26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատժամիջոցների կարճաժամկետ տնտեսական զգայունության և երկարաժամկետ խոցելիության խնդիրները

Ուկրաինայի շուրջ դրսևորվող հակամարտության համատեքստում Ռուսաստանի Դաշտնության (ՌԴ) դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները զգալիորեն կանխորոշում են միջազգային տնտեսության ներկայիս անկայուն իրավիճակը, զարգացման դինամիկան և հեռանկարները: Տնտեսական պատժամիջոցներով առաջնորդվող հակամարտության այս հարթությունում, սակայն, խիստ կարևորվում են տնտեսական փոխկապակցվածության համատեքսում առավել անկախ և ինքնաբավ լինելու հատկությունները, որոնց գնահատումն առավելապես պայմանավորված է կարճաժամկետ տնտեսական զգայունության և երկարաժամկետ խոցելիության  հասկացությունների դիտարկմամբ:

Տնտեսական փոխկապակցվածության համատեքստում տնտեսության կարճաժամկետ զգայունություն եզրույթը սահմանում է  փոխգործակցության դադարեցման արդյունքում հետևանքների  ծավալների ու  ազդեցության տեմպի փոխադարձ  կախվածության դինամիկան:  Այսինքն՝ համակարգի  որևէ  հատվածում  դրսևորվող փոփոխությունը որքան արագ  է նպաստում մեկ  այլ  ոլորտում  փոփոխությունների առաջացմանը:

Այս հասկացությունը խիստ տարբերվում է տնտեսական փոխգործակցության հարաբերություններում երկարաժամկետ խոցելիության եզրույթի գործոնով պայամանավորված դիտարկումներից: Տնտեսական խոցելիության մակարդակը վերաբերում է տնտեսական հարաբերակցությունում կառուցվածքային փոփոխությունների  հետ  առչնվող հարաբերական ծախսերին: Ըստ այդմ՝ տնտեսական խոցելիությունը առավել  մեծ ազդեցություն է  ապահովում  հարաբերություններում,  քան զգայունությունը:

Փորձենք դիտարկել Ռուսաստանի Դաշտնության և արևմտյան տերությունների երկկողմանի պատժամիջոցներով առաջնորդվող տնտեսական հակամարտության  արդյունքները՝ կարճաժամկետ տնտեսական զգայունության և երկարաժամկետ խոցելիության  հասկացությունների լույսի ներքո:

Հեղինակավոր The Wall Street Journal պարբերականի կողմից հրապարակված   Եվրահանձնաժողի  տվյալներում նշվում է, որ թեև ՌԴ  դեմ  կիրառվող  պատժամիջոցները  վնասում են  Եվրոպական Միության (ԵՄ) տնտեսությանը, այնուամենայնիվ,  արդյունքում  գլխավորապես  տուժում  է ՌԴ-ն: Համաձայն  ներկայացված տվյալների՝ պատժամիջոցների կիրառման հետևանքով ՌԴ տնտեսության  աճը այս տարի կնվազի 0,6%-ով, իսկ  հաջորդ տարի՝ 1,1%-ով: Այս համատեքստում՝ ԵՄ-ում  տնտեսական աճը  երկու տարիների ընթացքում կնվազի հավասարաչափ  0,2-0,3%-ով: Տվյաներում, հարկ է նշել,   ներառված  չեն նաև  ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների  կողմից  կիրառված  պատժամիջոցների ազդեցությունը:

ԵՄ-ի կողմից ներկայացված գնահատականների համաձայն՝ 2014թ.-ին ՌԴ-ից կապիտալի  արտահոսքը  կհասնի $120 մլրդ.-ի:

Բրիտանական  հեղինակավոր The Telegraph  պարբերականը ընդգծում  է,  որ  նավթի գնի  անկումը  իրապես  խոցելի  է  դարձնում  ՌԴ տնտեսությունը:  Համեմատական  զուգահեռներ են անցկացվում մասնավորապես 1985թ. սեպտեմբերին Սաուդյան  Արաբիայի կողմից  նավթի  շուկայի  կառավարելիության ազդեցության դադարեցման  ու  մեծ  քանակությամբ  նավթի թողունակության ապահովման հետ՝  նպաստելով նավթի շուկայի  լճացմանը: Նման քաղաքականության իրականացումը, հիշեցման կարգով նշվում է, հանգեցրեց   Սովետական  միությունում տարեկան  $20 մլրդ  վնասի՝  շոշափելի  գումար,  առանց  որի երկիրը  պարզապես  չկարողացավ գոյատևել: Անհանգստություն  կա,  որ  իրադարձությունները  կարող  են կրկնվել:

Համաձայն The Guardian  պարբերականի՝  ՌԴ  բյուջեի  եկամուտների կեսից  ավելին  ապահովվում  է նավթի  և  գազի  վաճառքից ստացված եկամուտներով,  ուստի ՌԴ  տնտեսությունը  չափազանց  զգայուն է արձագանքում նավթի  գնի  փոփոխություններին:

Հաշվի առնելով վերոգրյալ փաստարկները՝ Ռուսաստանի Դաշտնության և արևմտյան տերությունների տնտեսական փոխգործակցության հարթակում  պատժամիջոցների առկայությունը կարճաճամկետ  զգայունության  տեսանկյունից առավել խոցելի  է դարձնում ՌԴ-ին: Հատկանշական  է,  որ նավթի  գնի  անկման պարագայում  յուրաքանչյուր  մեկ  դոլլարի դիմաց ՌԴ բյուջեն    զգալի   գումարներ  է  կորցնում: Տվյալները  փաստում են, որ  ՌԴ տնտեսությունն առավել    ընդգծված   զգայունություն  է  դրսևորում  պատժամիջոցների  նկատմամբ:

Երկարաժամկետ խոցելիության դիտանկյունից՝ դեռևս վաղ է կանխորոշել, թե տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված հակամարտությունն իրականում ինչպիսի վերջնական ազդեցություն կունենա ՌԴ տնտեսության վրա.  կարճաժամկետ  ազդեցություն,  որը  ՌԴ-ն որոշ  ժամանակ  անց    կհաղթահարի,  թե  դրանք  կհանգեցնեն երկարաժամկետ, ռիսկային ու  անկանխատեսելի հետևանքների:

Նույնքան  վաղաժամ  է նաև  գնահատել՝ մասնավորապես որ  պետությունները  կշահետ  հակընդեմ պատժամիջոցների արդյունքում ձևավորված  խառնաշփոթ տնտեսական իրավիճակից: 

Հետաքրքրական  է, սակայն, որ  Morgan Stanley ընկերության զարգացող շուկաներում ներդրումների ղեկավար  Ռուչիր Շարման  մատնանշել  է, որ կլինեն հաղթողներ ու պարտվողներ: Հաղթողները, ըստ վերջինիս կանխատեսման,  կլինեն  նավթ  սպառող երկրները, իսկ  պարտվողները՝ նավթարդյունահանող  երկրները:  Ըստ  էության, աշխարհը  հիմնովին  փոփոխությունների  է  ենթարկվել  վերջին  տասնյամյակների  ընթացքում, որի տնտեսական  ուղղավածությունը դեռևս հստակ  ձևավորված չէ:

Նարինե Մեհրաբյան  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ