Որոշում է կայացվել Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում կատարված սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաեւ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաեւ առերեւույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաեւ բռնվելու հանգամանքները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ- որոնողական միջոցառումներ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել վերջինիս ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: