Ութ ընտանիքի երջանիկ բնակարանամուտը՝ Ամանորի նախաշեմին
Վանաձորի Տարոն 3 թաղամասում տեղի ունեցավ նորակառույց բազմաբնակարան շենքի բացման և տնօրհնեքի արարողությունը:
Ամանորի նախաշեմին ամենամեծ նվերը Վանաձորի 8 ընտանիքների համար սեփական հարկի տակ նոր տարին դիմավորելն է: Մի ամբողջ կյանք վագոն-տնակում ապրելուց հետո ասօրվա իրականությունն անհավատալի է թվում շատերին:
«Բառեր չկան նկարագրելու իմ ապրածն ու զգացածը: 23 տարի մետաղական տնակում ենք ապրել:Երբեմն թվում էր՝ դրսում ենք ապրում, անձրևին՝ թաց, արևին՝ շոգ ու ձմռանը՝ ոնց սառնարանում: Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրն է: Ես տուն ունեմ: Իմ ընտանիքը տուն ունի: Այսքան տարվա մեջ առաջին անգամ իմ ընտանիքը նոր տարին կդիմավորի մարդավայել»,- արցունքն աչքերին ասաց Գայանե Ուլիբեկյանը:
Դեռ 2008թ-ին «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սթիվ Լազարյանի նախաձեռնությամբ սկսվել է Վանաձորի ոչ աղետի հետևանքով վագոն տնակներում բնակվող ընտանիքներին աջակցելու ծրագիրը: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ-ի և Վանաձորի քաղաքապետարանի եռակողմ համագործակցությամբ նախատեսված է կառուցել 96 տուն: Ծրագրի 4-րդ փուլն ավարտվեց: Շահագործման հանձնված 48 տներին միացավ ևս 8 բնակարան. երկու՝ մեկ և վեց՝ երկու սենյականոց:
«Համատեղ ծրագրի իրականացման հերթական՝ չորրերդ ու թերևս ամենահաջողված փուլն ավարտվեց: Այս փուլում որպես նվիրատվություն 74% ներդրում է կատարել «Առդա» բարեգործական հիմնադրամը և 11%՝ Վանաձորի քաղաքապետարանը: «Ֆուլլեր Տնաշինական Կենտրոնը» կատարել է 15% ներդրում՝ երկարաժամկետ, անտոկոս փոխառության կարգով: Ընդհանուր առմամբ ծախսվել է 72 միլիոն դրամ: Բնակարանները, որպես լրացուցիչ նվեր «ԱՌԴԱ»բարեգործական հիմնադրամի կողմից, կահավորվել են նաև խոհանոցային կահույքով, գազի վառարանով, սալօջախով ու ջրատաքացուցիչով»,-ասաց «ԱՌԴԱ» ԲՀ տնօրեն Հրահատ Ստեփանյանը:
«Յուրաքանչյուր բնակարանամուտ նոր կյանքի սկիզբ է, ապագայի հուսալի հիմք, նոր հնարավորությունների մեկնարկ: Ամեն ընտանիք մեր հասարակության մի մասն է և ինչքան կայուն ու հաջողակ է յուրաքանչյուր ընտանիք, այնքան առողջ է հասարակությունը: Դեռ շատ ընտանիքներ են սպասում իրենց երազանքի տանը: Մենք աշխատում ենք, որ նրանք շատ չսպասեն»,-ասաց «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Բնակարանները կառուցվել են նոր տեխնոլոգիաներով, օգտագործել են փրփրապլաստե բլոկներ ու տեղական շինանյութ: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2014-ի գարնանը: Աշխատանքներին մասնակցել են նաև ծրագրում ընտրված ընտանիքներն ու Հայաստան ժամանած արտասահմանյան կամավորական խմբեր: