Ռազմական համագործակցության նոր մակարդակ Ադրբեջանի և Իսրայելի միջև
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող իսրայելական պատվիրակության հետ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բինյամին Գանցի գլխավորությամբ։
Հայկական Ալիքի փոխանցմամբ՝ ԱՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Զաքիր Հասանովը «ընդգծել է երկկողմանի համագործակցության բարձր մակարդակը, որը ծանրակշիռ դեր ունի ոչ միայն Ադրբեջանի և Իսրայելի զարգացման գործում, այլև ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»։ Իր հերթին Բ․ Գանցը ընդգծել է երկկողմանի ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարբեր մասնագիտացման զինվորական մասնագետների մակարդակով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և այլ հարցեր։ Նշենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Ղուլիևի հետ։
Անհրաժեշտ է շեշտել, որ Իսրայելը Ադրբեջանի զենքի պահանջմունքը բավարարող հիմնական դաշնակիցներից մեկն է։ Իր հերթին Իսրայելը Ադրբեջանից էներգակիրների ներկրման շնորհիվ ապահովում է իր նավթի պահանջմունքի գրեթե կեսը։ Բացի այդ՝ Իսրայելի շահագրգռվածությունը Հարավային Կովկասում իր ներկայությունն ապահովելու մեջ պայմանավորված է տարածաշրջանում Իրանի ազդեցության աճին խոչընդոտելու մղումով։
Իսրայելը Խորհրդային միության փլուզումից և Հայաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումից ի վեր սերտ կապեր է հաստատել Ադրբեջանի հետ: Թե՛ Արցախյան նախորդ պատերազմները, թե՛ վերջին 44-օրյա պատերազմը ուղեկցվել են Ադրբեջանի կողմից Իսրայելից ռազմատեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ միլիարդներ արժեցող պայմանագրերով։ Ներկայումս էլ շարունակվում են ակտիվ ռազմական մատակարարումները Ադրբեջանին, ինչն ապացուցում է, որ թշնամական պետությունը ոչ միայն չի պատրաստվում խաղաղության, այլև համալրում է իր զինանոցը՝ պատրաստվելով լայնամասշտաբ պատերազմի:
Գիտենք նաև, որ Իսրայելը պահպանում է իր ներկայությունը տարածաշրջանում` հիմնելով հետախուզական կենտրոններ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, որոնք սահմանակից են Իրանին: Այսպիսով, իսրայելական ներկայությունն առաջին հերթին սպառնալիք է Իրանի համար, և իրանական բարձրաստիճան պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ հանդես են եկել հայտարարություններով` զգուշացնելով երրորդ ուժի` այս տարածաշրջանում ներգրավվածության անթույլատրելիության մասին: