Ինտենսիվ կերպով շարունակվում են “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու շինարարական աշխատանքները
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողությամբ “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու Տրանշ 1-ի՝ Երեւան-Արտաշատ (հատված 2), Երեւան-Աշտարակ (հատված 3) եւ Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին (հատված 1) ճանապարհահատվածներում ամռան ամիսներին ինտենսիվ կերպով շարունակվում են շինարարական աշխատանքները։
Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածում, որտեղ արդեն ավարտվել է ձախակողմյան մոտ 19.5 կմ երկարությամբ հատվածի բետոնապատումը,կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային կառույցների հատվածներում՝ ասֆալտապատում։
Բետոնապատման աշխատանքներ են իրականացվում ճանապարհի աջ կողմում.այստեղ մոտ 2,7 կմ հատվածն արդեն բետոնապատ է։
Շոգ եղանակի պատճառով այս հատվածում կատարվել է աշխատանքային գրաֆիկի փոփոխություն՝ կեսօրին աշխատելու փոխարեն աշխատանքներն ընթանում են երեկոյան եւ գիշերային ժամերին։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բազմիցս նշել է, որ Հայաստանի համար պետական նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցման համար կարեւորագույն խնդիր է բարձր որակի ապահովումը։
Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածում նախատեսվում է բետոնապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտել հոկտեմբերի երկրորդ կեսին։
Տրանշ 1-ի Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածի աջակողմյան մասում կատարվել է մոտ 10,4կմ, իսկ ձախակողմյան մասում՝մոտ 3.0 կմ բետոնապատում։
Այստեղ աշխատանքների ավարտը նախանշված է հոկտեմբերի առաջին կեսին։ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհաhատվածում իրականացվում են հողային աշխատանքներ (հանույթ, լիցք, պայթեցում), հնագիտական պեղումներ եւ հողօտարումներ։
Հայաստանի հյուսիսային հատվածի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի 55-րդ կիլոմետրում, ճանապարհի տակ տեղադրվում են ջրթող խողովակներ, որոնց միջոցով անձրեւաջրերն ու ձնհալոցքները կհեռացվեն՝ չվնասելով ճանապարհը։
Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաեւ այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության
լրատվական ծառայություն