Բրյուսելյան հանդիպումների ֆոնին ինչի՞ մասին են հուշում թուրք-ադրբեջանական շեշտադրումները. «Փաստ»
Տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ։ Ադրբեջանը պարբերական ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը և հրաժարվում է հետ քաշել ՀՀ տարածքում գտնվող իր ռազմական ուժերը։ Ուընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմից եկող մեսիջները վկայում են այն մասին, որ Անկարան ու Բաքուն պատրաստ են Հայաստանի դեմ նոր ռազմական կամպանիայի։ Դրա ապացույցն են նաև թուրք-ադրբեջանական պարբերական դարձած զորավարժությունները ու ռազմատեխնիկական համագործակցության շարունակական ընդլայնումը։
Այսպիսի իրադրության պայմաններում թուրքական ղեկավարությունից անընդհատ հայտարարում են, թե Հայաստանը պետք է օգտվի «պատմական շանսից»։ Եթե կապիտուլյացիայից հետո խաղաղություն մուրալը «պատմական շանս» է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել դրա այլընտրանքը։
Նկատի ունենանք, որ Արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում մեծացել է Թուրքիայի ազդեցությունը, սակայն Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, որոնցից մեկն էլ կապված է Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորման հետ, իսկ Բաքվի «ախորժակը» գնալով ավելի է բացվում։ Ու այս ընթացքում, երբ հայկական կողմը հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, թուրքական կողմն արձագանքում է, թե դրա համար Հայաստանից խոսքերի փոխարեն կոնկրետ քայլեր են ակնկալում, այսինքն՝ նախապայմանների իրագործում։ Բայց հանկարծ Անկարայի դիրքորոշման իբր փոփոխություն է տեղի ունենում, և Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն անսպասելիորեն հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։
Շատ չանցած Չավուշօղլուի այս հայտարարությունը հաստատում են նաև ՀՀ իշխանությունները ԱԳՆ խոսնակի միջոցով։ Սակայն թուրքական կողմից հնչող ուղերձներին պետք է մեծ վերապահումով մոտենալ, և փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների նշանակումը դեռևս չի նշանակում, թե դրա արդյունքում հարաբերությունն անպայմանորեն կարգավորվելու է։ Թուրքական կողմը 2009 թվականին հայ-թուրքական արձանագրություններն էլ ստորագրեց, բայց թե հետո ինչպես դրանց իրագործումն Անկարան ձախողեց, բոլորս գիտենք։ Մյուս կողմից էլ՝ Չավուշօղլուի հայտարարությունը հերթական դեպքն է, որ հայ հանրությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված գործընթացների մասին տեղեկանում է թշնամի երկրի իշխանությունների հայտարարություններից։ Իսկ այս իրողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունները հասարակությունից գաղտնի պայմաններում են բանակցում։ Ուայստեղ հերթական հարցն է առաջանում, թե ինչո՞վ է, ի վերջո, պայմանավորված թուրքական դիրքորոշման այսպիսի «փոփոխությունը», մի՞թե ՀՀ իշխանություններն ընդառաջ են գնում թուրքական նախապայմաններին։
Եվ քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միշտ կապել է Ադրբեջանի հետ, ապա պետք է ուշադրություն դարձնել այս օրերին Բաքվի պահվածքին։ Իսկ Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումներն այս առումով կարող են ցույց տալ, թե իրադարձություններն ինչ սցենարով են զարգանում։ Ուշագրավ է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։
Ըստ նրա, եթե «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետ դրվի, ապա իրենք էլ կարող են մաքսակետ դնել Լաչինի միջանցքում։ Ալիևի այս հայտարարությանը հետևում է Փաշինյանի պատասխանը ֆեյսբուքյան գրառման տեսքով, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Իսկ այս հակադարձումին հետևում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, որի արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ, բացի նրանից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական խորհրդատվական խումբ կտրամադրի, ուրիշ ոչ մի նորություն չկար։
Եվ ահա, հանդիպումից հետո Փաշինյանը նոր ֆեյսբուքյան գրառում է կատարում՝ նշելով, թե եռակողմ քննարկման արդյունքում երկաթուղու վերագործարկման մասով պայմանավորվել են, որ այն կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով: Սրանով, կարծես թե, Փաշինյանը փորձում է կրկին ցույց տալ, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Սակայն վերջինիս հավաստիացումներն արդեն այնքան են արժեզրկվել, որ հիմնականում դրանց հակառակն է տեղի ունենում։ Արդյոք պատահակա՞ն էր Ալիևի ակնարկը Լաչինի միջանցքի մասին։
Եթե առաջ Ալիևը խոսում էր ուժով միջանցք բացելու մասին, ապա այս անգամ խնդիրն Արցախյան հակամարտության ուղղությամբ է տանում։ Ուստի, եթե Ադրբեջանը փորձի Լաչինում մաքսակետ դնելու միջոցով ճնշել Հայաստանին, մեր իշխանությունները մտածե՞լ են, թե ինչպես կարելի է հակազդել ու թույլ չտալ այդ, թե՞ նորից հակվելու են զիջելու գաղափարին։ Այլապես ինչո՞ւ են հանրային դաշտ նետվում իշխանական այն թեզերը, թե պետք է համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության տարբերակին, հակառակ դեպքում ավելին ենք կորցնելու…