Վտանգված է Աստվածընկալ եկեղեցու վերականգնումը /ֆոտո, վիդեո/
2009թ-ից վերանորոգվող Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 13-րդ դարի Աստվածընկալ եկեղեցու շինարարությունը դադարեցվել է: Մի քանի օր է, այնտեղ աշխառտանքներ չեն իրականացվում, ինչը անհանգստացրել է ճարտարապետ Սուրիկ Սարոյանին: Նրա խոսքով, 2013թ-ին պետբյուջեով կառավարության որոշմամբ գումար է հատկացվել, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ գումարը հետ է գանձվել: Ճարտարապետի խոսքով, ինքը հիմա փորձում է փրկել կատարած աշխատանքները, քանի որ աշնանը հնարավոր է, որ եկեղեցին անձրեւներից փլուզվի: “Արդեն ծառ է աճել”,-ասաց նա:
Ի տարբերություն ճարտարապետի մտահոգության, լավատես էր Արագածոտնի մարզի հուշարձանների պահպանության վարչության պետ Մանուկ Մանուկյանը: Նա Henaran.am-ի հետ զրույցում զարմացավ, որ աշխատանքները դադարեցվել են ու խոստացավ ճշտել, լրացուցիչ զանգահարել:
Անկեղծ լինեմ ու խոստովանեմ՝ մտածեցի հերթական պաշտոնյայի հերթապահ պատասխանն էր: Սակայն մոտ երկու ժամից զանգահարեց ոլորտի պատասխանատուն եւ ասաց, որ վաղվանից աշխատանքները վերսկսվելու են: “Տեխնիկական խնդիրներ կային, լուծվել է, որ մի գումար հետ չի գանձվել: Աշխատանքները իրականացնում է ”Հուշարձանների վերականգնման կենտրոն” ՓԲԸ-ն”-ասաց Մանուկ Մանուկյանը:
Նշենք, որ Henaran.am-ը պարբերաբար անդրադառնալու է եկեղեցու վերականգման աշխատանքներին:
Ամեն դեպքում ճարտարապետի մտահոգությունը տեսանյութում: