07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վայոցձորցիներն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

 Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումներն այսօր շարունակվել են Եղեգնաձոր քաղաքում: Վայոց Ձորի մարզպետարանի դահլիճում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկաներին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթներն են ներկայացրել ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Վարդան Պողոսյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշել է, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան եւ այլն: Ըստ նրա՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների:  «Պետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը»,- ասել է Վարդան Պողոսյանը:

Խոսելով տեղական ինքնակառավարման մասին` նա նշել է, որ հայեցակարգը որոշակի առաջարկներ է պարունակում համայնքների խոշորացման առումով: Մասնավորապես  առաջարկվում է համայնքների ուժեղացում`մեծացնելով ավագանու դերակատարությունը: «Մեր նպատակն է ներկայացնել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք սահմանադրական լուծումների անհրաժեշտություն ունեն: Կքննարկենք այդ կոնցեպցիան` հաշվի առնելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները»,-նշել է նա: Ըստ հանձնաժողովի անդամի` գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ լիարժեք ապահովել կենսունակ տեղական ինքնակառավարման համակարգ, որը կնպաստի ժողովրդավարական կառավարման ձեւի  ամրապնդմանը:

Գեորգի Կուտոյանի խոսքով՝ Սահմանադրությունը սահմանում է կայուն իրավահարաբերություններ, այն ուղղված է կայունության ամրապնդմանը: Նա պարզաբանել է, որ պառլամենտական կառավարման ձեւին անցնելու հարցը դեռեւս քննարկման փուլում է՝ հավելելով, որ այն շատ դրական կողմեր ունի: Խոսելով միջհամայնքային միավորումների մասին՝ նա նշել է, որ դա արվելու է հանրային շահերից բխող հանրային ծառայություններ մատուցելու նպատակով:

Քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Վարդան Պողոսյանը նշել է, որ հանրային քննարկման համար  չափազանց կարեւոր են քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները եւ բոլոր նրանք, ովքեր ունեն որոշակի առաջարկություններ, կարող են դրանք ներկայացնել հանձնաժողովին ոչ միայն բանավոր, այլեւ՝  գրավոր: Հարցին, թե ինչպիսին պետք է լինի հանրային գերակա շահի եւ մարդու իրավունքների միջեւ հարաբերակցությունը,  Վ. Պողոսյանը պատասխանել է, որ սահմանադրափիլիսոփայական տեսանկյունից հանրային շահը չպետք է գերակայի մարդու իրավունքների հանդեպ: Դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չվնասեն մարդու իրավունքները:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաներին հուզող հարցերին:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկման մարզային փուլի վերջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին ժամը 10:00-ին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ