26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հակադրվելով Պուտինի մեծ ռազմավարությանը

Թույլ և շփոթված Եվրոպայի պարագայում միայն ԱՄՆ-ը կարող է խանգարել Կրեմլի աճող հավակնություններին

Այս շաբաթ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ծանր մարտերը միակ պատճառը չեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում չորեքշաբթի տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի հանդեպ կասկածամտորեն տրամադրվելու համար, գրում է interpress.am-ը` The Wall street journal-ին հղումով: Եթե նույնիսկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը հանգեցնի հրադադարի, որը կպահպանվի, ի տարբերություն անցած աշնանը ստորագրված համաձայնության, հակամարտության հիմքում ընկած իրականությունը կմնա անփոփոխ: Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների ապստամբությունը Ուկրաինայի արևելքում Մոսկվայի ավելի լայն ու մեծ ռազմավարության մասն է:

Նախագահ Պուտինը, որը ճնշված է պատմական նվաստացմամբ, գիտի, որ Ռուսաստան ներխուժել են ոչ միայն Նապոլեոնը և Հիտլերը, այլև, դրանից առաջ,  շվեդները, լեհերը և լիտվացիները: Ռուսաստանի նախագահը դրա ազդեցության տակ փորձում է կառուցել հետվարշավյան պակտի չեզոք գոտի կենտրոնական և արևելյան Եվրոպայում: Կրեմլի խաղի գործիքները հետևյալն են. իմպերիալիզմ էներգետիկ կախվածության միջոցով, հետախուզական գործողություններ, հանցավոր շորթում, ենթակառուցվածքների և լրատվամիջոցների գնում 3-րդ կողմերի միջոցով, քաղաքական տեղական գործիչների կաշառում և ազգային փոքրամասնությունների անվստահության չեզոքացում:

Պուտինը կարող է լինել բռնապետ, բայց թույլ ժողովրդավարությունները նրան օգնում են հասնել իր նպատակներին:  Թույլ համակարգված և օրենքի թույլ գերակայությամբ ռեժիմները նրան թույլ են տալիս դիմել պառակտիչ քայլերի: Այդպիսին են Մոլդովան, Բուլղարիան և Սերբիան, որոնք գտնվում են ռիսկի տակ, մինչդեռ Ռումինիան, որը ԵՄ անդամ է 2007 թվականից և շատ ավելի կայուն է, քան Բուլղարիան, նման ռիսկի հետ ավելի քիչ է առնչվում:

Պուտինն ունի hյուսիսեվրոպական hարթության ռազմավարություն  Բալթիկ երկրներում և Լեհաստանում, ինչը հիմնված է բնական գազի կախվածության և Բալթիկ երկրներում ռուսական փոքրամասնությունների հարցով խաբեբայությունների վրա: Նա նաև ունի Սևծովյան ռազմավարություն, որը, ինչպես երևաց, դրսևորվեց անցած տարի Ղրիմի գրավմամբ, Ղրիմի և Ուկրաինայի անջատողական արևելքի միջև ցամաքային կամուրջ ապահովելով, Վրաստանին ռազմապես ճնշելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ընկերություն անելու միջոցով: Այս ամենն ապահովում է Ռուսաստանի ազդեցությունը նաև Բալկաններում, հետևաբար` Եվրոպայում:

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները և ռուսական արժույթի թուլացումը (նավթի գների անկման պատճառով) կարող է մի փոքր սանձել Պուտինին, բայց Ռուսաստանի պատմությունը ցույց է տալիս ներքին դժվարությունների և արտաքին արկածախնդրության հստակ միտում: Ազգայնականության աճը տնտեսական դժվարությունների ետնապատկերին փորձված տարբերակ է բռնապետների համար:

Ռուսաստանի բազմակողմանի իմպերիալիզմը պահանջում է ԱՄՆ-ի բազմաբնույթ հակառազմավարություն. ռազմական բավարար օգնության համաձայնեցված օգտագործում, հետախուզական գործողություններ, էլեկտրոնային հսկողություն, տնտեսական պատժամիջոցներ, տեղեկատվական և կիբերպատերազմներ ու իրավական քայլեր: Օբամայի վարչակարգը արդեն կիրառում է նման ռազմավարության մի մասը, բայց առանց ինտենսիվության և հաջողության հասնելու հստակ հանձնառության: Խոսքը ոչ թե պատերազմ սկսելու, այլ Ռուսաստանին իր  չափը հասկացնելու մասին է:

Օբամայի վարչակարգը պետք է ուժգնացնի տնտեսական պատժամիջոցները, որոնք կճզմեն ամերիկյան բանկերի հետ բիզնես վարելու այդ երկրի կարողությունը, ԱՄՆ-ը պետք է օգնի դաշնակիցներին կառուցել բնական գազի պահեստներ` նվազեցնելով կախվածությունը ռուսական էներգակիրներից, պետք է առաջարկել ավելի շատ գործիքներ, որ դաշնակիցները կարողանան պաշտպանվել ռուսական կիբերհարձակումներից և պետք է ջանք չխնայել ուկրաինական բանակը և ռազմական այլ համակարգերն ուժեղացնելու համար:

Մյուս քայլերը կարող են ներառել Ռումինիայում վերջերս նախագահ ընտրված Կլաուս Իոհաննիսին և կենտրոնական ու արևելյան Եվրոպայում արժանի այլ ղեկավարների Վաշինգտոն հրավիրելը, ռազմական երկկողմ զորավարժությունների անցկացումը Ռուսաստանի հետ սահմանակից դաշնակիցների հետ և մեր գործընկերներին ռուսական հանցավոր կազմակերպությունների դեմ հետախուզական աջակցության ցուցաբերումը:

Բայց ամեն ինչից առաջ ԱՄՆ-ում քաղաքականություն իրականացնողները պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ կետը, որը սահմանում է, որ զինված հարձակումը անդամ երկրներից մեկի վրա, զինված հարձակում է ամբողջ կառույցի դեմ, չի պաշտպանում ՆԱՏՕ-ի անդամներին Ռուսաստանի իրականացնող ներքին պառակտման քաղաքականությունից:

Հետևաբար, Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելը պետք է ուղղված լինի նրան, որ զարգանան Կիևի կառավարությունն ու զինված ուժերը, ինչի համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի և այլ կառույցների փորձագետներին ներառել ուկրաինական նախարարություններում և զինված ուժերում: Դաշնակիցները պետք է ցանկանան Ուկրաինային տրամադրել հավելյալ զինամթերք, երբ այդ երկրի բանակը կկարողանանա դրանք ձեռք բերել: Սա այն մոտեցումն է, որին Վաշինգտոնը պետք է հետևի: Ուկրաինայի ամենալավ պաշտպանությունը Ռուսաստանից ավելի արևմտականացված երկիր դառնալն է:

Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր. Եվրամիության բյուրոկրատիան չի ցանկանում իր վրա վերցնել Ուկրաինայի 45 միլիոն բնակչության խնդիրները այդ երկրի կոռուպցիոն համակարգերի հետ, նույն կերպ են տրամադրված նաև ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ: Ուկրաինային օգնելու Եվրոպայի ախորժակը ավելի շատ չէ, քան Ուկրաինան ապակայունացնելու Ռուսաստանի ցանկությունը:

Խնդիրը չի կարող առանձնացվել Եվրոպայի սեփական անկարողությունից, չնայած վերջերս կյանքի կոչված նախաձեռնությանը, ըստ որի տեղի է ունեցել բյուրոկրատիայի քանակական կրճատում ԵՄ-ում հորիզոնական տնտեսություն կառուցելու համար: Եվրոպական դառը ճշմարտությունն այն է, որ ոչ բավարար ինքնուրույնություն ունեցող երկրները զոհաբերելու են իրենց մեկը մյուսին: Այդ դեպքում ինչու՞ պետք է նրանք զոհաբերեն իրենց հանուն Ուկրաինայի:

Այստեղից հետևում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի քանդվող տնտեսությանը զուգահեռ, պետք է անշահախնդիր կերպով օգնի նաև անողնաշար Եվրոպային:Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունները զսպելու համար ԱՄՆ-ի ռազմավարությունը պետք է կենտրոնանա պաշտպանության և ընդհանուր ամրապնդման քաղաքականության վրա, որը լեհ գեներալ,  երկրորդ աշխարհամարտերի միջև գործունեություն ծավալած հայրենասեր Ջոզեֆ Պիլսուդսկին անվանում էր Intermarium (լատիներեն` «միջև և ծովեր»` նկատի ունի Բալթիկ և Սև ծովերի արանքում): Պիլսուդսկին առաջարկում էր ստեղծել անկախ երկրների գոտի Էստոնիայից մինչև հարավ` Բուլղարիա, ինչը կարող էր պահել Ռուսաստանի ագրեսիան արևելքից և Գերմանական ագրեսիան արևմուտքից:

Բայց քանի որ կանցլեր Անգելա Մերկելի Գերմանիան բարիդրացիական է նույնիսկ, երբ Պուտինը ցանկանում է վերականգնել Սովետական Միության ազդեցությունը, Intermarium-ը պետք է կիրառվի Բալթիկ ծովից մինչև Կովկաս, որտեղ Ռուսաստանը ուժեղ դիրքեր ունի, ռազմական ճնշում է գործադրում Վրաստանի նկատմամբ, Հայաստանին դարձրել է իր արբանյակը` այդ երկրում պահելով ռուսական հազարավոր զինվորների:

Սա նշանակում է, որ նավթով հարուստ Ադրբեջանը, չնայած մարդու իրավունքների ոլորտում իր տխուր վիճակին, առանցքային պետություն է, ինչպես Լեհաստանը Եվրոպայի հյուսիսարևելքում և Ռումինիան` հարավարևելքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճարկվող Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին լարվածությունը Ռուսաստանին մեծ հնարավորություններ է տալիս այստեղ ազդեցությունն ավելացնելու համար, քանի որ Մոսկվան զինում է երկու կողմերին:

Ամեն դեպքում, Ուկրաինայի անջատողականների ընդլայնման վերաբերյալ Պուտինի տեսլականը, ըստ ուկրաինացի լրագրողների, այն է, ինչ Ռուսաստանն արդեն արել է օկուպացված Մերձդնեստրի հետ: Սա նեղ հողակտոր է, որը գրավվել է Մոլդովայից 1990-ականների սկզբին և դարձել է մաքսանենգների դրախտավայրը, այստեղ տեղակայված է ռուսական 2500 զինծառայող: Մերձդնեստրը կարող է դառնալ Ուկրաինայի ապագան, եթե Օբաման չգործի: Թույլ և շփոթված Եվրոպայի, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի ընթացքում Պուտինի կիրառվող ազգայնականության պայմաններում միայն ԱՄՆ-ը կարող է կազմակերպել Intermarium-ի ամրապնդումը:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ