Չորաթանում շուրջօրյա հերթապահություն է. նախարարից զենք են խնդրում/վիդեո/ֆոտո/
Տավուշի մարզի Չորաթան գյուղի և Ադրբեջանական Աղդամ գյուղի սահմանագիծը գրեթե չի նշմարվում՝ սահմանը խաղողի այգիներն են: Մինչդեռ թշնամին երբեք չի ընկալել հարևանության գաղափարը և դավադիր կրակոցներ է ուղղել խաղաղ հողագործի վրա՝ սեփական հողի վրա աշխատելու պահին:
՛՛Մենք երբեք չենք վախեցել դավադիր կրակոցից, միշտ պատրաստ ենք մեկին՝ տասը պատասխան տալու: Բայց մենք ազնիվ ենք մեր պայքարում, իսկ իրենք գողի պես ու անակնկալ դիվերսիոն գործողություններ են իրականացնում՛՛,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետը՝ Վարուժան Բաղմանյանը:
Նույնիսկ հարևան Չինարի գյուղի բնակիչները մեր այնտեղ այցելելու պահին ազատամարտիկ-գյուղապետ Բաղմանյանի հետևից օրհնում էին ու ասում.”Հերոս գյուղապետը մեզ էլ է հասնում…”:
Չորաթանցիները շուրջօրյա հերթապահություն են սահմանել՝ սահմանագծին: Մեջտեղ են եկել անգամ հին հրացանները.”Մի խնդիր կա մենակ՝ մենք ուզում ենք լավ զինված լինել ու զենք ենք խնդրում մեր հարգարժան նախարար՝ Սեյրան Օհանյանից”,-ասաց ազատամարտիկ Արտակը:
Գյուղացիների տրամադրությունը բավականին բարձր է, գյուղում խուճապ չկա: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքներով:
՛՛Ոչ ոք չի մտածում գյուղից հեռանալու մասին՛՛,-հավաստեց գյուղապետը:
Գյուղապետարանի հարևանությամբ ազատամարտիկ պապի հետ խաղում էր փոքրիկ Կարենը: Մեր հարցին, թե պապը ինչ ապագա է կանխատեսում թոռան համար նա պատասխանեց.՛՛ Թող մեր հող ու ջրին պիտանի՝ պինդ տղա դառնա՛՛:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում և ֆոտոշարքում: