Արամայիս Գրիգորյանը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Մարզպետարանում խորհրդակցություն անցկացնելու փոխարեն նախարարը նախընտրել է այցելել մարզի հանքարդյունաբերական ընկերություններ եւ տեղում ծանոթանալ տիրող իրավիճակին: Այցի շրջանակներում Արամայիս Գրիգորյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ եղել է “Ախթալայի ԼՀԿ” ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում եւ “Թեղուտ” ՓԲԸ-ում:
“Ախթալայի ԼՀԿ” ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում նախարարը նշել է շրջակա միջավայրի համար բնապահպանական խնդիրներ առաջացնող մի շարք թերացումներ եւ ընդգծել, որ այսուհետ բոլոր խախտումները խստիվ պատժվելու են` հետագայում պատասխանատու եւ բարեխիղճ հանքարդյունաբերություն ունենալու ակնկալիքով: Նախարարը նաեւ լսել է ազդակիր համայքների ղեկավարների մտահոգություններն ու դժգոհությունները, հավաստիացրել, որ ինքը բնակիչների կողքին է եւ հետեւողական է լինելու հանքարդյունաբերող ընկերությունների կողմից բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման հարցերում:
Ընկերության տնօրինության ներկայացուցիչը վստահեցրել է, որ տնօրինությունը պատրաստ է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները եւ պատասխանատու կերպով շարունակելու հանքի շահագործումն ու պոչամբարի, պոչատարի շահագործման եւ կոնսերվացման աշխատանքները: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ հետեւելու է խնդիրների կարգավորման ընթացքին եւ ակնկալում է, որ պատշաճ կերպով Նախարարության փորձաքննությանը կներկայացվի պոչամբարի փակման եւ ռեկուլտիվացիայի ծրագրի նախագիծը:
Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող “Թեղուտ” ՓԲԸ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարն այցելել է լեռնահանքային համալիրի ապագա պոչանքային տնտեսության հիմնական կառույցներ, մասնավորապես՝ ապագա պոչամբարի առաջնային պատվարի, երկրորդային պարզեցման ավազանի եւ արտադրական ջրի փակ շրջանառությունը սպասարկող պոմպակայանի տարածքներ, նախամեկնարկային պատրաստականության աշխատանքների փուլում գտնվող լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման եւ ֆլոտացման բաժանմունքներ, կառուցվող բացահանք եւ լցակուտային տնտեսություն: Այցելության բոլոր օբյեկտներում շահագործող ընկերության ներկայացուցիչները լրացուցիչ պարզաբանումներ են ներկայացրել տվյալ արտադրական օղակի գործառնության առանձնահատկությունների վերաբերյալ:
Ամփոփելով ստուգայցը` Արամայիս Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ջրի փակ շրջանառու համակարգով հանքարդյունաբերության իրականացումը եւ նշել. “Մենք ականատես եղանք նորագույն տեխնոլոգիաներով, միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպվող հանքարդյունաբերության: Սեփականատերերը մինչ այժմ իրականացրել են իրենց նախնական խոստումները, հուսով եմ, որ հետագայում խնդիրներ չենք ունենա: Բնապահպանական խնդիրների առումով մենք հետեւողական ենք լինելու բնությանը հասցված վնասների վերականգնման աշխատանքների իրականացման ուղղությամբ”:
Այցի ավարտին Արամայիս Գրիգորյանն այցելել է Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող Ստեփանավանի դենդրոպարկ: Բարձր գնահատելով դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի ներդրումը պարկի պահպանության, զարգացման եւ մեծ ժողովրդականություն վայելող հանգստավայր դարձնելու գործում` Արամայիս Գրիգորյանը շնորհակալագիր է հանձնել վերջինիս եւ նշել. “Դուք մեզ համար անգնահատելի մասնագետ եք, ես շնորհակալ եմ դենդրոպարկի նկատմամբ ցուցաբերած Ձեր հոգատարության եւ նվիրվածության համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք` նույնպիսի եռանդով աշխատելու եւ մեր հասարակությանը մեծ օգտակարություն բերելու համար”:
Այցի ավարտին աշխատանքային խումբը` նախարար Արամայիս Գրիգորյանի եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել ներկայիս տնօրեն Վիտալի Լեոնովիչի հոր` դենդրոպարկի հիմնադիր Էդմոնդ Լեոնովիչի հիշատակին կանգնեցված տապանաքարին` բարձր գնահատելով այս ընտանիքի ներդրումը մեր երկրի հարուստ բնաշխարհի պահպանության գործում: