17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հակաճգնաժամային ծրագրերը պետք է համարժեք լինեն եղած մարտահրավերներին. Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը: Հեղինակն անդրադառնում է երկիրը համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս բերելու մի շարք քայլերի, որոնք, ըստ նրա, հնարավոր է նախաձեռնալ ամենակարճ ժամկետներում: Հոդվածը կարող եք կարդալ ստորև:

Կենտրոնանալով երկիրը լոքդաունից  հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է՝ մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում․ մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա «կես-միջոց» է լինելու մինչ այն պահը, երբ մնացյալ աշխարհը մեզ համար բացվի։ Մինչ այդ պահը մենք պետք է վարժվենք «սեփական հյութի մեջ» եփվելուն։

Ինչո՞ւ եմ ես այս մասին խոսում։ Տեսեք. մարդկանց մի զգալի մասը չի կարողացել դուրս գալ երկրից՝ սեզոնային աշխատանքի, հատկապես՝ ՌԴ, և, ամենայն հավանականությամբ, այս տարի այդ հարցը դժվար թե կարգավորվի։ Գլոբալ մակարդակով կարանտինից դուրս գալը կարող է այնքան ձգվել, որ զբոսաշրջային հոսքերը մեզ մոտ կարողանան վերականգնվել հաջորդ գարնանը միայն, իսկ դա նշանակում է հյուրանոցների թերհագեցում, ծառայությունների ոլորտի փոքր ծավալ։ Ռուսաստանից տրանսֆերտների հավանական կրճատումը, ինչպես նաև աշխատատեղերի կրճատումն ու աշխատավարձերի հնարավոր իջեցումը՝ տնտեսության տարբեր հատվածներում, բնակչության մոտ պահանջարկի ընդհանուր անկում կգրանցեն։ 

Եւ այսպես, ի՞նչ է անհրաժեշտ անել՝ նմանատիպ ռիսկերի չեզոքացման և տնտեսական հարաբերություննների ակտիվացման համար․

Առաջին․ Հնարավորինս շատ փող ներարկել տնտեսություն՝ ուղիղ կերպով ֆինանսավորելով բնակչությանը։ Ի՞նչ է սա նշանակում

– երկրի տարբեր համայնքներում հասարակական աշխատանքների մեծ ծրագրերի նախապատրաստում և իրականացում՝ հատկապես այն վայրերում, որտեղից մեծ քանակությամբ մարդիկ չեն կարողացել դուրս գալ սեզոնային աշխատանքի։ 2010-2012 թվականներին՝ տնտեսական մեծ անկման շրջանում, մեր տնտեսության մեջ նախաձեռնվեցին, այսպես կոչված, «Հրատապ ծրագրերը», որոնցով 40 միլիարդ դրամ ծախսվեց ակտուալ և կարևոր խնդիրների լուծման վրա։ Նման ծրագրերը կարող են ուղղված լինել համայնքների բարեկարգմանը, կուտակված օպերատիվ հարցերի լուծմանը (բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, մանկապարտեզների նորոգում, ոռոգման համակարգերի բարելավում, համայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգում և այլն)։ Դրանք կլուծեն բնակչության զբաղվածության հարցը և կապահովեն եկամուտ։

– զբաղվածության ապահովման մեկ այլ պոտենցիալ ուղղություն կարող է և պետք է լինեն Կառավարության կողմից նախաձեռնվող կապիտալ շինարարության ծրագրերը՝ ճանապարհների, կամուրջների, թունելների և այլ ենթակառուցվածքների վերանորոգում և վերակառուցում, նորերի կառուցում, դպրոցների և հիվանդանոցների հիմնանորոգում, ոռոգման համակարգերի վերակառուցում. նման նախագծերի մասին ես վերջերս գրել եմ մանրամասն։ Դրանց մի մասը պետք էր սկսել դեռևս երեկ, բայց իշխանությունը, ցավոք, կենտրոնացած է ամենևին ոչ կոնստրուկտիվ գաղափարների վրա։ 

ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի տարիներին նման աշխատանքների շնորհիվ կառուցվել են հազարավոր կմ նոր ճանապարհներ, հարյուրավոր դպրոցներ, հիվանդանոցներ։ Հեռու չգնանք. ուզում եմ հիշեցնել Հայաստանի կառավարության մի նախաձեռնության մասին. 2008-ի համաշխարհային ճգնաժամի պայմաններում կառավարությունը, հասկանալով ձմռան ամիսներին կապիտալ աշխատանքների կազմակերպման ողջ բարդությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնեց երկրի բոլոր հիմնական ոռոգման ջրանցքների կապիտալ նորոգում։ Ջրատարները ամռան և աշնան ամիսներին իրականացնում են իրենց հիմնական գործառույթը, և դրանց հիմնանորոգումը հնարավոր չէր։ Մյուս կողմից՝ ձմռանը դա հնարավորություն տվեց զգալի գումարներ ներարկել երկրի տնտեսության մեջ։ Համաշխարհային բանկի կողմից այս ծրագիրն այդ ժամանակ համարվեց աշխարհում լավագույններից մեկը։ Բացի այդ, 2009 թվականին իշխանություններն աղետի գոտում բնակարանաշինության մեծ ծրագիր իրականացրին՝ մոտ 300 միլիոն դոլարի չափով։ Հազարավոր մարդիկ ապահովվեցին աշխատանքով, իսկ հարյուրավոր ընտանիքներ՝ նոր բնակարաններով։

Այսօրվա կառավարիչները պետք է սկսեն որսալ այդ կարևոր տրամաբանությունը. հակաճգնաժամային ծրագրերը պետք է համարժեք լինեն եղած մարտահրավերներին, բայց միաժամանակ նաև՝ լուծեն հեռանկարային խնդիրներ։ Կարելի է, գուցե, թերություններ փնտրել իրականացված ծրագրերում, սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում դրանց ծավալները, օպերատիվությունը և ռացիոնալությունը։    

– անհրաժեշտ է խթանել ներքին տուրիզմը, Արցախը՝ ներառյալ։ Քանի դեռ չի կարգավորվել օտարերկրյա զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան, մենք պետք է ներքին ռեսուրսներով օժանդակենք մեր զբոսաշրջային ոլորտին։ Օրինակ՝ կարող ենք առաջարկել հանգստի նոր փաթեթներ պետական ծառայողների, բուժաշխատողների, կրթական համակարգի, զինվորականության համար, և այդ փաթեթները պետք է սուբսիդավորվեն պետության կողմից։ Նման փաթեթների մեկնարկը տրվել է նախորդ իշխանությունների կողմից, և հիմա կարելի է թե՛ դրանց ծավալները մեծացնել, թե՛ դարձնել ավելի գրավիչ։ Պետք է հստակ պայմաններ դնել այդ փաթեթների աշխարհագրության վրա, որպեսզի բոլոր մարզերը կարողանան հավասարաչափ  օգտվել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ՝ մարզերից դեպի Երևան, որպեսզի երևանյան հյուրանոցները ևս ստանան որոշակի հագեցվածություն։

Այս գաղափարը հիմնավորվում է նաև նրանով, որ այս տարի շատ փոքր է լինելու Հայաստանից արտագնա տուրիզմի ծավալը։ Ամենայն հավանականությամբ՝ փակ են լինելու միջերկրածովյան ուղղությունները, թուրքական ծովափերը և հիմնական վրացական ափը։ Գրագետ և օպերատիվ կառավարման դեպքում՝ սա բացառիկ հնարավորություններ կարող է ստեղծել ամբողջ երկրով մեկ փոքր տուրիզմի խթանման և զարգացման համար։ Բացի այդ, դա եզակի հնարավորություն է շատ տեղացիների համար՝ նորովի հայտնագործելու իրենց սեփական երկիրը՝ Հայաստանն ու Արցախը։ Սրանով պետք է սկսել զբաղվել հենց այսօրվանից։

– ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ աշխարհի շատ երկրների կառավարություններ այս շրջանում որոշել են ֆինանսական աջակցություն տրամադրել միանգամից ողջ բնակչությանը։ Շատերին սա առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, քանի որ այդ օգնությունից տեսականորեն կարող են օգտվել նաև ապահով ընտանիքները, բայց այս մոտեցումն իրականում երկու կարևոր տեսանկյուն է ապահովում. ստեղծում է մթնոլորտ՝ հիմնված բարոյականության և պետական շահի գիտակցման կարևորության վրա, երբ կարիք չունեցողները հրաժարվում են այդ օգնությունից, մյուս կողմից՝ չի ստեղծվում այն վիճակը, երբ օգնությունը պարզապես չի հասնում իսկապես դրա կարիքն ունեցողին, ինչի խնդիրը մենք այսօր ունենք։ Հրաժարվողների ցուցակը, ի դեպ, կարելի է բաց հանրային ռեսուրս դարձնել։

 

Երկրորդ․ Ինչպես մեծացնել Հայաստանում գյուղմթերքի արտադրությունը

Ակնհայտ է, որ խոշոր սոցիալական լարվածություն է ձևավորվելու մարզերում, որտեղ հիմնական ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է։ Հետևաբար՝ այստեղ պետք կիրառվեն խելամիտ լուծումներ, որոնք կարող են լինել ոչ ստանդարտ, նույնիսկ՝ ժամանակավոր, բայց որոնց էֆեկտը մեծ կլինի։ Օրինակ՝ հայտնի է, որ մեծ ծավալի գյուղնշանակության հողեր երկրում չեն մշակվում, չեն օգտագործվում այն պատճառով, որ չկան դրանց սեփականատերերը։ Պետք է գտնել մեխանիզմ, որի շնորհիվ այսօր այդ գյուղական համայնքներում ապրող մարդիկ կկարողանան այդ հողերի հաշվին օգուտ ստանալ և պետությանն ապահովել մթերքով։

Օրինակ՝ կարելի է  ընդունել օրենք նման հողատարածքները ժամանակավորապես, անհատույց կերպով համայնքին հատկացնելու մասին, համայնքն էլ իր հերթին այն կփոխանցի գյուղացիներին՝ օգտագործման համար։ Նման պարագայում կարելի է սահմանել հստակ չափորոշիչներ՝ կոնկրետ վայրում մշակել կոնկրետ մշակաբույսեր։ Հողը կշարունակի մնալ տիրոջ սեփականությունը, բայց կսկսի օգուտ բերել պետությանը։ Պետությունն անգամ կարող է վարձակալության սիմվոլիկ գումար փոխանցել նոմինալ սեփականատիրոջը։ Կրկնեմ՝ սա այս պահին միայն գաղափար է, որը կարիք ունի մանրակրկիտ մշակման։ 

Այս համատեքստում պետությունը կարող է մշակել նաև ֆերմերներից գյուղմթերքի պետական գնումների ծրագիր, օրինակ՝ պետական պահուստի համար։ Մինչ աշուն նախապատրաստել հստակ առաջարկներ՝ ֆերմերային տնտեսությունների ուղիղ սուբսիդավորման համար, հիմնականում՝ առավել բարդ տարածաշրջաններում՝ սերմնացուի, վառելիքի, պարարտանյութի մասով։

Պետք են ոչ ստանդարտ լուծումներ, որպեսզի հնարավոր լինի առավելագույն թվով մարդկանց ներառել գյուղատնտեսական աշխատանքներում։

Մեկ այլ կարևոր դիտանկյուն. գյուղատնտեսությունը Հայաստանում ոչ ամենուր է եկամտաբեր, բայց այսօր այն բազմաթիվ ընտանիքների համար օբյեկտիվորեն հանդիսանում է եկամտի միակ աղբյուրը, և պետությունը սա պետք է հաշվի առնի։

Այս բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն երկու ռազմավարական խնդրի լուծմանը.  առաջինը՝ ապահովել աշխատանքով և այդ կերպ լուծել հարյուր-հազարավոր մարդկանց ապրուստի խնդիրը, և երկրորդը՝ երկիրն առավելագույնս ապահովել գյուղմթերքով՝ թուլացնելով ներմուծվող պարենից կախվածությունը։ Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերը գուցեև կարող են թեթևացնել գյուղացու ֆինանսական բեռը, սակայն որևէ կերպ չեն խթանում գյուղմթերքի արտադրության ընդլայնումը։ Այստեղ արժե մեջբերել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի զգուշացումը՝ «անհապաղ ընդունել սննդի անվտանգության ապահովման միջոցառումներ՝ խուսափելու համար զանգվածային սովից»։ Սա զգուշացում է նաև մեզ։

 

Երրորդ․ Բնակչության զբաղվածության տեսանկյունից տնտեսության ո՞ր ճյուղերի վրա է պետք առավելագույն ուշադրություն դարձնել

– թեթև արդյունաբերություն․ առավելագույնս ընդլայնել տեքստիլի, կարի արտադրությունը։ Հասկանալ, թե ինչպես արագ և ռացիոնալ ձևով կոշիկի արտադրությունը դարձնել Հայաստանում առաջատարներից մեկը։ Մենք ժամանակին լավ դպրոց ենք ունեցել, իսկ վերջին տարիներին այդ ոլորտում եղել են դրական տեղաշարժեր, բայց կառավարությունն այսօր պետք է սկսի ինտենսիվ խթանել ոլորտի զարգացումը։ 

– ոսկերչություն, ադամանդի վերամշակում։ Այս ճյուղը ժամանակին զարգացման մեծ տեմպ էր հավաքել, հետո աստիճանաբար կորցրեց գրավչությունը։ Այն կարող է կարճ փուլում ապահովել մեծ թվով աշխատատեղեր։ Պետք է արագ պայմանավորվել հումքի մատակարարների հետ (այստեղ հիմնական գործընկերը լինելու է Ռուսաստանը) և վերականգնել հին կապերը, աշխատանքի խողովակները։ Պետք է կազմել պետական ծրագիր՝ մասնագետների վերապատրաստման համար։ Համաճարակով պայմանավորված՝ այս ոլորտում աշխարհով մեկ ճգնաժամ է, բայց իրավիճակը միանշանակ վերականգնվելու է, և պետք է պատրաստ լինել այդ վերականգնմանը։ 

– ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ․ սա շատ կարևոր է երիտասարդ մասնագետների համար։

Չորրորդ․ Երբ իմ նախորդ հոդվածում ես վկայակոչում էի Հարավային Կորեայի հաջողված օրինակը, ոմանք կենտրոնացան այդ ահռելի հաջողված փորձի միայն մեկ դրույթի վրա՝ ընտանեկան բիզնես-կոնգլոմերատների։ Ուզում եմ ճշգրտում մտցնել.

Կորեայում  տնտեսության աճն ու հաջողությունները ձեռք են բերվել մարդկանց շնորհիվ։ Ահռելի ջանքեր և ռեսուրսներ են ներդրվել մարդկային ներուժի զարգացման համար, այդ թվում՝ կրթական և առողջապահական համակարգերի միջոցով, որպեսզի այդ հետամնաց, ագրարային երկիրը վերածվի զարգացած ինդուստրիալ պետության։ Այս առումով ուզում եմ կրկնել այն, ինչ միշտ պնդել եմ. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն կրթության և առողջապահության ոլորտներում։ Բայց դրա համար անհրաժեշտ է գաղափարներ գեներացնելու ընդունակ որակյալ թիմ, անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ կլինեն ապահովել ծրագրերի իրականացումը և, վերջապես, պետք է կարողանալ ներգրավել ճիշտ գործընկերների։

Առկա «նորհայաստանյան» մթնոլորտում կարող է միտումնավոր կերպով անտեսվել փաստն առ այն, որ այսօրվա երիտասարդության նախընտրած կրթական կենտրոնները՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, ԹՈւՄՈ, Հայ-ռուսական սլավոնական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, Դիլիջանի միջազգային դպրոց, Այբ, Քվանտ և այլն, իրականություն են դարձել մեր պատմության նախորդ, այսօր հանրության մի մասի կողմից հակասական ընկալվող պատմական ժամանակներում։

Հինգերորդ․ Սահմանափակումներ մտցնել գործունեության որոշ տեսակների վրա, որոնք չեն խթանում ընդհանուր աշխատունակությունը և այլասերում են աշխատանքային ու մարդկային առողջ մթնոլորտը։ Այդպիսիք են, օրինակ, օնլայն ազարտային խաղերն ու տոտալիզատորները՝ հաշվի առնելով, որ, որոշ ուսումնասիրությունների համաձայն, մեր երկիրը բնակչության մեկ շնչին ընկնող խաղադրույքների քանակով ողջ աշխարհում առաջատարների մեջ է։ Այդ գումարները պետք է մնան ընտանիքում և ներքին սպառողական պահանջարկը խթանեն։ Անհանգստացնում են ալկոհոլի օգտագործման աճող ցուցանիշները։

Միջազգային հետազոտությունները վկայում են Հայաստանում ագրեսիվության գործակցի՝ խիստ բարձր լինելու մասին (Գելլափ, 2019): Ի՞նչ եք կարծում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ վերջերս խրախուսված արշավը նպաստո՞ւմ է երկրում հանդուրժողականության և խաղաղության մթնոլորտի հաստատմանը։ Ամեն ինչ մի կողմ, բայց տարրական գիտակցում էր պետք այն բանի, որ դա ազդում է հասարակ հավատացյալ մարդկանց զգացմունքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում, որոնք շատ ավելի շատ են, քան՝ չարախոսներն ու քննադատները։ Այս ամենը տնտեսական զարգացման և կայունության համար ստեղծում է բացասական նախապայմաններ՝ որևէ կերպ չնպաստելով դրական սպասումների ձևավորմանը ինչպես բնակչության, այնպես էլ արտաքին գործընկերների մոտ։

Հետևելով վերջին օրերին մեր հասարակության ներսում ծավալվող քննարկմանը՝ գալիս եմ այն եզրակացությանը, որ երկրում դեպրեսիվ տրամադրությունների աճի մասին նախորդ տարեվերջին արած իմ դիտարկումները, ցավոք, սկսում են արդարանալ։ Սա խիստ դեստրուկտիվ և ապակայունացնող, խիստ վտանգավոր գործընթաց է։

Քանի դեռ աշխարհը փակ է, երկրներն ինքնամեկուսացած են, և Հայաստանը, բառիս բուն իմաստով, ցամաքով, օդով փակված է, մենք իրոք նման ենք նավի, որը չգիտե, թե երբ է հասնելու ցամաք։ Մենք պետք է ապրենք այդ մեծ նավի հոգեբանությամբ, երբ պարզապես պետք է արգելվեն արհեստական լարվածությունը, կոնֆլիկտայնությունը, բարիկադավորումը։ Մենք պետք է գրագետ կառավարենք նավի վրա ունեցած մեր սահմանափակ ռեսուրսները, իսկ այդ ռեսուրսների թվում է նաև մարդկային փոխօգնության, հանդուրժողական պահվածքի և դրական սպասումների պոտենցիալը, որի կարևորությունը ճգնաժամային իրավիճակներում երբեք չարժե թերագնահատել։ Սա առաջին հերթին պետք է հասկանա և այդ տրամաբանությամբ շարժվի իշխանությունը, որովհետև կառավարման ղեկը և հետևանքների պատասխանատվությունն իրենն են։ 

Ամփոփելով. անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր առաջարկներ, մեկնաբանություններ և անգամ առարկություններ են հայտնել վերջին շրջանում իմ կողմից հրապարակվող հոդվածների շուրջ։ Սա նշանակում է, որ անգամ այսօրվա Հայաստանի հակասական մթնոլորտում հնարավոր է ունենալ հետաքրքիր և բովանդակային քննարկում։ Ենթադրում եմ, որ դրա պատճառն առաջին հերթին թեմաներն են, որոնք հուզում են բոլորին, և առարկայական, գործընկերային խոսակցության բնույթը, որը շարունակելու եմ իմ հաջորդ հրապարակումներում։

Ինձ ոմանք հարցնում են, թե ինչո՞ւ եմ ես այս առաջարկները հրապարակայնացնում։ Պատասխանում եմ հստակ․ ես կարող եմ տարանջատել պետության շահը ցանկացած իշխանության շահից, վերջինս միշտ ժամանակավոր է։ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք տիրապետում են երկրի ռազմավարական խնդիրներին և պատկերացնում են դրանց հնարավոր լուծումները։ Դուք գուցե զարմանաք, բայց Հայաստանում կան մարդիկ, որոնց թե՛ մինչև համաճարակը, թե՛ առավել ևս համաճարակի փուլում խորհրդատվական աջակցության համար դիմում են այլ պետությունների կառավարություններին և միջազգային խոշոր կազմակերպություններին։ Նրանք բոլորը, վստահ եմ, պատրաստ են առանց որևէ անձնական շահի ներգրավվել Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու գործում։

Եւ վերջինը: Կորեական մոդելի օրինակը բերելուց հետո ոմանք զարգացրին մի տեսություն, թե ես գործարք եմ առաջարկում այսօրվա իշխանություններին։ Պարզունակ տեսություն է, և զարմանալի չէ, քանի որ գալիս է նրանցից, ովքեր իրենք են միշտ գործարք առաջարկել ուրիշներին: Եթե երկրի համար դժվար պահին օգնելու բնական ձգտումն այդքան դժվար է հասկանալ, ապա մենք գտնվում ենք պարզապես տարբեր հարթություններում։

Հ․Գ․ Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովը մի շարք հայտարարություններ արեց, որոնք, մեղմ ասած, փոթորկեցին Հայաստանի հանրությանը։ Իմ վերջին հոդվածում ես խոսել եմ այն պոտենցիալ ռիսկերի մասին, որոնք կարող են տեղ գտնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ցավոք, դրանք դառնում են ակնհայտ։ Ստիպված եմ արձանագրել, որ գործող իշխանությունների որոշ քայլեր ստեղծում են մի իրավիճակ, երբ նրանք ոչ միայն կորցնում են իրենց աջակիցներին երկրի ներսում, այլև վանում են ավանդական արտաքին դաշնակիցներին Հայաստանից։ Որպես սրա տրամաբանական և ցավալի հանգրվան՝ մենք կարող ենք մնալ մենակ՝ բոլոր ներքին և արտաքին մարտահրավերների առջև։   

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ