21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից

        Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին եւ արդյունքներին ծանոթանալու նպատակով:

     Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի եւ առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը Գյումրու Մուշ 2 թաղամասում բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության պատասխանատուներին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել արձանագրված մանր թերությունները։ Բնակիչներին հուզող մեկ այլ կարեւոր խնդիր էր նաեւ սեփականության վկայականների տրամադրումը բնակարանատերերին: Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ հարցի վերաբերյալ որոշում կընդունվի մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ընթացքում:

Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել իրականացված բնակարանաշինության արդյունքներից՝ ընդգծելով. “Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008 թ. սկսած 81 մլրդ 500 մլն դրամին համարժեք ներդրում է իրականացվել Գյումրի քաղաքում: Ես տեսել եմ 2005-2006թթ. պատկերը՝ այն տնակների բանակը, որ կար Գյումրիում:Այսօր այս հարցը լուծված է, սակայն այնպես է ներկայացվում, կարծես ոչինչ չի արվել: Դուք ինքներդ ականատես եղաք, որ դժգոհությունն ասֆալտի որակից էր, կամ մի քար էր պոկվել ճակատային մասից, կամ ինչ-որ տեղ ջուր է կաթում: Եսհանձնարարեցի, որ այդ թերությունները շինարարները շատ արագ վերացնեն, իսկ հսկողությունը կիրականացնեն ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Շիրակի մարզպետարանըեւ Գյումրու քաղաքապետարանը: Ամեն դեպքում շինարարության որակը գնահատում եմ լավ, քանի որ, իրոք, գործ արվել է: Այժմ մնում է սեփականության վկայականների խնդիրը լուծել: Մենք հիմա կվերադառնանք մարզպետարան եւ այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնենք”:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ Գյումրիում նոր բնակարանների կառուցման խնդրին. “Մենք պետք է քննարկենք 430 նոր բնակարանի շինարարության հարցը, որովհետեւ այստեղ կան ազատ բնակարաններ, միգուցե այլ տարբերակ ընտրենք, իսկ եթե ոչ, ապա շենքը կկառուցենք: Եթե եղավ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագիրը, կփորձենք այն իրականացնել, եւ եթե կան ազատ բնակարաններ, նորը կառուցելն անիմաստ է: Բայց անպայման հարցին լուծում կտանք եւ մարդիկ բնակարան կունենան”:

Պատասխանելով այսօր իր պաշտոնավարման 100 օրը լրանալուն վերաբերող հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. “Գնահատականը պետք է տա հանրությունը, մեր գործընկերները: Պետք է հասկանալ, որ մենք չենք կարող 100 օրում բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց մեր թիմը՝ նոր կառավարությունը, անում է ամեն ինչ այդ ուղղությամբ: Դրա համար ժամանակ եւ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Մեր մոտեցումը հետեւյալն է՝ կոնկրետ հարցին տալ կոնկրետ  լուծում, ոչ թե անընդհատ քննարկել: ՀՀ կառավարության  ծրագրում հստակ ներկայացվել են մեր թիրախները եւ առաջնահերթությունները: Մեզ համար առաջնահերթությունը մեր քաղաքացին է եւ նրան բարեկեցիկ կյանքով ապահովելը”:

      Հաջորդիվ Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի հետագա ընթացքը, ինչպես նաեւ բնակիչներին հուզող խնդիրները:  Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ Գյումրիում բնակարանատերերին սեփականության վկայագրեր կտրամադրվեն մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ նոր բնակարանների կառուցման առնչությամբ վարչապետը հանձնարարել է Լոռու եւ Շիրակի մարզպետներին, Գյումրու քաղաքապետին հանդիպել բնակիչներին, քննարկել նրանց համար ընդունելի տարբերակը (ԲԳՎ, թե բնակարան) եւ մեկ շաբաթվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ անձամբ հետեւողական է լինելու ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը:

        Հովիկ Աբրահամյանի՝ Շիրակի մարզ աշխատանքային այցի վերջին կանգառը Ազատան համայնքն էր: Վարչապետը շրջել է գյուղի մանկապարտեզի նորակառույց շենքում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին եւ հարմարություններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն ՀՀ դրամ, որից 240 մլն ՀՀ դրամը հատկացվել է 2012 եւ 2013 թթ. ՀՀ կառավարության՝ հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների 3-րդ եւ 4-րդ ծրագրերով, իսկ 130 մլն դրամը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:

Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագիրը մեկնարկել  է 2008 թվականին: Ծրագրի շահառու է ճանաչվել 5313ընտանիք, որից՝

  • 61 ընտանիքի 2008-2009 թթ. տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով
  • 321 ընտանիքի՝ ուղղակի ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրին 3 մլն դրամի չափով  
  • 3693 ընտանիքի հատկացվել է բնակարան (բնակելի տուն)` կառուցված 2009-2013 թթ.:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ