Քո երկնային ՄԵԾ գոյությամբ ներկա ես, սիրելի ընկեր
Ուղիղ կեսգիշերին Ֆեյսբուքը ծանուցեց՝ հունվարի 10-ը Գոհար Իսախանյանի ծննդյան օրն է: Առաջին անգամ խախտվեց ավանդույթն ու չկարողացա SMS ուղարկել իմ ընկերոջն ու գործընկերուհուն, նրան, ում կարող էի վստահել նույնիսկ անձնական ընտանեկան գաղտնիքդ ու լսել նրա խորհուրդը:
Չուղարկեցի հաղորդագրություն ու չստացա նրա պատասխանը՝ շնորհակալ եմ, առաջինը դու էիր…
Այնուամենայնիվ, երբ Կապանում էի, հունվարի 1-ին չխախտեցի ավանդույթը…նորից քո տանն էի՝ շնորհավորելու Նոր տարին: Ամեն ինչ նույնն էր, միայն դու չկայիր, մայրդ՝ տիկին Մարիետան էր ամեն անկյունում փնտրում քեզ:
Ժպտադեմ լուսանկարդ չէր բավարարում ծնողներիդ… ողբում էին կորուստդ ու պատմում քո մասին…Հիշողություններ, հիշողություններ…
Ախր ինչո՞ւ այսպես շուտ դարձար հիշողություն…Ինչո՞ւ, այդքան ուշադիր էիր բոլոր նկատմամբ, բայց անտարբեր քո առողջության հանդեպ…
“Ցավ է, էլի է եղել, կանցնի”,-պատմում է մայրդ ու մեղադրում ինքն իրեն, որ իզուր լսեց քեզ, իզուր չզանգեց շտապ օգնություն…
Հայրդ՝ Ռեչիկը համակարգչի մոտ նստած շախմատ է խաղում ու ասում՝ Գոգ, ո՞ւր ես, արի վեր եմ կենում, արի լուրերդ գրի…
Իսկ Գոգը չի արձագանքում, ժպտում է լուսանկարից՝ասելով՝ մայրիկ, հայրիկ, պինդ մնացեք….
Չէ՛, այլեւս պինդ չեն նրանք՝ առանց քեզ, նրանք, ինչպես մենք՝ կարոտում ենք քեզ, քո խստբարո, բայց բարի կեցվածքին, քո խոհուն հայացքին, շատ բան ասող քո ժպիտին…
Էլի մայրդ չխախտեց ավանդույթը. Գոհարս քեզ միշտ թթի օղի էր տալիս՝ ասաց, ու բերեց օղին…
Չէ, ամեն ինչ նույն է, միայն դու չկաս….
Այսինքն կաս ու միշտ կմնաս քո երկնային ՄԵԾ գոյությամբ, քո աներեւույթ ներկայով, քո խորհուրդներով ու երբեմն արված քո կշտամբանքներով…
Ասում էիր՝ տեսնես, ո՞ր մեռնեմ, շատ մարդ կգա՞ թաղմանս, շատ ծաղիկներ կբերե՞ն: Եկան ծանոթ թե անծանոթ, պաշտոնյա թե շարքային քաղաքացի, Գոգ ջան, եկան, բերեցին ծաղիկներ ու լրատվական բոլոր կայքերը գուժեցին մահդ՝ հանկարծամահ է եղել Արմենպրեսսի երկարամյա լրագրող, Կապանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Գոհար Իսախանյանը…
Այսօր՝ Ֆեյսբուքում շարունակում են քեզ շնորհավորել, իմ ընկեր, իմ սիրելի Գոհար…..
Ընկերներիդ շնորհավորանքների մեջ չնայած բառերի սով է, սակայն ոչ մեկը չի կարողանում անցյալ ժամանակով խոսել քո մասին:Մի քիչ փոխելով ընկերներիցդ մեկի՝ Արմինե Սահակյանի Ֆեյսբուքյան գրառումը՝ ասում ենք.
“Կապույտ երկնքի տակ ձեռքերս ենք պարզում, փարվում քեզ եւ ասում ծնունդդ շնորհավոր մեր ժպտադեմ հրեշտակ, դու մեր ներկա հիշողություն, մեր կորցրած հարստություն…”:
Գոգ, իսկապես շնորհավոր….