Կրակոցներ Խորհրդարանում. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/
Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մի շարք տարբեր վայրերում կրակոցներ են հնչել: Մասնավորապես, անհայտ անձինք կրակ են բացել երկրի Խորհրդարանի շենքի դիմաց, ինչպես նաեւ մի քանի հյուրանոցներում ու առեւտրի կենտրոնում, հաղորդում է НТВ-ն:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ անհայտ անձը, սեւ շորերով, եւ դեմքը ծածկած, կրակել եւ սպանել է Խորհրդարանի անվտանգության աշխատակցին:
Դրանից հետո հաղորդում է ստացվել, որ կրակոցներ հնչում են բուն Խորհրդարանում: Հայտնի է դարձել, ու 3 զինված անձինք ներխուժել են Խորհրդարանի շենք ու այնտեղ կրակ բացել:
Երկրի պատգամավորները, այդ թվում երկրի վարչապետ Սթիվեն Հարպերը Խորհրդարանի շենքից էվակուացվել են ոստիկանության ու դիպուկահարների օգնությամբ: Ընդհանուր առմամբ, Խորհրդարանում 25-30 կրակոց է հնչել:
Օտտավայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ քաղաքի տարբեր վայրերում հնչած կրակոցների արդյունքում կան երկու զոհ եւ մի քանի վիրավորներ, որոնք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Лента.Ру-ն հայտնել է նաեւ, որ Կանադայի ոստիկանությանը հաջողվել է սպանել Խորհրդարան ներխուժած հանցագործներից մեկին, մնացածը որոնվում են:
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ Կանադան վախեցած չէ մայրաքաղաքի կենտրոնում հնչած կրակոցներից և պատրաստ է կրկնապատկել սպառնալիքներին հակազդելու ուժերը երկրի պաշտպանության համար: