24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կյանքից հեռացել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Բոյաջյանը

Ս.թ. հունվարի 28-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Ի դեմս Աննա Բոյաջյանի` գիտությունը և գիտական հանրությունը կորցրեցին համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականի, ով համադրում էր կենսաբանական և բժշկական գիտությունները, ինչպես նաև հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր և պարզապես լավ ու կամեցող մարդու:

            Աննա Սուրենի Բոյաջյանը ծնվել է 1954թ.-ի օգոստոսի 29-ին, ք. Երևանում: 1971թ.-ին դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, որն ավարտել է գերազանցության դիպլոմով 1976թ.-ին: 1976-1978թթ.-ին անցել է վերապատրաստում Մոսկվայում ԽՍՀՄ ԲԳԱ Բժշկական և կենսաբանական քիմիայի ինստիտուտում, իսկ 1979-1981թթ.-ին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի (ք. Երևան) ասպիրանտուրայում: 1982-1987թթ.-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, որտեղ 1986թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988թ.-ից տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ` ստանձնելով գիտական խմբի ղեկավարի պաշտոն: 1996թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1997-2006թթ.-ին հանդիսացել է ՀՀ ԳԱԱ  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն և առաջատար գիտաշխատող: 2006թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում կենսաբանության ոլորտում: Աննա Բոյաջյանի նախաձեռնությամբ նույն ինստիտուտում 2003թ.-ին հիմնադրվել է Մակրոմոլեկուլային համալիրների լաբորատորիան (2014թ.-ից` Մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիա), իսկ 2013թ.-ին` Կիրառական մոլեկուլային կենսաբանության բաժինը: 2006թ.-ից մինչ օրս զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 2014թ.-ի դեկտեմբերին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:

Գիտական գործունեության ընթացքում Աննա Սուրենի Բոյաջյանը 1996-2003թթ.-ին դասավանդել և համատեղ աշխատանքներ է իրականացրել Մաքս Պլանկի Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտում (Գերմանիա), Թագավորական քոլեջում (Մեծ Բրիտանիա), Մաքս Պլանկի հոգեբանության ինստիտուտում (Գերմանիա), Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա), Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտում (Գերմանիա), Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում (ԱՄՆ), Էստոնիայի Կենսաբանության կենտրոնում, Ռուսաստանի Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնա, ՌԴ): Աննա Բոյաջյանը առաջին հայ գիտնականն էր, ով 2014թ.-ին մրցութային հիմունքներով դարձել է գիտական խմբի ղեկավար Կեմերովոյի տեխնոլոգիաների ինստիտուտում:

            2006թ.-ից հանդիսացել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի ամբիոնի վարիչ և դասախոս-պրոֆեսոր, իսկ 2007թ.-ից` նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բժշկակենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր, 2012թ.-ից` Երևանի Պետական համալսարանի Կենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր: Ունի 9 ազգային և միջազգային պարգև, 1995թ.-ից ղեկավարել է 22 գիտական նախագիծ: Մի շարք ազգային և միջազգային ընկերությունների անդամ էր, ՀՀ ԳԱԱ Փորձարարական կենսաբանության 042 մասնագիտացված խորհրդի նախագահ, «Հայաստանի կենսաբանական հանդես» պարբերական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ և մի քանի միջազգային գրախոսվող ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ և գրախոս: Աննա Բոյաջյանը հանդիսանում էր նաև Մոլեկուլաբջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ և Կենսաբանական հոգեբուժության հայկական ընկերության նախագահ: Իր ղեկավարությամբ պաշտպանվել են 20 թեկնածուական աշխատանք և 30-ից ավելի դիպլոմային, բակալավրական և մագիստրոսական աշխատանք: Նա եղել է 5 դոկտորական ատենախոսական աշխատանքների գիտական խորհրդատու: Աննա Բոյաջյանը 400-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում` 13 մենագրության, և ունի 3 արտոնագիր:

            Բեղուն գիտական, մանկավարժական և գիտահասարակական աշխատանքի շնորհիվ` Աննա Բոյաջյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու,  ՀՀ Ազգային Ժողովի պատվո մեդալներով և Մեծ Բրիտանիայի Գլոբալ Ռեյտինգ կազմակերպության «Գիտության և տեխնոլոգիայի զարգացման համար»  ոսկե մեդալով, ՀՀ ԳԱԱ Նախագահության դիպլոմով և հանդիսանում էր Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

            ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ադմինիստրացիան և աշխատակազմը տեղեկացնում է, որ Աննա Սուրենի Բոյաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 30-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հակոբ եկեղեցում (Քանաքեռ), իսկ հուղարկավորությունը` հունվարի 31-ին, ժամը 13:00-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ