Շվեդուհին փոխհատուցում է ստացել դիակի հետ թռիչքի դիմաց
“Sveriges Radio”-ի թղթակից Լենա Պետերսոնը փոխհատուցում է ստացել “Kenya Airways” ավիաընկերությունից` Հոլանդիայից Տանզանիա մահացած մարդու “ընկերակցությամբ” թռչելու համար: Փոխհատուցումը կազմել է 5 հազար կրոն` մոտ 713 դոլար, այսինքն` նրա տոմսի արժեքի ուղիղ կեսը: Պետերսոնը հայտնել է իր գոհունակությունը եւ նշել, որ գումարի չափը նորմալ է:
30 տարեկան տղամարդը մահացել է ինքնաթիռի` Ամստերդամից թռիչք կատարելուց գրեթե անմիջապես հետո: Պետերսոնը պատմել է, որ նույնիսկ մինչեւ թռիչքը տղամարդը ուժեղ քրտնել է եւ ցնցումների մեջ ընկել, սակայն անձնակազմը ոչինչ չի ձեռնարկել: Մահից հետո տւղամարդու դիակը պառկեցրել են ինքնաթիռի կենտրոնում գտնվող 3 նստարանների վրա եւ պատել այն ծածկոցով:
Լրագրողն ստիպված է եղել արձակուրդ մեկնելու ողջ ճանապարհն անցկացնել դիակի կողքին: Մինչ Տանզանիայի մայրաքաղաք Դար-Էս-Սալամ ինքնաթիռը կանգ է առել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Մինչեւ Նայրոբի թռիչքը տեւել է 8 ժամ, Նայրոբիից Դար-էս-Սալամ` 1 ժամից քիչ ավել: