Մի հայհոյեք, մի բամբասեք, ձեզ տիրապետել սովորեք․ սկսվում է Առաջավորաց Պահքը
Այսօր սկսվում է Առաջավորաց Պահքը: Այն հատուկ նշանակություն ունի Հայոց համար: 5 օր պահք է, մինչև ուրբաթ երեկո ներառյալ: Նախքան ուտելիքի մասին մտածելը, պահեք ձեզ ամեն չար բանից: Ավելի շատ համբերեք: Չար միտք մի թողեք, որ մտնի ձեր սրտի մեջ: Այլ վանեք այն Քրիստոսով, հենց գա ձեր վրա:
Մի հայհոյեք: Մի բամբասեք: Սեփական անձը զսպել ու ձեզ տիրապետել սովորեք: Չորս Ավետարան կա, գոնե մի հատը կարդացեք: 150 սաղմոս կա, գոնե օրեկան մի քանի հատ կարդացեք: Որպեսզի ձեր միտքը խորհի վերին բաների մասին: Այս պահքը շատ կարևոր է: Խնդրում եմ, պահեք այն, զղջացեք ձեր մեղքերի համար ու ապաշխարեք Քրիստոսի անունը կանչելով:
Ապաշխարելու համար գնալով ավելի քիչ ժամանակ է մնում: Խնդրում եմ, լույս սփռեք իրար, համ տվեք կյանքին ձեր խոնարհությամբ, աղոթքներով ու բարի գործերով: Իրար հետ այսպիսի բաների մասին խոսեք, որ վերանորոգվեն մեր հոգիներն ու կառուցվի մեր ընդհանուր տունը:
Արմեն Հարեյան