Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է /վիդեո/
267 տարի առաջ` 1745-ի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է Ֆրանսուա Գայուին` հայտնի մանկավարժ, ով Փարիզում եւ Պետերբուրգում մի քանի դպրոցներ եւ ձեռնարկություններ է բացել կույրերի համար: Առողջապահության միջազգային կազմակերպության որոշման համաձայն` հենց այդ օրն էլ հիմք է հանդիսացել Կույրերի միջազգային օրվա համար:
Կույրերի համար առաջին դպրոցը բացելուց հետո նա իր 122 աշակերտների համար հատուկ շրիֆտ ստեղծեց, որի օգնությամբ կույր երեխաները կարդալ սովորեցին: Նա նաեւ կույրերի համար նախատեսված առաջին գրքի հեղինակն է, որը Գայուին տպագրել է` չնայած նյութական հսկայական դժվարություններին:
Ներկայումս աշխարհում 124 մլն կույր մարդ է ապրում: ԱՄԿ-ի գնահատականներով` 2020-ին նրանց թիվը կարող է կրկնապատկվել:
Աշխարհի բազմաթիվ երկրներում այս օրը զանազան միջոցառումներ են կազմակերպվում, որոնց նպատակն է հանրության ուշադրությունն ուղղել կույրերի խնդիրներին, ինչպես նաեւ համապատասխան պայմաններ ստեղծել` նրանց` հասարակության լիիրավ անդամ դարձնելու եւ լիարժեք կյանքով ապահովելու համար: