Սահմանամերձ գյուղերը կազատվեն հարկերից. նոր արտոնություններ
Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացրած Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին և հարակից մի շարք օրենքերում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը` Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ նպատակն է խթաններ ստեղծել սահմանամերձ համայնքներում տնտեսությունը զարգացբելու համար, վերանայել գործող հարկային գործիքները, որպեսզի բավարար պայմաններ ստեղծվեն տնտեսական աճի խրախուսման համար:
”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչու նախագծի մշակման ժամանակ Ֆինանսների նախարարությունը չի համագործակցել Պաշտպանության նախարարության հետ: Ի պատասխան` Միրումյանն ասաց, որ իրենք համագործակցել են Պաշտպանության նախարարության հետ, և եթե լինեն այլ առաջարկներ, իրենք ևս պատրաստ են լսել ու քննարկել: Փոստանջյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն մարդկանց հետո, ովքեր սահմանամերձ գյուղերում ծառահատում են իրականացնում, և արդյո՞ք նրանք ծառահատումներ իրականացնելու դեպքում կազատվեն տուգանքներից:
”Օրինագծի արտոնություններն իր մեջ բնապահպանական ոլորտը չի ընդգրկում, բոլորն էլ կենթարկվեն տուգանքների, եթե ծառահատում իրականացնեն”,- պատասխանեց Միրումյանը:
”Ժառանգություն” խմբակցության պատգամավորը հետաքրքրվեց, թե ո՞ր գյուղերն են համարվում ռազմավարական նշանակության: ”Լուրջ մոտեցում չէ, օրենքում պետք է հստակ նշել, թե որն է սահմանամերձ գյուղը, որին պետք է նման արտոնություններ տանք և զարգացնենք”,- հարցրեց Փաստանջյանը:
Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ Կառավարությունը պատրաստ է քննարկել այն առաջարկները, որոնք կվերաբերվեն սահմանամերձ գյուղի չափանիշները սահմանելուն: ”Պատրաստակամ ենք նաև ձեր կողմից ներկայացված առաջարկները քննարկել”,- եզրափակեց նա: