլ համայնքների ներկայացուցիչները զեկուցել են, որ հաշտ ու խաղաղ աշխատում են ընդդիմադիր ղեկավարների հետ, միակ դժգոհությունը եղել է տրանսպորտի հետ կապված, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուսները թույլ չեն տալիս, որ անհատ տաքսիներն աշխատեն Աբովյանում։
Ապարանի մասով է ուշագրավ զրույց ծավալվել, որտեղ համայնքապետը «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանն է: ՔՊ-ական ավագանին դժգոհել է, որ կառավարության սուբվենցիոն ծրագրերը վերագրվում են համայնքապետին, փոխանակ ՔՊ-ին վերագրվեն, եւ կուսակցության վարկանիշը բարձրանա: Ասել են` մարդիկ չգիտեն, որ այդ աշխատանքները կառավարության շնորհիվ են իրականացվում։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անզգույշ միջամտել է, ասելով` բայց այդ մարդիկ են, չէ՞, աշխատում, իրենց անձնական միջոցներն էլ են դնում՝ նկատի ունենալով համայնքապետերին: Ներկաները նկատել են, որ նախարարի նկատառումը Փաշինյանին դուր չի եկել, նա Սանոսյանին հորդորել է՝ այնպիսի քարոզչություն անել, որ մարդիկ իմանան, թե ով է այդ գործերի հետեւում կանգնած։

Իշխանության համար, պարզվում է՝ խնդրահարույց վիճակ է նաեւ Մասիսում, տեղի ավագանին փոխանցել է, որ իրենց շարքերն առաջիկայում կարող են նոսրանալ, որովհետեւ ՔՊ-ականներից մի քանիսը միացել են ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թիմին։ Նշենք, որ Մասիսում ՔՊ ցուցակը գլխավորած երկրապահ Սայեն Հայրապետյանը՝ Սայադը, ամիսներ առաջ մահացել է ծանր հիվանդության հետեւանքով։
Փոխարենը բարելավում ունեն Վարդենիսում, որտեղ գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ում դեմ պայքարում ՔՊ-ն պարտվել էր, ասել են, որ բանակցում է ՔՊ-ի հետ` իշխող ուժ մտնելու համար։
Ուշագրավ է, որ ՔՊ նիստում բացարձակ անդրադարձ չի եղել պետության անվտանգային խնդիրներին

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ