Տեղի ունեցողը հայրենազրկումից բացի, ժողովրդագրական աղետ է
Վերջին 50 օրերի ընթացքում տեղի ունեցած և դեռ շարունակվող իրադարձություններն ունեն ժողովրդագրական ուղիղ հետևանքներ.
1. Պատերազմի մեկնարկից սկսած, ինչպես 2 շաբաթ առաջ հանրայնացրել էր ՀՀ արտգործնախարարությունը, Արցախից ժամանակավորապես ՀՀ են տեղափոխվել առնվազն 90 հազար խաղաղ բնակիչներ։ Այժմ նրանց մի մասը վերադառնում է Արցախի` ռուս խաղաղապահների ներկայությամբ հատված, սակայն արդեն իսկ իրողություն է, որ թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներ (ներառյալ` Շուշի և Հադրութի շրջան) տեղի հայ բնակչությունը չի կարող վերադառնալ։
2. Եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է կարճ ժամանակում թշնամուն նաև այնպիսի տարածքների հանձնում, որոնք առայժմ Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ են։ Այդ տարածքները գործող հայտարարության իրագործման արդյունքում լիովին կհայաթափվեն։ Քարվաճառից բնակիչների զանգվածային գաղթն այդպիսի օրինակ է։
3. Հերոս նահատակների թվաքանակի վերաբերյալ տարբեր տվյալներ են շրջանառվում (2.4֊4.8 հազար)։ Եթե հաշվի առնենք, որ 2020 թ. ՀՀ բնակչության բնական հավելաճը հոկտեմբերի 1֊ի դրությամբ կազմել է ընդամենը 5.4 հազար մարդ, ծնելիությունը աճի միտումներ չունի, իսկ մահացությունը բարձր է նաև կորոնավիրուսի պատճառով (արդեն 2.3 հազար, որից մոտ 1.3 հազարը` հոկտեմբերի 1֊ից հետո), հետևաբար տարին ՀՀ համար կարող է փակվել բացասական հավելաճով։ Դա կարող է նշանակել, որ ՀՀ֊ն կմտնի ժողովրդագրական ձմեռ, որը չի կարող մեխանիկորեն լրացվել հանձնված տարածքներից ՀՀ տեղափոխվածների թվաքանակի հավելմամբ. միգրացիան և բնական աճը տարբեր կատեգորիաներ են։
4. Մի քանի հազար հերոս նահատակները, բացառությամբ մի քանի տասնյակ խաղաղ տարեց բնակիչների և կանանց, վերարտադրողական տարիքի տղամարդիկ էին։ Եթե հաշվի առնենք, որ զորակոչված հիմնական տարիքային խմբի` 2000֊2002 թթ. ծնվածների մեջ տղաները ՀՀ֊ում եղել են տարեկան միջինը շուրջ 17 հազար (նվազագույն ցուցանիշը ՀՀ պատմության մեջ` առանց միգրացիայի հաշվարկման), եղած հարվածը շատ մեծ ազդեցություն է թողնելու ծնելիության հետագա մակարդակի վրա` առաջացնելով ժողովրդագրական փոս վերարտադրողական ներկա և հաջորդող փուլերում։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ մի քանի հազար վիրավոր զինծառայողների և խաղաղ բնակիչների մի մասը տևական ժամանակ կարող է ունենալ առողջության տարաբնույթ խնդիրներ։
5. Նախորդ երկու կետերն ավելի ծանր են անդրադառնալու Արցախի բնակչության բնական աճի վրա, և բացասական հավելաճն այս տարի, ցավոք, անխուսափելի է։
6. Շփման նոր գիծն անցնում է նախկին ԼՂԻՄ֊ի տարածքի միջով` մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ շատ հեռու , հետևաբար հակամարտության հետագա սրման ռիսկը նաև գոյութենական բնույթի ժողովրդագրական անվտանգության ռիսկ է պարունակում։
7. Իրադարձությունների սոցիալ֊հոգեբանական ազդեցությունը և տնտեսական հետևանքները լրացուցիչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ և Արցախի բնակչության և’ ծնելիության մակարդակի, և’ միգրացիոն վարքագծի վրա։
Նշված գործընթացները և ռիսկերը, ցավոք, նվազեցնում են հնարավորությունը, որ Արցախի բնակչության թիվը տեսանելի ապագայում վերադառնա նախկին` մոտ 150 հազարի մակարդակին, իսկ ՀՀ բնակչության թիվը աճի որևէ միտում ունենա։
Հ.Գ.։ Նշված և հնարավոր այլ հետևանքների մասին` մանրամասն վիճակագրությամբ, շարադրել եմ քիչ առաջ ավարտածս հոդվածում, որը ճիշտ կլինի հրատարակել պաշտոնական որոշ տվյալների թարմացումը հաշվի առնելուց հետո։
Վերլուծել է պատմաբան Միքայել Մալխասյանը