Պարգեւատրում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 4-ին Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին մի խումբ ուսուցիչներ: Հանրապետության տարբեր մարզերից եւ Երեւանից ԱԺ այցելած ուսուցիչներին ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ: Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար հանրապետության տարբեր դպրոցների մանկավարժներ պարգեւատրվեցին ԱԺ պատվո մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով եւ անվանական ժամացույցներով: Պարգեւները հանձնեց ՀՀ ԱԺ նախագահը, ով շնորհավորելով ուսուցիչներին ասաց.
«Հարգարժան ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Այս տոնը մեր հանրության ամենասիրելի տոներից մեկն է, քանզի վարժապետը, ուսուցանողը մեր ժողովրդի կողմից միշտ էլ եղել է հարգված, գնահատված, եւ նրա նկատմամբ մենք միշտ տածել ենք ակնածանք ու պատկառանք, լցված եղել երախտագիտությամբ: Պատահական չէ, որ հայոց առաջին ուսուցիչը` Մեսրոպ Մաշտոցը, իր ազգանվեր գործունեության համար սրբացվել է ու պաշտամունքի է արժանանում:
Գրի, գիտության, կրթության նկատմամբ հայ ժողովուրդը դարեր ի վեր դրսեւորել է ակնածալի վերաբերմունք, հաճախ ծնողն իր վերջին ինչքն է զոհաբերել` զավակին արժանավոր կրթություն տալու համար, անգամ տնից-տեղից կտրելով` հեռու ափերում իր ժառանգի ճակատագիրը վստահել է ուսուցչին` անվերապահորեն ապավինելով նրա մասնագիտական առաքելությանն ու մարդկային արժանիքներին:
Անգնահատելի է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, կայացման գործում: Դուք եք, սիրելի ուսուցիչներ, որ ձեր նվիրված ու հոգատար աշխատանքով մեծապես նպաստում եք մեր հասարակության վաղվա քաղաքացու ձեւավորմանը, դուք եք, որ գիտելիքների hետ մեկտեղ սերմանում եք հայրենասիրություն, մարդկայնություն, պատասխանատվության գիտակցում ու
քաղաքացիական կեցվածք: Եվ պատահական չէ, որ դպրոցին հրաժեշտ տալիս, շրջանավարտները հեռանում են արցունքներով լի աչքերով. դրանք երախտիքի, սիրո, հարազատից բաժանման արցունքներ են:
Տարբեր հանգամանքներից ելնելով, միշտ չէ, որ ձեր նվիրական աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն, երբեմն հասարակությունը պարտք է մնում ձեզ` չկարողանալով համարժեք հատուցել ձեր գործադրած ջանքերի դիմաց: Այժմ էլ քաջ գիտակցում ենք, որ ուսուցիչն իր գործունեությամբ արժանի է ավելի բարձր գնահատանքի, ավելի հոգատար վերաբերմունքի, եւ երկրի ղեկավարության կողմից արվում է հնարավորինը` բարելավելու ձեր գործունեության ու կենսական պայմանները, ինչը կրելու է շարունակական բնույթ:
Սակայն մի բանի պակաս դուք երբեք չեք զգացել. դա հասարակության բոլոր շերտերի անվերապահ սերն ու հարգանքն է ձեր նկատմամբ: Եվ պատահական չէ, որ յուրաքանչյուր աշակերտ իր ուսուցչին ընդունում է իբրեւ երկրորդ ծնող: Սա, ինչ խոսք, ամենաբարձր գնահատականն է:
Հայտնի է, որ գիտելիքը ուժ է, եւ ուսուցչին է վիճակված լինել այդ ուժի առաջին սերմնացանը: Հարափոփոխ մեր ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները տալիս են ճանաչողության անսահման հնարավորություններ, երբ միջմշակութային ու միջկրթական փոխհարաբերություններն ընդլայնվել ու էապես դյուրացել են, երբ կյանքի հրամայականով կրթության ոլորտը ենթարկվում է շարունակական բարեփոխումների, ուսուցչից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, նոր կրթակարգերի ու գաղափարների յուրացում, ինքնակատարելագործում:
«Եթե ուսուցիչը սիրում է եւ իր աշխատանքը, եւ իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ»,- ասում է դասականներից մեկը:
Միայն գործի նկատմաբ սիրո ու անմնացորդ նվիրման, պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ ուսուցիչը կարող է լավագույնս կատարել իր առաքելությունը` կրթել ու դաստիարակել երկրի վաղվա օրվա քաղաքացուն: Վատն է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին: Մաղթում եմ ձեզ, որ դուք հաճախ առիթ ունենաք վայելելու ձեր աշակերտներին` ձեզ գերազանցած տեսնելու բերկրանքը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով` ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ արգասաբեր աշխատանք` ձեր ազգանպաստ գործում»: