ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար:
Նա նշել է, որ 2013թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանը պատիվ է ունեցել նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին համահունչ էին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների եւ ԵԽ՝ որպես կազմակերպության օրակարգային հարցերին: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահությունը բավական հաջող է ընթացել, հավասարակշռված եւ բոլոր անդամ երկրների հետ երկխոսության սկզբունքով:
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանություն մասին՝ Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետեւողական, եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, ու խորքային բարեփոխումներ են իրականացվել: Զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը: 2014թ. փետրվարին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, որի մեկնարկը տրվել է հունիսի 30-ին: ԱԺ նախագահը կարեւորել է ծրագիրը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդման առումով եւ նշել, որ այն հանդիսանալու է Հայաստանի կառավարության ճանապարհային քարտեզը առաջիկա 3 տարիների համար:
Անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Գալուստ Սահակյանը նշել է , որ ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը ՀՀ Նախագահին պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Բարեփոխումների գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների առաջարկները մշակվում են ակտիվ հանրային քննարկումների ներքո՝ Վենետիկի Հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է դատա-իրավական ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ 2012 թվականին ՀՀ նախագահի կողմից հաստատվել է ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի եւ դատական իշխանության ապահովումը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով ԼՂ խնդրի կարգավորման՝ ԵԽ առջեւ ստանձնած հանձնառությունը: Չնայած որ Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ եւ մեխանիզմներ չունի, կազմակերպությունը կարող է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից անկախ ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել եւս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում:
Գալուստ Սահակյանը նշել է, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի հաստատակամությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի պատրաստակամությունը, սակայն շարունակում են անհանգստության տեղիք տալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները, պատերազմի սպառնալիքները, ատելության սերմանումը, ռազմական ծախսերի անհամաչափ աճը, սպառազինությունների կուտակումը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ ազգերի ինքնորոշումը մարդու հիմնական իրավունքների իրագործման երաշխիքն է, եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ինքնորոշվել է ժողովրդավար հասարակության մեջ ապրելու նպատակով: Հնարավոր չէ ապրել եւ վայելել սեփական իրավունքները մի երկրում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ հայերին համարում են թիվ մեկ թշնամի, անգամ հետապնդվում են քաղաքացիական հասարակության այն ակտիվ անդամները, ովքեր համարձակվում են երկխոսության մեջ մտնել Հայաստանի իրենց գործընկերների հետ, ինչպես օրինակ, այս տարվա Սախարովի մրցանակի հավակնորդ Լեյլա Յունուսը:
Այնուհետեւ Գալուստ Սահակյանը հայտնել է, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Միջազգային հանրության եւ հատկապես Թուրքիայի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը աշխարհի ցանկացած անկյունում ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցն է:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության եւ առկա խնդիրների քննարկման հնարավորության համար: Նա նշել է, որ արդեն ունեցել է հանդիպումներ ՀՀ Նախագահի, վարչապետի, նախարարների, արդարադատության ոլորտի պաշտոնյաների եւ պատգամավորների հետ: Նիլս Մուիժնիկսը կարեւորել է կանանց նկատմամբ բռնության եւ գենդերային հավասարության ու արդարադատության համակարգի հետ կապված խնդիրները: Նա նշել է, որ կանանց նկատմամբ բռնության խնդիրներն առանձնահատուկ չեն. ցավոք, դրանք կան ողջ աշխարհում, սակայն լավ կլիներ, որ Հայաստանում այս խնդրին արձագանքեին բոլոր քաղաքական ուժերը, նպաստեին կոնվենցիայի վավերացմանը: Անդրադառնալով դատական համակարգին՝ Նիլս Մուիժնիկսը նշել է, որ այն ծանրաբեռնված է. վերջին տարիներին քննվող գործերի քանակը երկու անգամ մեծացել է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության որոշ մասը չի վստահում երկրի արդարադատության համակարգին, սակայն հարկ եղած դեպքում դիմում է հենց դատարան: Ըստ Նիլս Մուիժնիկսի՝ սա պարադոքսալ երեւույթ է: Նա նշել է, որ զեկույց է պատրաստվելու այցելության հետ կապված դիտարկումների շուրջ եւ հույս է հայտնել, որ զեկույցը օգտակար կլինի: Նիլս Մուիժնիկսը նաեւ գոհունակություն է հայտնել սահմանադրական փոփոխությունների հարցում Վենետիկի հանձնաժողովի հետ համգործակցության առումով եւ հույս հայտնել, որ ԵԽ հետ ՀՀ համագործակցությունը կշարունակվի Ստրասբուրգում:
Անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար բարձրացրած հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փաստել է, որ արդարադատության բնագավառում Հայաստանը տարիներ շարունակ բարեփոխումներ է իրականցրել, սակայն անելիք դեռ շատ կա: Այնուհետեւ նշել է, որ կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնությունները կանխարգելող կոնվենցիայի ընդունման հարցում մեր ազգային արժեհամակարգի հետ կապված լուրջ դիտողություններ կան, եւ որոշակի փոփոխություններից հետո կոնվենցիան կընդունվի: