Փոփ արքայի մահվանից անցել է 3 տարի /վիդեո/
Այսօր` հունիսի 25-ին, լրանում է փոփի արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնի մահվան 3 տարին:
Այսօր երգչի երկրպագուների առջեւ բաց կլինեն նրա տան դռները: Ինդիանա նահանգի Գերի քաղաքը, որտեղ գտնվող տանը Ջեքսոններն ապրել են մինչեւ 1969-ը, հունիսի 25-ը հայտարարել է Ջեքսոնի հիշատակի օր: Այդ օրը երգչի երկրպագուները մի քանի ժամ կարող են անցկացնել իրենց կուռքի տանը, մոմեր վառել, իսկ ավելի բախտավորները ուղղաթիռի տոմս են գնում եւ մասնակցում շրջագայության` Ջեքսոնի “Neverland” կալվածքի վրայով:
Բացի այդ, ԱՄՆ-ում այսօր բարեգործական համերգներ եւ աճուրդներ են տեղի ունենում, որոնցից ստացված հասույթները տրամադրվում են հիվանդ եւ կարիքավոր երեխաներին աջակցող հիմնադրամներին:
Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958-ի օգոստոսի 29-ին Ինդիանա նահանգի Գերի քաղաքում: Նա ընտանիքի 9 զավակներից 7-րդն էր: 5 տարեկանից դարձել է իր ընտանիքի անդամներից կազմված “Jackson Five” խմբի անդամ: 70-ականներից սկսել է նրա սոլո կարիերան:
Ջեքսոնն ավելի քան 350 երաժշտական մրցանակ է ստացել, այդ թվում` 15 “Գրեմմի”: Նա նաեւ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես բոլոր ժամանակների ամենահաջող արտիստ: Նա մահացավ 2009-ին` 50 տարեկանում: