23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աստված նեղության մեջ է ընկնում, երբ մեզ տեսնում է նեղության մեջ ընկած

Եկեք լճի մյուս կողմն անցնենք»,-այսպես ասաց Քրիստոս Իր աշակերտներին, երբ բարձրացան նավակ։ Լիճը, որի մասին պատմում է Ղուկաս ավետարանիչը, Գալիլեայի լիճն է։ Մենք տեսնում ենք, որ Քրիստոս իր զավակներին մենակ չի թողնում փորձությունների մեջ։ Հիսուսն այսօր էլ մեր կյանքի նավակի մեջ է, Նա մեզ հետ է և զորավիգ է մեզ։ Ուստի չպետք է վախենանք կյանքի լճերն ու ծովերը ճեղքելով անցնել մյուս կողմը, որտեղ մեզ աստվածային օրհնություններ են սպասում։

Յուրաքանչյուր փորձություն, որի հանդեպ հաղթանակ ենք տանում, նոր օրհնության դուռ է բացում մեր առջև։ «Մինչ աշակերտները նավարկում էին, Հիսուս քնեց»։ Երբ փորձություններով շրջապատված ենք լինում, երբեմն այն տպավորությունն ենք ունենում, թե Աստված «քնած է», այսինքն կարծում ենք, որ Աստված անտարբեր է մեր հանդեպ և բնավ չի տագնապում, երբ մեզ տագնապի մեջ է տեսնում։ Սուրբ Գիրքը, սակայն հաստատում է, որ Աստված անտարբեր չէ, երբ մեզ տեսնում է նեղության մեջ ընկած (Ես․ 63.9):

Աստված փափագում է, որ մենք նեղություններից զերծ կյանքով ապրենք։ Բայց նաև մեզ պատահած չարիքների հաղթահարումով է մեր ներսում կերտվում բարության հոգին։ Ինչպես մուրճի հարվածների տակ անձև երկաթն է ձև ստանում, այնպես էլ փորձությունների հարվածին դիմակայելով մեղքով անձև դարձած մեր հոգին սկսում է Աստվածային լույսով լցվել։

Հետաքրքիր է, որ լիճը խաղաղ էր այնքան ժամանակ, քանի դեռ Հիսուսն ու Իր աշակերտները նավակ չէին բարձրացել նավարկելու համար։ Փոթորիկը չսկսվեց, երբ նրանք նավակ բարձրացան։ Փոթորիկը սկսվեց նրանց նավարկությունից որոշ ժամանակ անց միայն։ Նա, ով ձեռնարկում է հավատի նավարկությունը, իր հայացքը կենտրոնացնելով Աստծու վրա, նրա համար չկա կորսվելու վախ։ Փորձություններն են ապացուցում, թե արդյոք մենք հավատ ունենք, թե՝ ոչ։ Եթե փորձությունների հետևանքով վախը տիրի մեր սրտերին, հավատը կանհետանա։ Վախն Աստծո կարողության և ամենահասության նկատմամբ հավատի ու վստահության պակասն է: Աշակերտները ևս վախեցան, թեպետ Քրիստոս իրենց չլքեց։ Սակայն հանդիմանեց իրենց, երբ ասաց․ «Ու՞ր է ձեր հավատը»։ Քրիստոս պարզապես հավատ է ուզում տեսնել մեր մեջ, երբ դժվարությունների ենք հանդիպում, այլ ոչ թե վախ և տարակուսանք։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ