Թունավորված երեխաների ծնողները կարող են դիմել
“Հայաստանի սպառողների ասոցացիա” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման դեպքին՝ մասնավորապես ասաց, որ անվերահսկելիության եւ անպատժելիության միջավայր է:
“Դեպքերը կրկնվում են եւ էլի են լինելու, եւ մենք համապատասխան արձագանք չենք ստանում համապատասխան մարմինների կողմից”,-ասաց նա:
Արմեն Պողոսյանը հիշեցրեց տարիներ առաջ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած դեպքը, երբ ջրագիծը եւ կոյուղագիծը խառնվել էին իրար եւ հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում էին: Սակայն այդպես էլ գործը չբացահայտվեց ու մեղավորը պատասխանատվության չենթարկվեց:
“Հիմա նույնն է կրկնվում, մանուկները թունավորվել են եւ դեռ հստակեցված չէ՝ ջրի՞ց է եղել թունավորումը, թե՞ սննդից: “Երեւան ջուր”-ը պարտավոր է երկու ժամը մեկ ստուգել ջրի որակը”,-նշեց նա
Արմեն Պողոսյանը կոչ արեց թունավորված երեխաների հարազատներին դիմել իրենց եւ դատական կարգով կպաշտպանեն շահերը:
“Մեր օրենսդրության մեջ կա բարոյական վնասի փոխհատուցում կետը, սակայն այդ վնասի փոխհատուցումը հաշվարկելու մեխանիզմ չկա: Մենք պետք է ձգտենք, որ օրենքում եղած բարոյական վնասի փոխհատուցման բարոյական մասը վերածենք նյութականի”,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորվել էին 51 երեխա: